Ինչու՞ է փողոց փակելուն մասնակցում ԲՀԿ միայն երիտասարդական թևը

Ինչու՞ է փողոց փակելուն մասնակցում ԲՀԿ միայն երիտասարդական թևը

Անհնազանդության ակցիաներին մասնակցում է ԲՀԿ միայն երիտասարդական թևը։ Մինչ դաշնակցականները, այդ թվում նախկին՝ նախարարներ ու պատգամավորներ, ակտիվ ֆիզիկապես մասնակցում են փողոցային անհնազանդության ակցիաներին ու անգամ բերման ենթարկվում, ԲՀԿ-ական պատգամավորները կադրերում այնքան էլ չեն երևում։ Պարզվեց՝ ճիշտ է, քանի որ «Հրապարակի» հետ զրույցում ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասաց․ «Մեր երիտասարդական թևն է մասնակցում, մեր համար մի քիչ․․․ հելնենք փողոց փակենք»։

Հիշեցնենք, որ երիտասարդները շատ դեպքերում նույն տեխնոլոգիաներն են կիրառում, ինչ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը․ անգամ մետրոյի «Գործարանային» կայարանը կաթվածահար էր արվում։

Նկատեցինք, որ եթե նկատի ունի «տարիքայինը», ապա Արծվիկ Մինասյանն էլ, Գեղամ Մանուկյանն էլ արդեն հասուն տարիքի մարդիկ են, բայց փողոց էլ են փակում, կռիվ էլ են տալիս։ Գևորգ Պետրոսյանն ասաց․ «Դե հիմա ինչ ասեմ, ամեն մարդ ինքն է որոշում, մեր երիտասարդական թևը շատ ակտիվ մասնակցում է, պարզապես մենք ավելի շատ համարում ենք, որ քաղաքական բնույթի պայքար պետք է մղենք՝ իրավական լուծումներ տալով։ Հիմա եթե իրենք նպատակահարմար են գտնում, իրենք էլ են մասնակցելու փողոց փակելուն, ոչ մի խնդիր չկա, ողջունում ենք»։ Այսինքն՝ մարտավարական խնդիրներում ԲՀԿ-ում ու ՀՅԴ-ում տարաձայնությու՞ն կա։ «Բացարձակ»,- ի պատասխան` ասաց Գևորգ Պետրոսյանը՝ նշելով․«Եվ չմոռանանք, որ իրենք արտախորհրդարանական ուժ են, մենք պետք է ԱԺ-ում լինենք, մենք պետք է մեր գործն անենք։ Իրենք աշխատանքային առումով նման խնդիր չունեն, իսկ մենք ունենք»։