Ինչո՞ւ ուսուցչական համայնքը 3 տարի առաջ չըմբոստացավ կամավոր ատեստավորման դեմ

Ինչո՞ւ ուսուցչական համայնքը 3 տարի առաջ չըմբոստացավ կամավոր ատեստավորման դեմ

Ուսուցչական համայնքն արդեն մի քանի օր ցույցեր է անում՝ նախ իր բողոքն արտահայտելով ԿԳՄՍՆ-ի շենքի մոտ՝  էլեկտրոնային մատյաններում այս տարվա սեպտեմբերից թեմատիկ պլանների լրացման մեխանիզմի հետ կապված, որը հավելյալ ծանրաբեռնվածություն է պահանջում իրենցից, իսկ հաջորդ օրը Հայաստանի տարբեր մարզերից, նաեւ՝ Երեւանից, տասնյակ ուսուցիչներ բողոքի ակցիա իրականացրին կառավարության շենքի առջեւ՝ ԿԳՄՍՆ-ից պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձը՝ ըստ աշխատանքի ծանրաբեռնվածության, ինչպես նաեւ բարելավել կրթական համակարգի նյութատեխնիկական բազան:

Կառավարությունն ուսուցիչներին խոստացավ վարչապետի հետ հանդիպման մասին տեղյակ պահել ամենաուշը երկուշաբթի եւ ճանապարհեց տուն։ «Հույս ունենք, որ վարչապետը չի հրաժարվի, չի վախենա մեզ հետ հանդիպումից․․․ մենք սպառել ենք բոլոր օղակները եւ հասել ենք վարչապետի օղակին։ Եթե վարչապետը մեզ չընդունի, պատրաստ ենք ծայրահեղ քայլերի, դիմում ենք գրում՝ դուրս ենք գալիս, դասադուլ ենք անելու․․․»,- տեսախցիկների առաջ սպառնացին հավաքված ուսուցիչները եւ հեռացան։

Կրթության փորձագետ Վիկտոր Մարտիրոսյանն ասում է, թե շատ է ուզում հավատալ, որ այդ բողոքից հետո կարող է շրջադարձային բան լինել, բայց լավատես չէ այդ հարցում, որովհետեւ ուսուցչական համայնքի մեջ կա ընդհանուր անտարբերություն․ «Մինչեւ որ խնդիրն անձնապես իրենց չի հասնում, տեղից չեն շարժվում։ Տեսեք՝ ինչքան հոդվածներ, առաջարկություններ, դիտարկումներ են լինում կրթության վերաբերյալ, բայց շատ սառն են, անտարբեր, հենց խնդիրն առնչվում է նեղ անձնական որեւէ մեկի շահին, որոշում են ակտիվանալ։ Ես շատ կուզենայի ուսուցչության համախմբվածությունը տեսնել, որովհետեւ համախմբված ուսուցիչները մեծ ուժ են, միաժամանակ՝ հասարակության դեմքը։ Ի վերջո, մտավորականության ամենամեծ խավն ուսուցչությունն է։ Նորից եմ ասում՝ լավատեսությունս շատ մեծ չէ այս պարագայում։ Կլինեն մի քանի խոստումներ, մի քանի բացատրություն կտան, ու ամեն ինչ կվերադառնա իր նախկին հունին։ Իսկ դրա արդյունքը կլինի այն, որ ուսուցիչն ավելի կօտարվի դպրոցից եւ այսուհետ ուսուցիչն առավել եւս կանտեսի կրթության որակը, անարժան կամ շատ կհամարի այն աշխատանքը, որ իրենից պահանջում են, եւ մենք դպրոցներում կունենանք որակի հերթական անկումը»։

Ըստ Վ․ Մարտիրոսյանի՝ կրթության ոլորտում այս բարեփոխումը նման է նրան, որ արտը հերկում ես, բայց սերմացու չունես․ «Այդ հերկած արտում հաջորդ տարի մոլախոտն ավելի արագ է աճում, ավելի նպաստավոր պայման է ստեղծում։ Ամբողջ կրթական համակարգը նման է այս հերկված, բայց չցանված արտին։ Ինչ ասում են, կիսատ է մնում, ինչ ասում են, վատն են անում, եւ դրական արդյունքի փոխարեն բացասական արդյունք ենք տեսնում»։

Կրթության փորձագետը բերում է դասագրքերի շրջանառու հիմնադրամի օրինակը․ «Քանդեցին դասագրքերի շրջանառու հիմնադրամ կոչվածի ամբողջ հիմքերը, արդեն 3-րդ տասնամյակն էր գնում, որ այդ հիմնադրամը ստեղծվել էր։ Ես հիշում եմ՝ 97-98 ուստարում մենք մուրացկանի պես ընկանք հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների դռները, որպեսզի առաջին այբբենարանը կարողանայինք տպագրել։ Բերել հասցրել էինք մի իրավիճակի, որ, փաստորեն, դասագրքերի խնդիրը Հայաստանում փակված էր, մնում էր միայն որակական խնդիր լուծել։ Այն ժամանակ Համաշխարհային բանկի միջազգային կառույցների փորձագետները մեզ աֆրիկյան երկրների օրինակներ էին բերում, որ, գիտեք՝ մարդիկ քարերի վրա նստած, ծառերի տակ են դասեր անում, 2 գիրք կա՝ 30 աշակերտի համար։ Հիմա մենք դրանից էլ հեռու գնացինք, մենք արդեն ունենք աշակերտ՝ առանց գրքի։ Այսօր այս վիճակն ուղղակի ամոթ է։ Այս առումով կրթական համակարգը դարձել է որբ երեխայի գլուխ, ով ուզում է, խուզում է, ինչ ուզում են, անում են։ Կաբինետում նստած՝ առանց կրթություն իմանալու, առանց կրթությունից հասկանալու, մարդիկ իբրեւ թե ռեֆորմներ են անում, արդյունքը տեսնում ենք»։

Վ․ Մարտիրոսյանը հարց է բարձրացնում, թե ինչու նույն ուսուցչական համայնքը 3 տարի առաջ չըմբոստացավ կամավոր ատեստավորման հետ կապված․ «Արդեն 3-րդ տարին է անցկացվում այդ ատեստացիա կոչվածը։ Եթե հետեւելու լինենք պրոցեսին, իրականում ի՞նչ եղավ․ պարզվեց, որ այն ուսուցիչները, ովքեր ժամանակին դպրոցում վերցնում էին կես դրույք, թեթեւ ծանրաբեռնվածություն, զբաղվում էին ավելի շատ դիմորդներով, այդ ուսուցիչները վարժվեցին թեստեր լուծելուն, տարբեր տեսակի խութեր հաղթահարելուն եւ այսօր այդ նույն ուսուցիչները կարողացան հաղթահարել ատեստացիայի շեմը։ Բայց ի՞նչ անի գյուղական դպրոցի ուսուցիչը, որը դիմորդ չի ունենում, թեստեր չի պարապում։ Ինձ կասեն՝ ինքը պարտավոր է իմանալ, այո, ուսուցիչը պարտավոր է իմանալ այն, ինչը դասավանդում է, ոչ թե պարտավոր է իմանալ այն, ինչը, որպես խութ, որպես որոգայթ, թեստերի մեջ խցկում եք թե՛ ուսուցիչների, թե՛ դիմորդների համար։ Մի քանի օր առաջ ռուսերենի մի ուսուցիչ էր խոսում, որի խոսքից ինչ պարզվեց, որ Ռուսաստանի միացյալ քննական թեստերը բերել տվել են հայ ուսուցչին՝ որպես ատեստավորման թեստ։ Եվ ուսուցիչը շատ նորմալ հարց է բարձրաձայնում, ասում է՝ ես ռուսերենը դասավանդում եմ որպես օտար լեզու, եւ չկա օտար լեզու դասավանդելու հետ կապված որեւէ հարց, կա չոր գիտելիք, որի պարագայում ցանկացած ժամանակ ցանկացած ուսուցիչ կարող է երբեմն գրողի ծննդյան թիվը մոռանալ, բայց դրա համար կա գիրք, տեղեկատու, եւ դա չէ ուսուցչի թերությունը։ Ուսուցչի թերությունը լրիվ այլ տեղ է, որը ո՛չ ատեստավորման ժամանակ են ստուգում, ո՛չ էլ այսօրվա վերապատրաստում կատարողներն են իրականացնում։ Ուսուցչությունը պետք է կանգներ դրա դեմ ու բողոքեր, պետք է բողոքեր ոչ թե աշխատավարձի դիսկրիմինացիայից, որ խաբում են իրեն եւ 2 հոգու տասը կոպեկ ավել են տալիս, մյուսների բերանը փակում են, ասում են՝ արի դու էլ անցի իմ թրի տակով՝ դու էլ ստացի, այլ պետք է վիրավորվեր՝ որպես մասնագետ։ Այդ ժամանակ կասեինք, որ ունենք համախմբված մասնագիտական դաշտ, որը կարող է տեր կանգնել իր համակարգին»։

Կրթության փորձագետի համար ուրախալի է, որ ուսուցիչները վերջապես ուզում են արթնանալ, բայց չի կարծում, որ նրանց բողոքը լսելի կլինի․ «Ի՞նչ պիտի անեն, չեղած դասագրքերը պետք է դարակներից հանեն տա՞ն․․․ ուսուցչության ակնկալիքը մեծ չպետք է լինի, բայց լավ է, որ կարողանում են հավաքվել եւ այսօր ձայն հնչեցնել։ Ի վերջո, հասցրին աղքատության այն աստիճանին, որ եղած կամ չեղած աշխատավարձն անձի վրա գրեթե հետք չի թողնում։ Այ, ուսուցիչը սրա համար պետք է վիրավորվի, երբ իր ուսուցիչ լինելը հավասար է լինել կամ չլինելու, իր աշխատավարձն էլ եղած-չեղածի հաշիվ է։ Եվ այս առումով ուսուցչությունը պետք է բարձրաձայնի ոչ միայն էլմատյանի, ատեստավորման, դասագրքերի խնդիրը, այլեւ պետք է բարձրացնի իր կարգավիճակի խնդիրը։ Մի պատգամավորը կամ նախարարը մի ամբողջ դպրոցի ուսուցչության աշխատավարձ է ստանում, ո՞նց կարելի է սա հանդուրժել, ուղղակի ցավալին այն է, որ իրենք 1-2 օր կկանգնեն, 1-2 հանդիպում կլինի, մի քանի խոստումներ, եւ կլռի-կգնա ամեն ինչ։ Դասադուլ կանեն, չեն անի՝ չգիտեմ, դասադուլ անելու դեպքում էլ տուժողն էլի հանրությունը, երեխան են լինելու, որովհետեւ առանց այն էլ բարձիթողի վիճակում են դպրոցները»։