Սթափ դատելու ժամանակը - 2

Սթափ դատելու ժամանակը - 2

Հայտնի համաձայնագրի ստորագրումից հետո երկրի ղեկավարի հրա­ժա­րականը կընկալվեր որպես արժանապատիվ քայլ՝ հետեւյալ հայտարարությամբ. «Հարգելի ժողովուրդ, հայցում եմ ձեր ներողամտությունը, որ անկանխատեսելի հանգամանքների բերումով հնա­րավոր չեղավ ավելի լավ հանգուցալուծման հասնել»: Մեծ հավանականությամբ՝ հա­սարակությունն այս­պես չէր փոթորկվի: Բայց չարվեց: Աշ­խարհում սա եզակի դեպք է, երբ զարգացումների նման կամ ավելի պա­կաս ող­բերգական հան­գուցա­լուծման դեպքում հրա­ժա­րական չի հետեւում: 

Վարչապետի հրաժարականը պահանջողները չեն էլ բացառել, որ իշխող քա­ղաքական ուժից կարող է ներկայացվել վարչապետի թեկնածու: Բայց դրա ժամա­նակն էլ բաց թողնվեց: Հետո հնչեցին հարցադրումներ՝ իսկ ո՞վ: Դե, կներեք, եթե իսկապես այլեւս որեւէ թեկնածու չկա, ապա այդ երկիրը դեռ երեկ պետք էր լուծարել: Առաջարկվել է օրենսդրական ճանապարհով անցումային կառավա­րութ­յուն ձեւավորելու գաղափար՝ ենթադրելով, որ ԱԺ մեծամասնությունը, այնուամե­նայնիվ, սթափ կդատի: «Իսկ ո՞վ» հարցադրմանն ի պատասխան, ներկայացվեց թեկ­նածուի անունը՝ Վազգեն Մանուկյան: Նրա քաղաքական ուղին մի կողմ դնելով, ասենք՝ մաթեմատիկոս: Դրանով ամեն ինչ ասված է: Մաթեմատիկան, ինչպես հայտնի է, զարգացնում է մարդու տրամաբանությունը, հետեւաբար, հնարավորություն է ընձե­ռում պատկերը տեսնել ամբողջությամբ, ինչը հատկապես կարեւոր է ճգնաժամային իրավիճակում խնդիրներ լուծելու համար: Ըստ էության, ենթադրվող ժամանակավոր կառավարության անդամների շարժառիթները ոչ թե սպասվելիք դափնիներն են, այլ այս բարդ իրավիճակից երկիրը դուրս բերելու պատրաստակամությունը: Նրանք կլինեն յուրօրինակ «կամիկաձեներ»: Իսկ քանի՞սը կհամաձայնեն նման դերակատարում ունենալ:

Մեջբերեմ հանրապետության առաջին նախագահի հայտարարությունից. «Մի՞թե հասկանալի չէ, որ, թեեւ ոչ ինտելեկտուալ առումով, բայց իրենց խառնվածքով, համառությամբ, արկածախնդրական հակումներով եւ մինչեւ վերջ գնալու մոլուցքով Վազգեն Մանուկյանը եւ Նիկոլ Փաշինյանը երկ­վորյակներ են: Հանրությունը մոռացե՞լ է, արդյոք, որ երկուսն էլ խորհրդարանը գրոհելու մեծ փորձ ունեն, ինչը «փայլուն կերպով» կիրառել են 1996 եւ 2018 թվա­կաններին»: Բայց, կներեք, Վազգեն Մանուկյանը, որին անձամբ չեմ էլ ճա­նաչում, 1996 թվականին «մինչեւ վերջ չգնաց», իսկ խորհրդարանի գրոհն էլ ամենեւին փայլուն չստացվեց: Ո՛չ 1995, ո՛չ էլ 1996 թվականներին «խաղեր տալ» հնարավոր չէր: 

Ինչեւէ, առաջին նախագահի հարցադրման մեջ պարունակվում է մի կարեւոր բառ՝ «ինտելեկտուալ»: Վազգեն Մանուկյանի հենց այդ հատկանիշն է եղել 1996 թվականի հնարավոր անկանխատեսելի զարգացումների արգելակը, որը, վստահաբար, դեռ աշխատում է: Անշուշտ, վատ է, որ այս առաքելության համար այլ թեկնածուներ չեն գտնվել: Անձամբ ինձ հայտնի էր եւս երկու թեկնածու, սակայն քաղաքական ուժերի ընտրությունը դա էր:

Անկաս­կած, հետագայի համար կգտնվեն պրոֆեսիոնալներ, որոնք տեղ կզբա­ղեցնեն հաջորդ՝ ոչ ժամանակավոր կառավարությունում: Թեպետ նրանց գործն էլ դյուրին չի լինելու: Եվ մեկ բան եւս․ ցանկացած երկրում, նույնիսկ զար­գացած, ամ­ենախոցելի եւ ամենաանշնորհակալ պաշտոնը վարչա­պետինն է, հատկապես՝ խորհրդա­րանական երկրում: Ավելին, մեզանում դեռեւս չեն աճել կադրեր, որոնք կարողանան զբաղեցնել այդ պաշտոնը խորհրդարանական կառավարման պա­րագայում: Այնպես որ, նախագահականին կամ կիսանախագահականին վերա­դարձն այլընտրանք չունի: Ապագա վարչապետը պետք է աշխատի առնվազն 10 տարի՝ երկրի տեխնոլոգիական ճեղքումը, արագ առաջընթացն ապահովելու հա­մար, ինչը հնարավոր կլինի առաջիկա 1-2 տարում «զարգացման պետության» ձեւա­­­վորման դեպքում: 

ՀԳ. Առաջարկում եմ մի կողմ դնել պետության նախկին ու ներկա ղեկավարների միջանձնային տարաձայնություններն այս դժվարին իրավի­ճակի ֆոնին: Սա է պետական մտածողությունը: Մեծարգո առաջին նախագահը գուցե հիշի, թե 1990-ականներին որ հայտնի դեմքն էր ասել, որ մի 15 խոշոր գործարար երկիրը կպահի: Արդյոք դրանով չտրվե՞ց երկրում օլիգարխիայի ձեւավորման մեկնարկը: Ուղղակի լավ կլինի, որ առաջիկայում զերծ մնանք այս կամ այն անձնավորության մեղքերը երեսով տալուց: Պետք է կարողանանք ներողամիտ լինել միմյանց նկատմամբ՝ մեր ժողովրդի առջեւ ծառա­ցած սպառնալիքները մեղմելու եւ զարգացման մայրուղի դուրս գալու համար:

Գագիկ Վարդանյան
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր