Գյուղի ամեն ընտանիքից մեկը ամբաստանյալի կարգավիճակ ունի. մեկնարկել է դատավարությունը

Գյուղի ամեն ընտանիքից մեկը ամբաստանյալի կարգավիճակ ունի. մեկնարկել է դատավարությունը

Գորիսի առաջին ատյանի դատարանում մեկնարկել է մեր ժամանակների ամենաաբսուրդային դատական գործերից մեկը: Սյունիքի Ներքին Խնձորեսկ գյուղում, որտեղից թուրքն ընդամենը 600 մետրի վրա է, ապրում է 36 ընտանիք, ու այդ 36-ից 28 ընտանիքի տղամարդիկ այսօր ամբաստանյալի կարգավիճակ ունեն, և նրանց սպառնում է 2-7 տարի ազատազրկում։ Սեփական համագյուղացիներին դատի է տվել Ներքին Խնձորեսկի նախկին գյուղապետ Մարտուն Արզանյանը։

Աղմկահարույց թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է փաստաբան Էմին Բեգլարյանի հետ։  

-Պարոն Բեգլարյան, Դուք ներքինխնձորեսկցիների փաստաբանն եք, ի՞նչ գործով եք հանդես գալիս` որպես պաշտպան։

- Ես նրանց պաշտպանում եմ ինքնիրավչության մեղադրանքով, որն արդեն դատարանում է գտնվում։ Հողերի մեղադրանքով եմ ես իրանց շահերը ներկայացնում։ Գործն արդեն դատական քննության փուլում է, նախորդ դատական նիստի նախապատրաստական մասն ավարտել ենք։
Գյուղացիներն ինձ դիմել են նախաքննության ավարտման պահին, երբ որ գործն արդեն ուղարկվում է դատարան։ Գործով 29 հոգին ունի ամբաստանյալի կարգավիճակ, 1 հոգի նախաքննության ընթացքում մահացել է,որի վերաբերյալ այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել է։ Մնացածի մասով գործն ուղարկվել է դատարան։ Ներքին Խնձորեսկում, եթե չեմ սխալվում, շուրջ 30 ընտանիք է ապրում, այս պահի դրությամբ ամեն ընտանիքից, ամեն տնից մեկն ամբաստանյալի կարգավիճակ ունի, որը կապված է նախկին գյուղապետի կողմից համայնքային ենթակայության հողատարածքների մի մասը սեփականաշնորհելու, մյուս մասը վարձակալության հիմունքներով տնօրինելու հարցի հետ: Ամբողջ խնդիրն այն է, որ հողատարածքների մի խոշոր հատված՝ աճուրդային կարգի խախտմամբ, գյուղապետը սեփականաշնորհել է իր ու մերձավոր անձանց անուններով։ Այդ մասով քրեական գործ կա հարուցված՝ սեփականաշնորհումների, ինչպես նաև գյուղացիների հաղորդման հիման վրա՝ մեկ այլ քրեական գործ է հարուցված, եթե չեմ սխալվում, գյուղապետի մասով մի վարույթում էլ քննվում է․ խոսքն Ազատամարտիկների հուշարձանի մասին է, որը, ըստ գյուղացիների, համայնքի բյուջեից շուրջ 2 միլիոն դրամ է դուրս գրվել, որպեսզի Ներքին Խնձորեսկում ազատամարտիկների պուրակ կա, այդ պուրակը բարեկարգվի։ Սակայն որևիցե աշխատանք չի կատարվել, և, ըստ էության, ոչ գումարը կա, ոչ էլ պուրակը։ 

Հողատարածքների մասով էլ դատական քննության փուլում ենք։ Այսօր հերթական դատական նիստն է նշանակված, ապացույցներ ենք հետազոտելու։ Ըստ մեր գնահատման՝ հանցակազմի մասին չի կարող խոսք գնալ, քանի որ, տեսեք` ինչ է տեղի ունենում․ ըստ գյուղացիների՝ այս վիճելի հողատարածքները, որ կան, գյուղապետը ցանկանում է տարածքներում, օրինակ՝ ցորեն ցանի, խոտ հնձի, գյուղացիները չեն թողնում, և հնձված ցորենն այս պահի դրությամբ ամբարված է գյուղապետի կողմից նշված անձի պահեստում, այսինքն՝ կազմվել է համապատասխան արձանագրություն, որին ներկա են եղել և գյուղի բոլոր բնակիչները, ոստիկանության աշխատակիցները, ինչպես նաև նախկին գյուղապետը։ Եվ ցորենը պահեստավորել են, այդպես էլ նշված է՝ մինչև որ այս վիճելի տարածքների հարցը վերջնական լուծում չստանա։ Հետեւաբար, գյուղացիներին իրավչության մեջ մեղադրելն անհիմն է, քանի որ այդ ամեն ինչը փոխադարձ համաձայնությամբ է տեղի ունեցել։

- Ի՞նչ կլինի, եթե դատարանը մեղավոր ճանաչի այդ 28 հոգուն։

-Տեսեք, թե ինչ կարևոր խնդիր կա։ Ուրեմն, դատական նիստի ժամանակ գյուղը դատարկվում է։ Բոլորիս է հայտնի, որ վերջին իրադարձություններից հետո Ներքին Խնձորեսկն արդեն սահմանամերձ է, ցավոք սրտի։ Դատական նիստերի ժամանակ, կարելի է ասել, գյուղում չափահաս տղամարդ չի լինում, բոլորը ստիպված ներկայանում են դատական նիստի։