Անձի երկվության ֆենոմենը
2020 թվականի օգոստոսին այդ անձը Սարդարապատի հուշահամալիրում հայոց բանակը համարում էր տարածաշրջանում ամենաուժեղը: Առիթը, հիշեցնեմ, դրանից մոտ մեկ ամիս առաջ Տավուշի դիրքային հաջողված մարտն էր: Բայց իշխանության գալու պահից այնպիսի քաղաքականություն էր վարում, որը պետք է հանգեցներ պատերազմի: Ինչն անհրաժեշտ էր, որպեսզի կյանքի կոչվեր բազմահազար զոհերի գնով Արցախից ձերբազատվելու ծրագիրը: Այն, համենայն դեպս, առկա էր դեռևս 2019 թվականի աշնանը: Ինչի վկայությունն ազգությամբ հրեա, բլոգեր Լապշինի կողմից հենց այդ ժամանակ լրագրող Նաիրի Հոխիկյանին դրա մասին հայտնելն էր: Ինչպե՞ս է հնարավոր, որպեսզի երկրի ղեկավարը փորձի միաժամանակ իրագործել միմյանց հակադիր երկու քաղաքականություն: Ենթադրաբար, այս հարցը պետք է հետաքրքրել ոչ միայն ինձ, այլև մտածելու ունակ բազմաթիվ այլ անձանց: Դրա մասին նույնիսկ մի քանի հոդված եմ գրել «Հրապարակ»-ում:
Հարցի պատասխանն ավելի քան հստակ է՝ հնարավոր է միայն անձի երկվության դեպքում: Դա այնպիսի հիվանդություն է, որի առկայության պարագայում անձը կատարում է իրարամերժ քայլեր ու գործողություններ: Ու երկու դեպքում էլ գործում է անկեղծ, և նրան չի լքում այն համոզմունքը, որ ինչ անում է՝ անում է ճիշտ: Արդեն որերորդ անգամ վերհիշենք 44-օրյա պատերազմից 10 օր առաջ նրա ֆեյսբուքյան ընդարձակ գրառման վերնագիրը՝ «Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ»: Ինչևէ, այդ անձանցից մեկն, օրինակ, խոստանում էր մայրաքաղաքի Հանրապետության հրապարակը վերածել հայաստանյան ագորայի, մյուսը գաղտնի է պահում իր ոչ միայն մտադրությունները, այլև կատարած գործողությունները: Մեկը խոսում էր ժողովրդավարությունից ու մասնակցային կառավարումից (նույն ագորան), մյուսը, դրա հնարավորությունն ունենալով՝ երկրում հաստատում է բռնապետություն: Մեկը դեռևս 10 տարի առաջ էր խոստովանել, որ Արցախը Հայաստանի Հանրապետության համար համարում է բեռ, մյուսն այնտեղ 2019-ին բացականչում էր, որ Արցախը Հայաստան է (և վերջ):
Ավարտելով անձի երկվության օրինակներ մեջբերելը՝ ասեմ, որ այն հոգեկան հիվանդության տարատեսակ է: Ընդ որում, անձի երկվություն ասելով նկատի են ունենում նաև նույն անձի մեջ մի քանի (երբեմն մեկ-երկու տասնյակ) առանձին անձերի գոյությունը: Դրանցից յուրաքանչյուրը գործում է ինքնուրույն՝ առանց կախում ունենալու մյուսներից: Միաժամանակ, առանց գիտակցելու մյուսների առկայությունը: Բայց որքան հիշում եմ, նման տեսակի հիվանդություն առկա չի եղել եվրոպական երկրների ղեկավարների շրջանում: Չնայած եղել են երկու-երեք տասնյակ ինքնակալներ, որոնք տառապել են խելագարության այս կամ այն տարատեսակով: Բայց որքան տեղյակ եմ, դրանցից ոչ մեկի թագավորելը չի հանգեցրել այնքան արհավիրքների, որքան մեր հակահերոսի կառավարումը:
Որպեսզի հոդվածը չավարտեմ բացասական նոտայով՝ ավելացնեմ, որ մեր հակահերոսի խոսույթում (դեռևս միայն այդտեղ) կարծես թե նշմարվում է ադեկվատության որոշակի ծլարձակում: Նա արդեն սկսել է գիտակցել, որ խաղաղությունը միայն թղթով հնարավոր չէ ապահովել: Արդեն խոսում է այդ նպատակով սպառազինության ձեռքբերման անհրաժեշտության մասին: Չնայած միաժամանակ շեշտում է թուղթ ստորագրելու առաջնայնության մասին: Բայց 44-օրյա պատերազմում իր հրամանատարությամբ խայտառակ պարտությունից հետո շուրջ երեք տարի բացարձակ չէր հիշատակում սպառազինության անհրաժեշտությունը:
Չէր ընդունում նաև սահմաններում ամրաշինական աշխատանքներ կատարելու անհրաժեշտությունը: Եվ երբ ընդդիմադիրները հիշեցնում էին դրա մասին, պատասխանում էր, թե դրանք արվում են այնպես, որպեսզի տեսանելի չլինեն ո՛չ ադրբեջանցիներին և ո՛չ էլ իր ընդդիմադիրներին: Ճիշտ այնպես, ինչպես ներկայացված է Հանս Քրիստիան Անդերսենի «Թագավորի նոր զգեստը» հեքիաթում: Հույս ունենանք, որ նախքան մեր պետության կործանվելը մեր հակահերոսը կգիտակցի, որ խաղաղության հաստատման և պահպանման առաջնային գործոնը պատերազմին պատրաստված լինելն է: Եվ ոչ թե թղթի կտորի առկայությունը, որն արժեք ունի միայն որպես թանգարանային նմուշ:
Կարծիքներ