Որպես Արցախի հանրապետության նախկին պաշտոնյա՝ ՀՀ-ում կասեցվել է թոշակիս չափը
«Տարի առաջ զբաղմունք ունեի, սիրած գործ, նպատակներ ու ծրագրեր էի նախամշակում։Ու՞ր հասա, ի՞նչ դառա։ Իմ երազած, իմ պաշտած հայրենիքում փախստականի կարգավիճակ «շնորհեցին»։ Հիմա էլ ասում են դիմում գրիր, որ քեզ ՀՀ քաղաքաքացու կարգավիճակ տանք։
Անպատվություն, բարոյազրկում` այս աստիճանի։ Հային իր հայրենիքում նսեմացնում են այն աստիճանի, որ թողնի ու հեռանա հայրենիքից։ Առանց ապրելու տարրական իրավունք ունենալու քաղաքացիություն ստանամ ինչի՞ համար, առանց տանիքի ու հողի մի փոքր կտոր ունենալու, առանց անորոշ ժամանակահատվածով կասեցված ընտրելու և ընտրվելու իրավունքի ինչի՞ս է պետք ՀՀ քաղաքացիությունը։
Երկու ամսից կդադարեցվի կառավորության կողմից տրամադրվող չնչին օժանդակությունը։Որպես Արցախի հանրապետության նախկին պաշտոնյա՝ ՀՀ ում կասեցվել է թոշակիս չափը։Մոռացության է թողնվել 88֊ից սկսված պայքարիս իմաստը, ընտրությամբ ձեռք բերած պաշտոններս, հասարակական֊քաղաքական գործունեությանս դժվարագույն տարիները, պետաշինության գործում ունեցածս ծառայությունները։ Այդ առումով երբևէ չեմ ընդգծվել, ինչպես շատուշատ հայրենակիցներ, ես ևս «կբավարարվեմ» եղած կենսաթոշակով։
Ուղղակի ապագա չեմ տեսնում։Ինչպե՞ս և ի՞նչ միջոցների հաշվին պետք է գոյատևի ծերության շրջանում հայտնված ընտանեկան զույգը։ Գուցէ ասե՞ք երեխաների խնամակալության։ Աբսուրդ իրավիճակ, քանզի աշխատանք հայթայթելու, բազում խնդիրներ լուծելու շեմին են հայտնվել նրանց ընտանիքները։ Անշարժ գույքի շուկայում տիրող իրավիճակը, իշխանությունների կողմից ոլորտը բարձիթողի հասցնելը լրացուցիչ բարդություններ են ստեղծել գաղթական֊թափառականներիս համար։
Այնքան երազած, այնքան կարոտած Մայր երկրում արհամարված գաղթական հայեր, բազում խնդիրներ ու պրոբլեմներ։
Ո՞վ է տերը...»,-ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ խորհրդարանի երեք գումարման պատգամավոր, Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը
Կարծիքներ