Կարծեմ՝ 1996-ին ԱԺ բակում Վազգեն Մանուկյանը չէր կրակում

Կարծեմ՝ 1996-ին ԱԺ բակում Վազգեն Մանուկյանը չէր կրակում

Դեկտեմբերի 5-ի հանրահավաքի ավարտին ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին վերջնաժամկետ տվեց՝ մինչեւ դեկտեմբերի 8-ի ժամը 12։00-ն։ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին երեկ հարցրինք՝ իսկ ի՞նչ կլինի, եթե Փաշինյանը հրաժարական չտա։

«Եթե չի տալիս, ուրեմն Նիկոլ Փաշինյանը ստիպված է լինելու հրաժարական տալ։ Ազատության հրապարակում Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վերջնաժամկետ, կա՛մ այսօր, կա՛մ վաղն առավոտյան Իշխան Սաղաթելյանը հետագա գործողությունների մասին տեղյակ կպահի, մենք ունենք ժամանակ՝ մինչեւ վաղը ժամը 12-ը՝ ակնկալելով, որ Նիկոլ Փաշինյանը գոնե այս անգամ շատ ավելի ծանրութեթեւ կանի, մի փոքր հույզերին չի տրվի, չի տրվի այդ տգետ գայթակղությանը՝ վարչապետական աթոռը պահելու, որովհետեւ այդ աթոռը հնարավորինս պահելու համար Նիկոլ Փաշինյանը շատ թանկ գին է վճարել, եւ այդ գինը հայ ժողովրդից է տարվել, մեր հայրենիքից է տարվել, եւ պատասխան ունի տալու»։

Երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հոդվածում մեջբերել է Վազգեն Մանուկյանի՝ հանրահավաքում հնչեցրած հետեւյալ խոսքերը․ «Նիկոլ Փաշինյանը մի բան էլ պետք է հասկանա, որ այս շարժումը, որ ստեղծված է, ինքն ինչքան շուտ հրաժարական տա կամավոր, այնքան լավ: Շարժումը չհաղթեց` գազազած ժողովուրդն իրեն կհոշոտի»: «Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա: Թող հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով»։ Ապա 1-ին նախագահն արել է հետեւյալ մեկնաբանությունը․ «Սրանով Մանուկյանը նշագծում է Փաշինյանի հեռացման երկու ճանապարհ` կամավոր կամ բռնությամբ: «Հոշոտել» եւ «զոռով» բառերն այլ բան, քան բռնություն, չեն նշանակում»:  

Գեղամ Մանուկյանին հարցրինք՝ 16 կուսակցությունները գնալո՞ւ են բռնության, արդարացվա՞ծ են Տեր-Պետրոսյանի մտահոգությունները։ «Երեկ, երբ ընթերցեցի հոդվածը, առաջին միտքը, որ եղավ՝ ո՞վ է դատավորը, ո՞վ է խոսում քաղաքացիական պատերազմից, բռնությամբ իշխանություն հեռացնելուց, Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը, որ այդպես բռնությամբ Վազգեն Մանուկյանին՝ օրինական ընտրված նախագահի թեկնածուին, թույլ չտվեց դառնալ հանրապետության նախագահ։ Երկրորդը․ Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը, ով 2008-ի մարտի 1-ին նախորդած շաբաթների ընթացքում ընդդիմության առաջնորդն էր։ Վազգեն Մանուկյանի «զոռովը», Վազգեն Մանուկյանի այդ երկընտրանքը՝ «կա՛մ կամովի, կա՛մ զոռով», առնվազն մեռած լեզուներ իմացող եւ փայլուն բանասեր, պատմաբան Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է անդրադառնար, որ հռետորական խոսքը, կոնկրետ քաղաքական գործողությունները թեեւ իրար փոխլրացնող են, բայց գործողությունների բացատրությունը փոխաբերական կարող է լինել։ Այո, զոռով, բայց զոռով չի նշանակում, Աստված մի արասցե, Նիկոլ Փաշինյանի գլուխը կոտրել, ինչպես եղավ իր կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հաշված ժամեր անց, երբ պատուհաններ, սեղաններ ու աթոռներ կոտրեցին, զոռով նշանակում է՝ կամք պարտադրել, ժողովրդի կամքը պարտադրել, եւ Տեր-Պետրոսյանի այդ հափշտապ զգուշացումը քաղաքացիական պատերազմի վտանգի մասին, հակադրելը, որ թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Վազգեն Մանուկյանը պատրաստ են դրան…

Ես 1996-ին բանտում եմ եղել, բայց լավ հիշում եմ այն կրակահերթերի ձայները, որ լսվում էին Ազգային ժողովի բակից, կարծեմ Վազգեն Մանուկյանը չէր կրակում, կրակում էին  Վազգեն Մանուկյանի եւ նրա կողմնակիցների վրա։ Ես լավ հիշում եմ դրանից առաջ Ազատության հրապարակում «Երկրապահի» տղաների կրակոցները՝ էլի ընդդիմադիր ուժերի վրա էր, կարծեմ Վազգեն Մանուկյանն ու Արամ Գասպարի Սարգսյանը չէին կրակում այդ օրերին, կրակում էր այն ժամանակվա երկրապահների հրամանատարներից մեկը՝ Բուռնաշը, եւ Տեր-Պետրոսյանի երեկվա հոդվածում, որտեղ նկարագրում էր Նիկոլ Փաշինյանի՝ մինչեւ վերջ գնալու մոլուցքը, Տեր-Պետրոսյանը մի կարեւոր փաստ մոռացության է տվել, որ 2008 թվականի մարտի 1-ին իր առաջնորդած շարժումը, նաեւ բախումները, առաջնորդում էր Նիկոլ Փաշինյանը»,- պատասխանեց Գեղամ Մանուկյանը։