Կանչերն ավելացել են, խուճապը շատացել․ ի՞նչ է խորհուրդ տալիս բժշկուհին

Կանչերն ավելացել են, խուճապը շատացել․ ի՞նչ է խորհուրդ տալիս բժշկուհին

Կորոնավիրուսով պայմանավորված պոլիկլինիկաներում հիվանդների քանակը և կանչերը ավելացել են, սակայն բժիշկը խորհուրդ է տալիս տանը մնալ և բուժումը տանը ստանալ։ Թեմայի շուրջ զրուցել ենք Թիվ 2 բուժմիավորման պոլիկլինիկաների գծով տնօրեն Արմինե Զոհրաբյանի հետ, նա մեզ հետ զրույցում ասաց, որ պոլիկլինիկայում մեկուսարան է ստեղծվել․

«Անշուշտ,կանչերը ավելի շատացել են, և շատ արագ տարածքում ստեղծվել է մեկուսարան, ջերմող հիվանդները անմիջապես ուղեկցվում են մեկուսարան և զննվում են այնտեղ։ Մեկուսարանը ամեն ինչով հագեցված է՝ առաջին անհրաժեշտության դեղամիջոցներով, դիմակներով և միանգամյա օգտագործման հագուստներով, որպեսզի կարողանանք կանխել հիվանդության տարածումը։ Անընդհատ հորդորում ենք, որ ջերմող հիվանդները հիմնականում չդիմեն պոլիկլինիկա, քանի որ այդ կապակցությամբ կանչերը ավելացել են, ցանկալի է մնան տանը, և բժիշկը այցելի իրենց տուն։ Որպեսզի ավելի հեշտ կանխենք հիվանդության տարածումը, ավելի նպատակահարմար է, որ տանը մնան  ջերմող հիվանդները և բուժումը ստանան տանը։ Այնուամենայնիվ, մեկուսարանը ստեղծված է, որպեսզի արտառոց դեպքերում մենք կարողանանք հիվանդներին այնտեղ զննել»։

Զոհրաբյանին հարցրինք, թե ձեռքի տակ ունե՞ն թեստը, որով պետք է պարզվի կորոնավիրուսի առկայությունը, կարողանո՞ւմ են տեղում պարզել՝ կա՞ վարակ, թե՞ ոչ․

«Մենք տեղում չենք պարզում, եթե կասկածելի դեպք է լինում, մենք ուղեգրում ենք ինֆեկցիոն հիվանդանոց, որպեսզի այնտեղ այդ թեստը կատարվի։ Մենք մշտական կապի մեջ ենք նախարարության հետ, անընդհատ ներկայացնում ենք դեպքեր, իրենցից ստանում ենք, օրինակ, Իտալիայից, Չինաստանից, Կորեայից, Սինգապուրից, Իրանից եկած հիվանդների ցանկ, պարտադիր ամենօրյա հսկողություն է կատարվում, 1-ին, 7-րդ, և 14-րդ օրը պարտադիր այցելում ենք հիվանդներին, իսկ մնացած օրերին պարտադիր հեռախոսազանգով տեղյակ ենք լինում նրանց վիճակի մասին։ Մեր տարածքում գտնվող բնակչության մեջ դեռ չի հայտնաբերվել Կորոնավիրուսով հիվանդ, պարզապես ազգաբնակչությունը ինչ-որ տեղ խուճապի մեջ է, ավելի շատ հանգստացնում ենք, որպեսզի խուճապի չմատնվեն, դա նույն գրիպն է, այլ երկրներում տարածված է, բայց մեր երկրում շատ լավ կանխել ենք, իրավիճակը հսկողության տակ է, դա մեր աշխատանքն է, նախարարության հետ մեր կապն է, որ ժամանակին կանխեցինք»։

Զոհրաբյանի խոսքով՝ վիրուսը մոտ 48 ժամ մնում է մետաղական մակերեսի վրա, ուստի հաճախակի ախտահանումներ են կատարում․

«Հաճախելիությունը շատացել է, կանչերն են ավելացել, մարդիկ խուճապի մեջ են, բայց մենք կարողանում ենք ինչ-որ տեղ հանգստացնել։ Դիմակը պետք է կրի հիվանդը, բայց ոչ առողջ մարդը, բայց այն հաճախ պետք է փոխվի, այն առավելագույնը կարելի է կրել 1 ժամ, եթե այն թրջվում է, ապա այն անպայման պետք է փոխվի։ Մենք, իհարկե, բժիշկներին էլ ենք տրամադրել դիմակներ, ամեն օր ախտահանվում են պոլիկլինիկայի դռները, մակերեսները ախտահանիչ նյութերով, որովհետև Կորոնավիրուսը մետաղական մակերեսի վրա 48 ժամ մնում է։ Ավելի զգոն ենք, ավելի հաճախ ենք ախտահանում մակերեսները քան առաջ։ Միշտ էլ այս սեզոնին գրիպ լինում է, բայց այս գրիպի ժամանակ մենք ավելի զգոն ենք, ավելի ուշադիր »։

Բժշկուհին խորհուրդ է տալիս, մարդաշատ վայրերում հնարավորինս քիչ գտնվել, հաճախակի լվանալ ձեռքերը․

«Առաջին հերթին խորհուրդ կտամ, որ խուճապի չմատնվեն, հաճախ լվանան ձեռքերը, որովհետև այն նաև կոնտակտի միջոցով է փոխանցվում, խորհուրդ է տրվում 20 վայրկյան լավ լվանալ ձեռքերը, հետո կարելի է ախտահանել սպիրտով, մենք նույնիսկ սենյակներում բաժանում ենք ախտահանիչ սպիրտով պատրաստված նյութեր, որպեսզի բժիշկներն անընդհատ զգոն լինեն և իրենց ձեռքերն էլ ախտահանեն։ Նաև խորհուրդ եմ տալիս, որ հիվանդները ավելի շատ մնան տանը և բժիշկը այցելի տուն»։

Մանրամասն՝ տեսանյութում։