Ընդդիմությունը Նիկոլին հեռացնելու երկու տարբերակ ունի

Ընդդիմությունը Նիկոլին հեռացնելու երկու տարբերակ ունի

Ընդդիմությունը Նիկոլին վերջնագիր է ներկայացրել, իսկ Նիկոլը կառավարական ամառանոցում պաշտպանվում է ոստիկանական երկշերտ պատով ու շրջակա շենքերի տանիքներին տեղակայված դիպուկահարներով: Սա է Նիկոլի պատասխանն ընդդիմության վերջնագրին: Այս մարդն ամեն ինչ արել է սույն ամառանոցը վայելելու համար, բանտ է նստել, Գյումրիից Երեւան է քայլել, մի ամբողջ ժողովրդի է ոտքի հանել` երկիրն անհնազանդության եռուն հրապարակի վերածելով: 

Երկար երազել է` չհավատալով երազի իրականությանը, բայց համառորեն գնացել է իր երազի հետեւից եւ հասել իրականին: Հիմա ուզում ենք, որ մի վերջնագրով այդքան անդուլ տքնանքը ջո՞ւրը գցի: Հատկապես որ մարդը սիրում է լավ ուտել ու խմել, կարեւոր չէ՝ ամառանոցո՞ւմ, թե՞ Պրոսպեկտի վրա` մայթեզրին կանգնած: Սիրում է թանկարժեք մեքենաներ, գերհագեցած թիկնազոր, ընտիր ժամացույց ու օծանելիք, որի կորստի համար համազգային սուգ էր անում ԱԱԾ-ի միջոցով, մենք էլ հետն էինք ողբում: Հիմա ուզում ենք, որ այս մարդն այդ ամենը թողնի ու գնա՞, ախր հենց դրան հասնելու համար է մի ամբողջ հեղափոխություն արել, նախկինների է բանտարկել, պատերազմ է պարտվել: 

Չէ, էդ մեկը չէ: Երբ հաղթանակի փուչիկ էր փչում` ինքն էր գերագույն գլխավոր հրամանատարը, իսկ կապիտուլյացիա ստորագրելուց հետո ինքը չէ: Պարտվողը վաշտի հրամանատարն էր, գնդի հրամանատարն էր, նախկիններն էին, ապագայի եկվորներն են կամ էլի էն մշտական ու նեղ տեղի ելք Պողոսը, բայց ո՛չ գերագույն գլխավոր հրամանատարը: Այս պատերազմում միակ հաղթողն ինքն է եւ համապատասխան կեցվածքով էլ բազմել է իր երազների գահավորակին: Իսկ միամիտ հույս փայփայել, թե քաջություն կունենա հրաժարվել չաղ ու բախտավոր կյանքից, կընդունի քստմնելի պարտությունն ու կհեռանա ի վերջո, երբե՛ք: Քանի որ Նիկոլը վախկոտ մարդ է եւ մանր:  

Նրա բոլոր ձեռնարկները, այդ թվում` արտակարգ դրություն, ռազմական դրություն, մի նպատակն են հետապնդում` չեզոքացնել սեփական իշխանությանն սպառնացող բոլոր վտանգները: Նրա համար 44 օրը պատերազմ չէր, պատերազմը միշտ երկրի ներսում է եղել, եւ «հաղթելու ենք» վստահությունն ուղղված էր ոչ թե թշնամուն, այլ՝ նախկիններին: Իսկ Նիկոլի քաղաքական թիմն առայժմ վերահսկելի է: Հույս դնել դասալքության, դավաճանության կամ արժանապատիվ կեցվածքի` քաղաքացիական բարձր գիտակցության վրա, անկայուն սպասելիք է:

Ընդդիմությանը մնում է Նիկոլին հեռացնելու երկու տարբերակ: Առաջին․ ուժային կառույցներն են ապստամբում` պահանջելով վարչապետի հրաժարականը, եւ ստիպում հեռանալ, որը կլինի պետական հեղաշրջում՝ իր բոլոր հետեւանքներով ու պատասխանատվությամբ: Մենք արդեն դրա մոտավոր փորձն ունենք` 1998-ի պալատական հեղաշրջումը, ինչը ստեղծված իրադրությունում գուցե արդարացի է, սակայն սահմանադրական չէ: Երկրորդ․ ժողովուրդն է կանգնում` դուրս գալով փողոց ու հրապարակ, փակելով ամեն շարժ ու ընթացք, կաթվածահար անելով երկիրը, ինչպես արեց 2018-ի ապրիլին՝ Նիկոլի պատասխանատվությամբ: 

Նիկոլին հեռացնել իր եկած ճանապարհով: Դարձյալ մնում ենք փողոցի եւ հեղափոխության հույսին, դարձյալ չի աշխատում պետական ու սահմանադրական միջոցը: Իսկ Նիկոլը քաջություն չունի, որ ինքնակամ հեռանա, քանի որ վախկոտ է եւ մանր:

Հուսիկ Արա