«Հրապարակ». «Բրյուսովի» ռեկտորի ընտրության հետեւանքները

«Հրապարակ». «Բրյուսովի» ռեկտորի ընտրության հետեւանքները

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրաժարականի մասին լուրերը թեպետ վաղուց էին շրջանառվում՝ մի քանի ամիս շարունակ, բայց երեկ նրա՝ աշխատանքից ազատման լուրն անակնկալի բերեց բոլորին։ ԿԳՄՍ նախարարությունից առավոտյան մեզ պատասխանեցին, որ նախարարն իր դիմումի համաձայն է ազատվել զբաղեցրած պաշտոնից՝ չնշելով, սակայն, թե որն է պատճառը։ Մինչ հանրությունը փորձում էր կռահել, թե ինչը կարող էր հրաժարականի պատճառ դառնալ՝ ամանորյա լուսավորություն անցկացնելու հետեւանքով Հանրապետության հրապարակի շենքերի վրա բացված 7 հազար անցքե՞րը, թե՞ բուհերի միավորման ծրագիրը, որը ժամանակավորապես առկախվել է, եւ աշխատանքային խումբ է ստեղծվել, պարզվեց՝ հրաժարականի դիմում է ներկայացրել նաեւ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը։   

Թեպետ, որպես այդպիսին, դեռ չի ձեւակերպվել ո՛չ նախարարի, ո՛չ էլ փոխվարչապետի հրաժարականի պատճառը, բայց բոլորի համար էլ պարզ է ու ակնհայտ, որ այս 2 ազատումներն ուղղակիորեն կապված են ուրբաթ օրը Բրյուսովի անվան համալսարանում կայացած ռեկտորի ընտրության հետ։ Ու եթե հաշվի առնենք, որ ռեկտորի պաշտոնին հավակնող 2-րդ թեկնածուն՝ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը, որոշ խոսակցությունների համաձայն, հենց անձնապես Վահրամ Դումանյանի թեկնածուն էր ու նրա հորդորով էր առաջադրվել, հասկանալի է դառնում, որ գործող ռեկտորին 12/8 ձայների հարաբերակցությամբ պարտվելը ոչ այնքան Դավիթ Գյուրջինյանի, որքան իշխանությունների եւ հենց Վահրամ Դումանյանի պարտությունն էր ու ձախողումը, որը չներվեց նրան։

Նկատենք, որ Բրյուսովի անվան համալսարանում իր կամքը թելադրելու համար իշխանությունն ընտրություններին ընդառաջ գնաց տարբեր միջոցների, օրինակ՝ Փաշինյանի ընտանիքին պատկանող armtimes.com-ում ընտրություններից մեկ օր առաջ լուր հրապարակվեց՝ «հավաստի աղբյուրների» համաձայն, թե Բրյուսովի անվան բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանը կատարել է մի շարք չարաշահումներ, որոնց շրջանակներում իրավապահ մարմիններում գործ է քննվում։

Բացի այդ, իշխանությունը որոշակի ճնշումներ է գործադրել, ուսանողներին փորձել են ուղղորդել, կոնկրետ հրահանգավորել, իսկ խորհրդի կազմում ընդգրկված ուսանողներից մեկի ազգանվան հետ կապված վրիպակը շտկելու՝ համալսարանի դիմումներին մինչեւ վերջին պահը ԿԳՄՍ նախարարությունում ընթացք չեն տվել՝ նշելով, որ հնարավոր չէ ուղղել, ինչն ուղղակիորեն բուհի համակազմից կհաներ մեկ ձայն հօգուտ գործող ռեկտորի, բայց քանի որ նամակը հասցեագրվել է նաեւ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանին, ով նաեւ բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, ուսանողի ազգանվան սխալի ուղղման հարցին կառավարությունը վերջին պահին ընթացք է տվել՝ որակելով այն որպես ուղղում՝ այդպիսով ձախողելով նախարարության քողարկված պլանը։

Ի դեպ, փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը, ի տարբերություն կառավարության ու լիազոր մարմնի մյուս անդամների, միակն էր, որ ռեկտորի ընտրության ժամանակ հեռախոսը հանձնեց իր անվտանգության աշխատակցին եւ նոր մտավ քվեարկության։ Այլ կերպ ասած՝ իր այդ քայլով շրջանցեց վերադասին հաշվետվություն ներկայացնելու առաջադրանքը եւ ցույց տվեց, որ չի պատրաստվում իր քվեարկության արդյունքը նկարել եւ ներկայացնել վերադասին։ Ի վերջո, Հ․ Մաթեւոսյանը նաեւ Բրյուսովի անվան բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, եւ ռեկտորի ընտրությունից հետո շատերն անթաքույց շնորհակալություն էին հայտնում նրան՝ ընտրությունները բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Իրականում, հավանաբար, շնորհակալություն էին հայտնում չկեղծելու, ընտրողների կամքի վրա ճնշում չգործադրելու համար։

Ակնհայտ է, որ ընտրություններից առաջ իշխանությունների կողմից գործի դրված սեւ տեխնոլոգիաներն ու ճնշումները չաշխատեցին, եւ Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնում Կարինե Հարությունյանին ընտրեցին ոչ միայն բրյուսովցիները, այլեւ 2 անձ եւս, որոնք կառավարության կողմից նշանակված անդամներ էին, սակայն, փաստորեն, չենթարկվեցին ԿԳՄՍՆ-ի կամքին եւ իշխանությունների ծրագրին, ինչի համար էլ վերը նշված անձինք ազատվեցին զբաղեցրած պաշտոններից։

Ի դեպ, որոշ խոսակցությունների համաձայն, վարչապետն արդեն ստորագրել է Վահրամ Դումանյանի ազատման դիմումը, իսկ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի հրաժարականի դիմումը՝ դեռ ոչ։ Ինչ վերաբերում է նրան, թե ԿԳՄՍ նախարարի պաշտոնում ով է փոխարինելու Վահրամ Դումանյանին, ապա, «Հրապարակի» տեղեկությունների համաձայն, առաջին ու հավանական թեկնածուն Ժաննա Անդրեասյանն է, ով համակարգում հայտնի է աշխատասիրությամբ եւ լիարժեք տիրապետում է կրթական համակարգին։ Միաժամանակ, սորոսական հայացքներ ունի եւ կրթության համակարգն ամբողջությամբ վերաձեւում է Սորոսի կրթական հայեցակարգին համապատասխան։ 

ՀԳ. Երեկ՝ օրվա վերջում, վարչապետի որոշմամբ, Ժաննա Անդրեասյանն ազատվեց ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից։ Մեր տեղեկություններով, վարչապետի հաջորդ որոշմամբ Անդրեասյանը կնշանակվի ԿԳՄՍ նախարար։