Նշանակեիք ուժային կառույցի ղեկավար  

Նշանակեիք ուժային կառույցի ղեկավար  

Երբ Հունան Պողոսյանին նշանակեցին Սյունիքի մարզպետ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան այդ նշանակման դեմ սյունեցիների բողոքներին, արդարանում էր․ «Երբ ես մտածել եմ Սյունիքի մարզպետի թեկնածության մասին, իմ պատկերացումը եղել է հետեւյալը՝ որ այդ մարդը պետք է լինի զինվորական բարձրագույն կոչում ունեցող մարդ, որպեսզի կարողանա, ի վիճակի լինի ոտքերի վրա պինդ կանգնել եւ ահա՝ այս երեւույթների դեմ, պոտենցիալ ռիսկերի դեմ հստակ կանգնել եւ անհրաժեշտության դեպքում ձեռքը խփել սեղանին: Այդ թեմայի մասին մտածելիս ես կանգ եմ առել Հունան Պողոսյանի թեկնածության վրա»: Կապանում, անդրադառնալով այդ նշանակման հիմքերին, նա կարեւորում էր նաեւ հանրության ներսում բաժանանար գծերը վերացնելը: Ասում էր. «Սյունիքը ողջ հայության ողնաշարն է, Սյունիքի նշանակությունը չի սահմանափակվում մի մարզով, մի քաղաքով, մի գյուղով:

Սյունիքը, գիտեք, նույնիսկ Ղարաբաղի ողնաշարն է… Սյունիքով է անցնում Հայաստանի Հանրապետությունն Իրանի Իսլամական Հանրապետությանը կապող միակ ճանապարհը: Միակ ճանապարհը, որը երկու օր առաջ հինգ հոգով որոշել էին որոշ մարդիկ փակել… Սյունիքում շատ հաճախ արձանագրվում է թմրամիջոցների խոշոր խմբաքանակների ներհոսք դեպի Հայաստանի Հանրապետություն, եւ դրանց մի մասը դուրս է գալիս Հայաստանով՝ վտանգելով մեր երկրի հեղինակությունը, եւ մյուս մասը մնում է Հայաստանում՝ վտանգելով մեր երիտասարդությանը: Եվ ինձ համար կարեւոր է ջարդել այդ նարկոտրաֆիկի ողնաշարը»: Նիկոլ Փաշինյանն ասում էր նաեւ, թե միամտություն է կարծել, որ դրանով միայն օտարերկրացիներն են զբաղվում, նրանք չեն կարող զբաղվել, եթե տեղում չունենան գործակիցներ:

Բայց չէ՞ որ նարկոտրաֆիկի դեմ պայքարում են իրավապահ մարմինները՝ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, հատուկ ծառայությունները, ուստի Հունան Պողոսյանը՝ որպես ձեռքը սեղանին ուժեղ խփող ղեկավար, պետք է նշանակվեր մարզային այդ կառույցներից մեկի ղեկավար, որպեսզի պայքարեր դրա դեմ: Այդ երբվանի՞ց են Հայաստանում մարզպետները պայքարում նարկոբարոնների դեմ, թե՞ նոր Հայաստանում փոխվել են նրանց գործառույթները, որից տեղյակ չենք:

Ինչեւէ, Հունան Պողոսյանը նշանակվեց, եւ թվում էր, թե այլեւս Հայաստանում չի կարող որեւէ իրանցի թմրադեղերի շարժ անել: Մինչդեռ լրահոսը շարունակում է ողողված մնալ հենց իրանցիների կողմից Հայաստան թմրամիջոցներ ներկրելու մասին ինֆորմացիայով: Բերենք օրինակներ ՀՀ ոստիկանության վերջին օրերի լրահոսից. «ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, ոստիկանությանը վերապահված լիազորությունների շրջանակներում, օրեր տեւած օպերատիվ-հետախուզական բազմակողմանի միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացան, որ Իրանի եւ Հայաստանի մի խումբ քաղաքացիներ ձեւավորել են հանցավոր խումբ եւ Իրանից թմրամիջոցներ են ներկրում Հայաստան՝ զբաղվելով նաեւ դրանց իրացմամբ։ Նրանք հայտնաբերվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ… Նույն օրը՝ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները Երեւանի Էրեբունի համայնքում հայտնաբերեցին ու ոստիկանության տարածքային ստորաբաժանում բերման ենթարկեցին Կարեն Մանուկյանին, Իրանի քաղաքացիներ 60-ամյա Մոհմմադ Թաբարսիին ու 48-ամյա Շահաբոլլահ Ռավեշինին։

Երեւանի բնակիչ, 29-ամյա Մանուկյանը, տարված բացատրական աշխատանքների շնորհիվ, իրավապահներին ներկայացրեց ափիոն տեսակի թմրամիջոց։ Մոհմմադ Թաբարսիի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին 70 գրամից ավելի հերոին եւ մետամֆետամին տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ։ Տաքսի ավտոմեքենայի մեջ, որով շրջել էր Մոհմմադ Թաբարսին, եւս մետամֆետամին հայտնաբերվեց։ Իրավապահները խուզարկեցին նաեւ նրա վարձակալած բնակարանը, որտեղ հայտնաբերվեցին տարբեր քաշերով կոկաին թմրամիջոցի նմանվող զանգվածներ՝ պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված։

Փետրվարի 11-ին ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն Էրեբունու բաժին բերման ենթարկեցին ազգությամբ հայ, Իրանի քաղաքացի 56-ամյա մի տղամարդու։ Քրեական հետախույզների տվյալներով՝ նա եւս զբաղվում էր ապօրինի թմրաշրջանառությամբ։ Տղամարդու անձնական խուզարկությամբ, ի թիվս այլ իրերի, հայտնաբերվեց ծալովի դանակ։ Դատարանի որոշմամբ՝ ոստիկանության եւ քննչական կոմիտեի ծառայողները խուզարկեցին նաեւ նրա «Մերսեդեսը», որը տեղափոխվել էր ոստիկանության Էրեբունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Խուզարկության ընթացքում բերման ենթարկվածն իրավապահներին ներկայացրեց մեկ տարա, որն առաջին հայացքից աղով էր լցված, բայց տարայում թաքցված էր պոլիէթիլենային տոպրակներով փաթեթավորված երկու զանգված, որոնք, ըստ բերման ենթարկվածի, կրիստալ կամ մետամֆետամին տեսակի թմրամիջոցներ են։ Զանգվածներն ընդհանուր 100 գրամից ավելի էին»։ 

 Իրանցիների կողմից թմրամիջոցների՝ Հայաստան ներկրման դեպքերը շատ են: Իհարկե, կան նաեւ դեպքեր, երբ հենց սահմանին են կանխվում: Բայց կանխվում են իրավապահների աշխատանքի շնորհիվ եւ ո՛չ Հունան Պողոսյանի: Փաստորեն, իրանցի նարկոբարոնների դեմ անողոք պայքարի համար պաշտոնի նշանակված Հունան Պողոսյանն ի զորու չէ լուծել իր առջեւ դրված խնդիրը. նրա քթի տակով թմրամիջոցներն ազատ մուտք են գործում Հայաստան: Իսկ ինչո՞վ է զբաղված Հունան Պողոսյանը: Ոչ վաղ անցյալում, 2018թ․ հունվարին, երբ նա ՀՀ կառավա­րու­թյանն առընթեր Հայաստանի ոստիկանության պետի առաջին տեղական էր, ոստիկանության կոլեգիայի անդամ, ասում էր. «Հասարակությունում վխտող բոլոր ճիճուներին, ոջիլներին միշտ պատժել է ոստիկանությունը եւ շարունակում է պատժել ու շարունակելու է», «միշտ ոստիկանությունը կոնկրետ էս վիժվածքներին պատժել է»: Այս բնորոշումները տալիս Պողոսյանը նկատի է ունեցել քաղակտիվիստներին, ցուցարարներին: Փաստորեն, Հունան Պողոսյանի մոտ լավ է ստացվում միայն վերջիններիս դեմ անողոք պայքարը: Իսկ այն առաքելությունը, որը նրա վրա ցանկացել է դնել վարչապետը, կարծես թե չի ստացվում: