Ջերմո՞ւկ, թե՞ Ծաղկաձոր․ որտե՞ղ է Ամանորն ավելի թանկ

Ջերմո՞ւկ, թե՞ Ծաղկաձոր․ որտե՞ղ է Ամանորն ավելի թանկ

Մոտենում է Ամանորը, ու արդեն մարդիկ մտածում են, թե ինչպես անցկացնեն տոնական հանգիստը: Մենք փորձեցինք պարզել, թե ինչ փաթեթներ են առաջարկում Ջերմուկ քաղաքի հանգստյան տները, եւ որքան ամրագրումներ կան։ Ի վերջո, Ջերմուկում պատերազմի վտանգը դեռեւս չի անցել: Ջերմուկում գործող գրեթե բոլոր հանգստյան տներում եւ հյուրանոցներում կան մեծ թվով ազատ տեղեր: Շաբաթ օրը մենք գրեցինք, որ Ծաղկաձորի մի քանի հեղինակավոր հյուրանոցներն են միայն ծանրաբեռնված, որտեղ մի քանի տեղ է մնացել ազատ։ Իսկ ահա Ջերմուկի հյուրանոցներում հետեւյալ գներն են.

«Գրանդ ռեզորթ»

«Գրանդ ռեզորթում» դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 3-ն ընկած ժամանակահատվածի համար գործում են հետեւյալ գները․ մեկ անձի համար՝ 230 հազար դրամ, ներառյալ երեքանգամյա սնունդը: Իսկ դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածի համար այստեղ մեկ անձի հանգիստն արժե 440 հազար դրամ: Երկու հոգու համար նախատեսված հանգիստն Ամանորին այստեղ արժե 580 հազար դրամ: Հյուրանոցում գործում են լողավազան եւ թենիս: Ամանորի գիշերը ներկայացվելու է շվեդական սեղան: Հնչելու է միայն դասական երաժշտություն:

«Ջերմուկ սպա & հեթել»

Այստեղ ամանորյա հանգիստը նախատեսված է երկու եւ ավելի անձանց համար: Երկտեղանոց ստանդարտ սենյակը դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածի համար արժե 350 հազար դրամ: Այն ներառում է երեքանգամյա սնունդ:

«Ցենտրալ Ջերմուկ»

Այստեղ գները համեմատաբար մատչելի են: Մեկ անձի համար ուղեգրի արժեքը սկսվում է օրական 20 հազար դրամից, ներառյալ երկանգամյա սնունդը: Գործում են նաեւ ընտանեկան փաթեթներ, իսկ ամանորյա միջոցառումներ այստեղ եւս տեղի չեն ունենալու:

Ինչպես է իրավիճակը Ծաղկաձորի հյուրանոցներում

«Ռոսիա» 

Մեկ անձի համար նախատեսված ամանորյա հանգիստն արժե 950 հազար դրամ: Այն ներառում է երեքանգամյա սնունդ՝ դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածի համար: Ընտանեկան փաթեթը, որը նախատեսված է չորս անձի համար, արժե 1 միլիոն 350 հազար դրամ:

«Մուլտի ռեստ հաուս»

Այստեղ մեկ անձի համար արժեքը սկսվում է 930 հազար դրամից, ներառյալ երեքանգամյա սնունդը՝ դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածի համար: Ընտանեկան փաթեթը, որը նախատեսված է չորս անձի համար, արժե 1 միլիոն 600 հազար դրամ:

«Մարիոթ»

«Մարիոթում» այս տարի տոնական միջոցառումներ չեն լինի՝ «Հրապարակի» հետ զրույցում ասացին «Ծաղկաձոր Մարիոթից»: Այստեղ մեկ անձի համար նախատեսված հանգիստն ամանորյա օրերին արժե 1 միլիոն 100 հազար դրամ: Ընտանեկան փաթեթը, որը նախատեսված է 4 անձի համար, «Մարիոթում» արժե 2 միլիոն 800 հազար դրամ: Ներառված է երեքանգամյա սնունդ: