Ողբամ մեռելո՛ց... բեկանեմ շանթե՛ր... կոչեմ ապրողա՛ց

Ողբամ մեռելո՛ց... բեկանեմ շանթե՛ր... կոչեմ ապրողա՛ց

Պ. Սեւակի այս կոչը երեւի հիմա ավելի շատ հնչեղություն պիտի ունենա: Գուցե երկրորդն ու երրորդը մեկտեղենք եւ ապրե՛նք՝ շանթեր բեկանելով:

Ապրե՛նք «այս մի բուռ` բռում սեղմված» երկրում՝ արժանի մարդու պես, հայի պես: Մեր անթիվ զոհերի պատգամը, ուղղված մեզ՝ ապրողներիս, դա է եղել ու վերջ: Նրանք այլ պատգամ չեն ունեցել իրենց կյանքի վերջին վայրկյաններին, երբ հոսում էր նրանց սուրբ արյունը՝ հայոց հողի վրա, հայոց հողում ապրողներիս համար… Մենք հավատարիմ կմնանք նրանց պատգամին:

Մենք կանք ու կմնանք: Թե՛ մեր դեմ ելած թշնամին եւ թե՛ նրա հետ գարշապար բռնած վճարովի կամ անվճար վարձկաններն ու մյուսները շատ լավ գիտեն, որ մեր ապրելու կամքն անսասան է: Մեր այս մեկ բուռ հողն ու նրա վրա ապրող՝ բռում սեղմված ժողովուրդն ավելին ունի ասելու աշխարհին, քան նրանց խաժամուժ ամբոխի միլիոնները: Մենք շատ բան կորցրինք: Իսկ նրանք անընդունակ եղան նույնիսկ սովետներից ստացած «նվերը» պահելու մեջ: Կասկածեցին իրենց արժանիքների վրա: Քանզի դրա փորձն ունեին անցած 30 տարիների ընթացքում: Տեղին է համաշխարհային հեղինակավոր պարբերականներից մեկի նշումն առ այն, որ սովետմիության փլուզումից հետո վերջապես Ադրբեջանը կարողացավ նշել իր անկախությունն ու հողային ամբողջականությունը:

Դրա համար դիմեցին ՆԱՏՕ-ի իրենց ցեղակցին: Վարձկաններ հավաքագրեցին: Նավթադոլարներով փակեցին շատերի աչքերն ու հոգին: Ու այդ ամենից հետո, դարձյալ անարժան նվիրառուի պես, չկարողացան ու չեն կարողանա պահել այն, ինչը ստացել են դեռեւս 100 տարի առաջ:
Իսկ նվիրաբերողի իրավահաջորդը, մեզ համար թերեւս անհասկանալի, սակայն իրենց համար հասկանալի հանդարտությամբ, այսօր կանգնել է մեր երկուսի արանքում եւ ընդամենը նշումներ է անում նոթատետրում՝ պլանավորվածի ու կատարվածի միջեւ հավասարության նշան դնելով:
Մենք, մեր հայոց հավաքական կամքի ու մտքի ներկայացուցիչների հետ մեկտեղ, մեծ խանդավառությամբ ու հույսերով միացանք նրանց՝ քաղաքական ու պատմական լուրջ շրջադարձ կատարելով: Իսկ նրանք ընդամենը վայելեցին այդ շրջադարձի պտուղները՝ իրենց հատուկ «շնորհակալությամբ»: Մեզ դարձրին իրենց ապիկար քաղաքականության ու անգրագետ հայեցողության զոհը՝ իրենց մեծապետական նպատակներին հասնելու համար: Մեր անկախ հանրապետության ու պատմական հայրենիքի տարածքները պատառ-պատառ, սրան ու նրան նվիրաբերելով, ո՛չ կարողացան իրենց ժամանակավրեպ գաղափարները տարածել թուրք-իսլամական աշխարհում եւ ո՛չ էլ «տաք ջրերի» հասան: Փոխարենը պղտորեցին մեր զուլալ ջրերն ու մեր մաքուր արյունը: Վերջին 100 տարում այդ հեռահար նպատակների սահմաններն օր-օրի կրճատվում են: Եղածի համար էլ դեռ պարտական պիտի լինեն մեզ՝ Սարդարապատը կերտողներիս: 

Անկախ բոլոր օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներից, նրանց կողքին մարտնչած ու նրանց հետ  Բեռլին մտած հերոսների սերնդին այս վիճակի մատնելը, մեղմ ասած, բարոյական չէ, առավել եւս՝ չի համապատասխանում աշխարհին հայտնի մյուս դաշնակից՝ բարեկամ պետությունների, մեծի ու փոքրի միջեւ առկա հարաբերությունների նորմերին ու համագործակցության հայեցակարգին: Բայց մենք մշակել ու դեռ մշակելու ենք գոյատեւելու մեր նոր հայեցակարգը...
Բեկանեմ շանթե՜ր... կոչեմ ապրողա՜ց...

Վահան ԴԱՐԲԻՆՅԱՆ