Իշխանությունները «հանձնում» են Արցախը, իսկ Ալիխանյանն այնտեղ ճեմարան է բացում

Իշխանությունները «հանձնում» են Արցախը, իսկ Ալիխանյանն այնտեղ ճեմարան է բացում

Այս տարվա մայիսի 7-ին Երեւանում «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանը, Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի նախաձեռնությամբ եւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի բարձր հովանավորությամբ, կնքեց համագործակցության հուշագիր, որով նախատեսվում է Արցախում բացել Շիրակացու ճեմարան։ Ճեմարանը պետք է գործի եւ իր առաջին սաներին ընդունի արդեն այս տարվա սեպտեմբերից։ Փաստորեն, Արցախի համար բախտորշ այս շրջանում, երբ ՀՀ իշխանությունները բացահայտ խոսում են Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու գործընթացի մասին, եւ շատերն անգամ խուսափում են Արցախ մեկնելուց, Աշոտ Ալիխանյանն Արցախում գիտակրթական ներդրում է իրականացնում՝ դեմ գնալով հակաարցախյան քաղաքականությանը։

«Սրանով ես կարծում եմ, որ մեր անկախության հռչակագիրն աստիճանաբար սկսում ենք իրականացնել։ Ժամանակին մարդիկ չարեցին՝ ինձ համար անհասկանալի պատճառներով, իսկ սա հրաշալի օրինակ է, ինձ թվում է, իրականացնելու վերջապես մեր միացման հռչակագիրն ու մեր հայրենիքը միասնական տեսնելու»,-մեզ հետ զրույցում ասաց Աշոտ Ալիխանյանը՝ նշելով, որ Արցախում ոչ թե Շիրակացու ճեմարանի մասնաճյուղն են բացում, այլ առանձին դպրոց, նույնիսկ ավելի առաջադեմ ծրագրով ու նոր մշակույթով։ Նրա խոսքով՝ Արցախում Շիրակացու ճեմարան բացելու առաջարկը եղել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի կողմից, որը ցանկություն է հայտնել Արցախում եւս ունենալ նման կրթահամալիր, ինչին Ալիխանյանը սիրով համաձայնել է եւ ուրախ է, որ այս հարցում նույն գաղափարները կիսում է նաեւ Արցախի նախագահը։

- Հայաստանի իշխանությունները, մի կողմից, բանակցում են Արցախը վերջնականապես Ադրբեջանի մաս ճանաչելու շուրջ, եւ երեկ Շառլ Միշելը տարածված հայտարարության մեջ խոսում էր «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքների ու անվտանգության» ապահովման մասին, բնականաբար՝ Ադրբեջանի կազմում, իսկ, մյուս կողմից, Դուք Արցախում դպրոց եք բացում։ Այդ ռիսկը գնահատե՞լ եք։

- Ես սա ռիսկ չեմ համարում, ճիշտն ասած, ես սա համարում եմ բոլորիս նպատակը, բոլորիս խնդիրն այսօրվա։ Ի՞նչ ռիսկ։ Ռուսը մի ասացվածք ունի, որ եթե գայլերից վախենում ես, անտառ չպիտի մտնես։ Չհասկացա, էդ ե՞րբ մեր Արցախը մեր հայրենիքը չի եղել որ։ Էս 30 տարի է՝ մենք ամեն ինչ անում ենք, որ Արցախը հզորանա, բայց, ցավոք սրտի, երեւի ամեն ինչ չէ, որ կարողացել ենք անել եւ անում ենք: Ընդհանրապես բան էլ չենք արել՝ հիմա եկել եմ էդ եզրակացությանը էս պատերազմից հետո, ես հասկացել եմ, որ մենք միայն վնաս ենք տվել Արցախին։ Հիմա վերջապես պետք է խելքի գանք, ուշքի գանք եւ ամեն ինչ անենք Արցախի համար։

- Դուք Արցախի նախագահից երաշխիքներ ստացե՞լ եք, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, հետեւաբար նաեւ Ձեր բացած դպրոցը վաղը չի հայտնվելու Ադրբեջանի կազմում։

- Էդպիսի երաշխիքների մասին անգամ մտքովս էլ չի անցել՝ խոսեմ, որովհետեւ այլ կերպ չեմ էլ պատկերացնում։ Ես չեմ էլ պատկերացնում, որ կարող է երբեւիցե փաստացի՝ ես իրավաբանորեն չեմ ասում, այլ փաստացի, Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Արցախցին ինքն էլ չի պատկերացնում դա, ոչ էլ ես եմ պատկերացնում։

- Իսկ Դուք պատկերացնո՞ւմ էիք, որ Արցախի 75 տոկոսը մի օր մերը չէր լինելու, օրինակ՝ Շուշին, Հադրութը, Քարվաճառը մի օր կհանձնվեին թշնամուն, եւ մենք այլեւս չէինք կարողանա տեսնել դրանք։

- (Լռություն)․․․ Չէ, ես շատ լավատես եմ եւ շատ օպտիմիստորեն եմ տրամադրված՝ ամեն ինչ հետ ենք բերելու, եւ Արցախում էլ նույնն եմ նկատում։ Երբ արցախցիների հետ խոսում ես, նրանք բոլորովին պարտվողական տրամադրություն չունեն։

- Մի քիչ ռոմանտիկ եւ շատ լավատեսական չե՞ն, արդյոք, Ձեր պատկերացումները, որոնք ոչ մի կերպ չեն համադրվում առկա իրողությունների հետ։

- Իսկ 90-ական թվականներին, երբ Մոնթեն, մյուս քաջերը գնացին Արցախ, նրանք ռոմանտիկներ չէի՞ն։ Իրենց ռոմանտիզմով հաղթեցին, իրենց քաղաքացիական կամքով հաղթեցին եւ մեր Արցախը վերադարձրին Հայաստանին։ Հիմա ի՞նչն է մեզ խանգարում, որ մեր այսօրվա սերունդն էլ դա անի։

- Փողոց դուրս եկած ընդդիմությունը, օրինակ, ասում է, որ խանգարում է գործող իշխանությունը, որը բանակցում է Արցախն Ադրբեջանին հանձնելու շուրջ։

- Երեսուն կամ արդեն երեսուներկու տարի շարունակ Երեւանում գտնվելով՝ մեր Երեւանի Շիրակացու ճեմարանը գրեթե նույն խնդիրների միջով է անցել, մշտապես ցանկացել են փակել, խանգարել, ով հասել՝ խոչընդոտներ է հարուցել, բայց մեր ճեմարանն իր քաղաքացիական դիրքորոշմամբ եւ գաղափարախոսությամբ բոլոր այդ իրավիճակներից հաղթանակած է դուրս եկել։ Հիմա ի՞նչն է խանգարում, որ նույնն էլ մենք Արցախում չանենք։ Եթե էդպես բոլորս պարտվողական տրամադրություններ ունենանք, ոչ մի բան էլ չի ստացվի։

- Իսկ արդեն պա՞րզ է, թե քանի դիմորդ է ունենալու Արցախում բացված ճեմարանը, Ստեփանակերտո՞ւմ է լինելու, թե՞ Արցախի որեւէ այլ քաղաքում, նույն վճարնե՞րն են գործելու, ինչ Երեւանում։

- Լրիվ անվճար է լինելու, Արցախի բյուջեում արդեն նախատեսված է այդ գումարը, եւ եթե հանկարծ բյուջեի հետ կապված փոքր խնդիրներ առաջանան, մենք պայմանավորվել ենք, որ չնչին վարձավճար կարող է պատահել՝ կողքից տրվի, դա կլինեն ծնողները, թե բարեգործները՝ հայտնի չէ։ Բայց առայժմ որոշումն էդպիսին է, որ լինելու է լրիվ անվճար։ Ընդունելության հայտարարությունը դեռ տրված չէ, բայց արցախցիների տրամադրվածությունը շատ բարձր է, շատ ոգեւորված են, որ Արցախում Շիրակացու ճեմարան է բացվելու, բայց պաշտոնական մեկնարկը դեռ չենք տվել։ Առայժմ կլինի էսպես՝ ավագ դպրոցից ենք սկսելու, կսկսվի 10, 11 եւ 12-րդ դասարաններից, հետո՝ տարեցտարի մեկ-երկու դասարանով կիջնենք, մինչեւ ամբողջական 12-ամյա դպրոց չունենանք։ Հիմա շենքի հարցն ենք փորձում շատ արագ լուծել, Արցախի իշխանությունները շենքով են զբաղված, որ տեսնենք՝ որ շենքում ենք դասերը սկսելու։