Հայաստանում այլեւս չկա իշխանություն, կառավարման խորը ճգնաժամ է

Հայաստանում այլեւս չկա իշխանություն, կառավարման խորը ճգնաժամ է

Ստորացուցիչ կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրումից հետո թեպետ Նիկոլ Փաշինյանը շտապեց հայտարարել, թե ընդունում է, որ ստեղծված իրավիճակի պատասխանատուն ինքն է, ապա «իրավիճակը հաղթահարելու եւ երկրում կայունություն ու անվտանգություն հաստատելու» ուղղությամբ առաջիկա վեց ամիսների համար գործողությունների «ճանապարհային քարտեզ» ներկայացրեց, սակայն փաստն այն է, որ նոյեմբերի 9-ից հետո երկրում կատարյալ անիշխանություն է, չեն արվում ամենատարրական քայլերը, որոնք միտված կլինեին իրավիճակի հաղթահարմանը։ Ճիշտ հակառակը՝ հետպատերազմյան խնդիրներն ու մարտահրավերներն իրենց ուսերին են վերցրել անհատ անձինք, մասնավոր կառույցներ, ՀԿ-ներ ու քաղաքական անհատ գործիչներ, իսկ պետական ապարատում կատարյալ քաոս է, քանի որ չկա կառավարում, Նիկոլ Փաշինյանի միակ խնդիրն էլ դարձել է սեփական աթոռն անառիկ պահելու հարցը։ Նա զբաղված է ընդդիմադիրներին եւ ընդդիմախոսներին հակադարձելով, մինչդեռ հիմա պետք է լծված լիներ հետպատերազմյան բարդ խնդիրների լուծմանը՝ մոբիլիզացնելով պետության բոլոր ռեսուրսները եւ պետական ինստիտուտները։

Սակայն բազում փաստեր կան, որոնք վկայում են, որ պետական ապարատում կատարյալ անտերություն է, երկրում՝ կատարյալ անիշխանություն, որը կարող է նոր ծանր հետեւանքների հանգեցնել։

Առաջինը, բնականաբար, պետության սահմանների հարցն է, որը, պարզվեց, նոյեմբերի 9-ից հետո այնքան խոցելի է դարձել, որ ով ասես կարող է ներթափանցել մեր երկիր, ով ասես կարող է մի կտոր պոկել-տանել։ Արցախի քարտեզը գծող ադրբեջանցիներն ու ռուսները չէին կարող պատկերացնել անգամ, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով ստանում են ոչ միայն Արցախում սահմաններ գծելու, այլեւ Հայաստանի սահմանագիծը որոշելու իրավունքը։ Եվ այդ քարտեզագրման խայտառակ գործընթացին ո՛չ Հայաստանից, ո՛չ Արցախից որեւէ պաշտոնյա, որեւէ կառույց չի մասնակցում։ Մասնակցում են որոշ համայնքապետեր, որոշ անհատ անձինք, եւ միայն տեղ-տեղ հայկական կողմիվ դիմադրություն եղավ, այն էլ՝ շարքային քաղաքացիների կամ համայնքապետերի կողմից, որոնք փորձեցին բանակցել թուրքի հետ, կանգնել հրոսակների առաջ, որպեսզի իրենց հայրենի գյուղը, քաղաքը, հանդը, ձորը փրկեն՝ թեկուզ մի քանի մետր կորզելով ատամները սրած թշնամիներից։

Սյունիքում, Վարդենիսում մեր սահմանները հիմա էլ, բառի բուն իմաստով, անտերության են մատնված, հրադադարից հետո թշնամին հաղթածի իրավունքով սահուն քայլերով առաջ է շարժվում, փորձում ավելիին տիրանալ։ Եվ սահմանների պաշտպանության հարցով ոչ թե բանակը, ԱԳՆ-ն, ոստիկանությունը կամ գոնե մարզպետարանն է զբաղվում, այլ տեղի համայնքապետերն ու բնակչությունը, որոնք աշխարհազորային խմբեր են կազմել եւ հերթապահություն են իրականացնում՝ պետություն չունեցող ցեղախմբերի նման, ինչպես արել են, ասենք, 18 կամ 19-րդ դարում։

Պետական կառավարման խնդիրները պետական կառույցների կողմից անտերության մատնվելու մյուս ապացույցը գերիների եւ անհետ կորածների հարցն է։ Հայտնի փաստաթղթում Նիկոլ Փաշինյանը մանրակրկիտ քննարկել եւ ամեն «ստորակետ համաձայնեցրել» է, ինչպես Վլադիմիր Պուտինն է ասում, սակայն մոռացել է նշել գերիների փոխանակման ժամկետները, եւ մինչ այժմ հստակ չեն անգամ գերեվարված, անհետ կորած եւ զոհված զինծառայողների, ինչպես նաեւ քաղաքացիական անձանց թվային տվյալները: Պատերազմի ավարտից մոտ մեկ ամիս անց էլ այս հարցով որեւէ տեղաշարժ  չի նկատվում։ Մենք տեսնում ենք, որ այս կարեւոր հարցով զբաղվում են Արցախի եւ Հայաստանի ՄԻՊ-երը, Կարմիր խաչը, մի քանի իրավապաշտպաններ, իսկ պետությունը, որը պարտավոր էր գործադրել բոլոր ջանքերը՝ օր առաջ գերիներին վերադարձնելու համար, ոչինչ չի անում։ Համառ լուրեր կան, որ Արցախի տարածքում կան շրջափակման մեջ գտնվող զինվորներ, որոնք անտառներում կամ տարբեր վայրերում պատսպարված՝ սպասում են, որ իրենց կփրկեն, սակայն այդ հարցն էլ պետությունը չի կարողանում լուծել։

Ալիեւն ընտրել է Նիկոլ Փաշինյանին հրապարակավ նվաստացնելու, վիրավորելու ճանապարհը, իսկ ՀՀ վարչապետը կուլ է տալիս իր հասցեին ուղղված ցանկացած ստորացուցիչ հայտարարություն եւ անընդունակ է ինչպես հակադարձելու, այնպես էլ որեւէ հարցով զբաղվելու, եւ հայ ժողովրդի միակ հույսը, գոնե գերիների հարցում, մնացել է Վլադիմիր Պուտինը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը, ով ընդամենը մեկ տարի առաջ նախկիններին մեղադրում էր ռուսի ոտքերը լիզելու մեջ, այնպիսի նվաստացված, ստորացված, հոգեպես ընկճված վիճակում է, որ յուրաքանչյուր ելույթում շռայլ երախտագիտություն է հայտնում անձամբ Պուտինին եւ մասնավորապես՝ ռուսական կայսրությանը, որ իրեն դեռ թույլ են տալիս այս մի կտոր պետության վարչապետը մնալ։

Այն, որ երկրում բացակայում է պետական կառավարումը, եւ կառավարման խորը ճգնաժամ կա, երեւում է ոչ միայն վերը նշված խնդիրները լուծելու անկարողությունից, այլեւ, օրինակ, նրանից, թե ինչպես են տարբեր կառույցներ ու մարմիններ, որոնք սովորաբար իշխանամետ են եւ վախվորած, պահանջում վարչապետի հրաժարականը․ Գիտությունների ակադեմիան, ԵՊՀ գիտխորհուրդը, մոտ 2 տասնյակ համայնքապետեր։ Կառավարման ճգնաժամի մասին է խոսում բարձր պաշտոնների զանգվածային թափուր լինելը։ Բանը հասել է այնտեղ, որ փոխնախարարի պաշտոնը համալրելու համար հայտարարություն են տալիս, ինչպես նախարարի քարտուղարուհու թափուր տեղի համար կտային։ Մինչդեռ ժամանակին անգամ կաշառք էին տալիս փոխնախարար նշանակվելու համար, եւ ցանկացողների պակաս չկար։ Սա պետության, կառավարության, բարձր պաշտոնների արժեզրկման մասին է վկայում։ Նիկոլ Փաշինյանի հետ հիմա քչերն են համաձայնում աշխատել։ Իսկ նոր նշանակված պաշտոնյաները մեկը մյուսից խայտառակ հայտարարություններ են անում՝ ապացուցելով, թե ինչքան սխալ էր իրենց նշանակումը, եւ ինչքան անարժան են այդ բարձր պաշտոնին։ Խոսքը, օրինակ, էկոնոմիկայի, ապա ԱԳ նոր նախարարների հայտարարությունների մասին է։

Պետության ճգնաժամի մասին է խոսում նաեւ այն, որ դատական համակարգն այլեւս չի վախենում Փաշինյանի հարձակումներից եւ սկսել է ինքնուրույնություն դրսեւորել՝ չենթարկվելով գործադիրի ճնշումներին։ Եթե սրան հավելենք նաեւ այն, որ Նիկոլ Փաշինյանին բացահայտ մերժում են իր թիմակիցները, այլեւս չկան նրանով անթաքույց ու հրապարակային հիացողներ ու աջակցողներ, ՔՊ-ական վերնախավն ու «Իմ քայլը» «իջել է ջրի հատակը», ապա ակնհայտ կդառնա, որ մեր երկրում կառավարման համապարփակ եւ խորը ճգնաժամ կա։