Հարուստ--աղքատ թեկնածուներ

Հարուստ--աղքատ թեկնածուներ

Արցախի ԿԸՀ կայքում տեղադրվել են նախագահի 14 թեկնածուների գույքի հայտարարագրերը։ Ամենահարուստն Արայիկ Հարությունյանն է, ով Ստեփանակերտում, Ուխտասարում ու Վարդաձորում բնակելի տուն, արտադրամաս, գրասենյակ ու 3 հողամաս է հայտարարագրել։ Որպես շարժական գույք՝ 2013թ․ մեկ Nisan Leaf։ Եկամուտները խաղողի այգիներից ու գյուղատնտեսությունից են՝ 15 մլն եւ 39 մլն 377 հազար դրամ։ Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ 96 միլիոն դրամ է ունեցել, 30 տոկոսի չափ բաժնետոմսեր «ՓԲ Բրենդի քոմփընի» ՓԲԸ-ում։

Արցախի նախագահի խոսնակ, Արցախի պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանն ունի 4 բնակարան․ 3-ը՝ Ստեփանակերտում (62, 90 եւ 62 քառակուսի մետր տարածքներով), մեկը՝ Երեւանում (Միկոյան 25, բն. 34 հասցեում), եւ մեկ նկուղային տարածք՝ Ստեփանակերտում։ Շարժական եւ թանկարժեք գույքի տողերը բաց են։ Եկամուտներ է ստացել 3 տեղից․ աշխատավարձ ԱՀ նախագահի աշխատակազմից, Արցախի պետական համալսարանից եւ «Մեսրոպ Մաշտոց» համալսարանից։ Դավիթ Բաբայանի դրամական միջոցները հայտարարագրման օրվա դրությամբ կազմել են 18 միլիոն 300 հազար եւ 4 հազար դոլար։ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հայտարարագրածը խիստ համեստ է․ մեկ 76 քառակուսի մետրանոց մեկ բնակարան՝ Ստեփանակերտի Ազատամարտիկների պող. 23, բն․ 6 հասցեում, 10 միլիոն 190 հազար դրամի եկամուտ՝ որպես աշխատավարձ, եւ 1 միլիոն 120 հազար դրամական միջոցներ։
Վիտալի Բալասանյանը դրամական եկամուտներով կարծես թե երկրորդն է։ Նա Ասկերանում 540 քառակուսի մետրանոց բնակելի տուն ունի։ Այլ անշարժ ու թանկարժեք գույք ամրագրված չէ։ Բալասանյանի եկամուտներն են՝ աշխատավարձ ԱՀ նախագահի աշխատկազմից՝ 4 մլն 780 հազար 54 ՀՀ դրամի չափով, եւ պարգեւավճար Պաշտպանության բանակից՝ 117 հազար 600 ՀՀ դրամի չափով։ Հայտարարագրման օրվա դրությամբ՝ 2 միլիոնի դրամական միջոցներ։ Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանն ունի մեկական բնակարան ու հողամաս Ստեփանակերտում, համապատասխանաբար՝ 130․5 եւ 1150 քառակուսի մետր տարածքով, 1977թ․ ՈՒԱԶ եւ 2004 թ․ արտադրության TOYOTA PRADO։ Այլ թանկարժեք գույք հայտարարագրված չէ։ Մայիլյանի եկամուտները երեք տեսակի են՝ մոտ 7 միլիոն դրամ աշխատավարձ, վարձակալության պայմանագրից եւ անշարժ գույքի օտարումից։ Մասիս Մայիլյանի դրամական միջոցները եկամուտները հայտարարագրելու պահին կազմել են 9 միլիոն դրամ։

Նախագահի թեկնածու Սերգեյ Ամիրյան․ 257 քմ-անոց տուն՝ Ստեփանակերտում, 2005 թ․ արտադրության ՎԱԶ 21010 մեքենա։ Հայտարարագիրը լրացնելու դրությամբ՝ 10 միլիոն դրամ։
Արցախի նախագահի կին թեկնածու Բելլա Լալայանը հայտարարագրել է Արցախում ոչ բնակելի 40 մետրանոց տարածք եւ 1450 քմ-անոց հողատարածք Կրուգովայա փողոցում։ Ունի 2004 թ․ արտադրության Toyota Rav մակնիշի մեքենա։ Բելլա Լալայանի եկամուտները․ 600 հազար դրամ՝ վարձակալությունից ստացված եկամուտ, եւ 410 հազար դրամ աշխատավարձ՝ Արցախի բնական ռեսուրսների եւ շրջակա միջավայրի նախարարությունից։ Արցախի ՀՅԴ կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանն անշարժ գույքի մի երկար ցուցակ է հայտարարագրել․ 2 բնակելի տուն՝ Ստեփանակերտում ու Մարտունու շրջանի Աշան գյուղում, մեկ ավտոտնակ՝ Ստեփանակերտում, 2 հողամաս՝ Ստեփանակերտում ու Աշան գյուղում, մեկ անասնաֆերմա՝ Աշանում։ Բոլորը՝ սեփականության իրավունքով։ Մեքենա՝ 2000 թվականի Honda-CRV։ Եկամուտները․ աշխատավարձ ԱՀ ԱԺ-ից՝ 6,292,401.00 ՀՀ դրամի չափով, եւ «Զբոսաշրջային կենտրոն» ՓԲԸ-ից՝ 6,500,000 միլիոն դրամի շահութաբաժին։ Դրամական միջոցները՝ 5 միլիոն դրամ եւ 8 հազար ԱՄՆ դոլար։

Վահան Բադասյանն էլ աղքատ չէ․ 2 բնակարան՝ Հադրութում ու Հադրութի շրջանի Խանձաձորում՝ 140 եւ 120 քառակուսի մետրի չափով, Հադրութի Բարաշեն համայնքում՝ մեկ ալրաղացի շենք ու շինություն, 2800 քառակուսի մետրի չափով՝ 1․5 հեկտար հողատարածքի վրա։ Բոլորն էլ՝ սեփականության իրավունքով։ Որպես շարժական գույք՝ հայտարարագրվել է 2006, 1999, 1989 եւ 2004թթ․ արտադրության 4 մեքենա, ապա նաեւ՝ ալրաղացի սարքավորումներ, հացաթխման սարք եւ տրակտորներ՝ K-700, 43 միլիոն դրամանոց հատիկահնձիչ կոմբայն։ Եկամուտներ՝ 105 հազար դրամի թոշակ եւ 25 միլիոն դրամի շահույթ՝ գործարարությունից։ Դրամական միջոցները՝ 4 միլիոն 820 հազար դրամ։

Անհատ ձեռներեց Մելսիկ Պողոսյանը հայտարարագրել է 4 անշարժ գույք՝ բնակարան, կիսակառույց եւ այլն, մոտ 3 միլիոն դրամի եկամուտ եւ 0 դրամ՝ եկամուտների հայտարարագրման պահին։
«Միլենիում պրոդակշն» ՍՊԸ-ի հիմնադիր Աշոտ Դադայան․ մոտ 1 հեկտար Արցախում՝ Տիգրան Մեծի նրբանցք, թիվ 16 հասցեում, 1999թ․ «Մերսեդես Բենց-Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենա, 1 միլիոն 180 հազար դրամի աշխատավարձ եւ 3 միլիոն դրամի դրամական միջոցներ։
Արցախի պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը հայտարարագրել է 4 հողամաս Ստեփանակերտում, մեկական առեւտրի սրահ, բնակարան, ավտոտնակ եւ կայանատեղի։ Բոլորը՝ սեփականության իրավունքով։ Որպես անշարժ գույք՝ 2013թ․ արտադրության «Մերսեդես Բենց Աքտրոս»։ Հայտարարագիրը լրացնելու պահին՝ 35 միլիոն դրամ, 20 հազար դոլար եւ 200 հազար ռուբլի դրամական միջոց, ինչպես նաեւ՝ ահռելի եկամուտներ․ 5 միլիոն 901 հազար դրամի աշխատավարձ, 6 միլիոն դրամ՝ անշարժ գույքի վարձակալությունից, 22,500 միլիոն դրամ՝ գյուղատնտեսական մթերքի վաճառքից, փայաբաժիններ՝ «ՌԷԴԷՆ», «Գարանտ Ավտո», «Ֆամիլի Հաուս», «Ֆլեշ պլյուս» ՍՊԸ-ներից, 100-ական տոկոսով, միայն մեկում՝ 20 տոկոս։

ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանն ամենաաղքատն է թեկնածուներից․ Ստեփանակերտ, Մանուկյան 6/11 հասցեում 61 քառակուսի մետրանոց բնակարան, շարժական ու թանկարժեք գույք չունի, աշխատավարձը՝ 5.827.293 միլիոն դրամի չափով, դրամական եկամուտները լրացնելու պահին՝ 200 հազար դրամ։