Ո՞վ է պատասխանատու` «Վեոլիա ջո՞ւրը», թե՞ համատիրությունը

Ո՞վ է պատասխանատու` «Վեոլիա ջո՞ւրը», թե՞ համատիրությունը

Տևական ժամանակ է, ինչ «Հրապարակի» խմբագրություն են դիմում Մովսես Խորենացի 12 շենքի բնակիչները, նշելով, որ շենքի ջրամատակարարումն անժամկետ ու պարբերաբար դադարեցվում է, իսկ «Վեոլիա ջուր»-ը չի տալիս որևէ հստակ և սպառիչ պատասխան: Մեզ դիմած քաղաքացիները պնդում են, որ ջրամատակարարման անջատումներն այնքան անսպասելի են լինում եւ այնքան տեւական, որ անգամ մեկ բաժակ խմելու ջուր չեն հասցնում վերցնել: Այսօր մեզ դիմած քաղաքացին նշում է, որ գրեթե 20 ժամ է, ինչ դադարեցվել է շենքի ջրամատակարարումը, սակայն առավել մտահոգիչ է, որ շենքի նկուղում իսկական ջրհեղեղ է սկսվել: 

«Հրապարակը» դիմեց նախ Կենտրոնի համատիրության ղեկավար Արթուր Արշակյանին` հասկանալու համար, թե ինչ է կատարվում Խորենացի 12 շենքի ջրամատակարարման հետ և ինչո՞ւ է շենքի նկուղը ջրի մեջ հայտնվել: Արշակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ շենքի ջրի խողովակներն այն աստիճան են մաշվել, որ ջուրը լցվել է շենքի նկուղ. «Խնդիրը «Վեոլիա ջրի» տիրույթում է, դիմել ենք նրանց, ասացին Կենտրոնում այլ տեղ վթար է եղել` Ռոսիայի մոտ, ավարտեն` կմոտենան»,– նշեց նա:

Մենք նաև դիմեցինք «Վեոլիա ջուր» ընկերության խոսնակ Զառա Նազարյանին, վերջինս մեզ հետ զրույցում, կիսասպառնալից տոնով, նախ նշեց, որ եթե մենք հրապարակենք խնդրի մասին, ինքը հարցին լուծում չի տա, ապա հավելեց. «Եթե ոչ մի հրապարակում չանեք, ես կհասկանամ ու հետ կզանգեմ ձեզ, հակառակ դեպքում թող մնան առանց ջուր, ես ի՞նչ ասեմ»: Ապա ասաց. «Խնդիրը շենքի ներքին ցանցում է, այսօր «Վեոլիայի» ներկայացուցիչը կհանդիպի համատիրության հետ, որպեսզի համատեղ լուծեն հարցը: Համատիրությունը կփոխի խնդրահարույց հատվածը, իսկ մենք կիրականացնենք միացումները: Մենք դա անելու ենք որպես բարի կամքի դրսևորում, պետք է համատիրությանը դիմեն: Սա իրենց ներքին ցանցի խնդիրն է, ստուգվել է: Մեծ սիրով մենք կանենք այդ գործը, բայց որպես բարի կամքի դրսևորում» - ասաց նա: 

ՀԳ. Փաստացի ստացվում է, որ երկու կառույց` «Վեոլիա ջուր»-ն ու Կենտրոնի համատիրությունը միմյանց վրա են բարդում մեղքն ու անելիքը, փոխարենը խնդիրին լուծում տան: