Հավերժ դժգոհ

Հավերժ դժգոհ

Ոչ, Կոնֆուցիոսի հայտնի ասույթը. «Ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից», մեզ` հայերիս համար չէ: Մենք նախընտրում ենք խավարի մեջ խարխափել, բայց մոմ վառելը մերը չէ: Իսկ ժամանակին Վազգեն Սարգսյանն ասում էր. «Օգնենք, որպեսզի յուրաքանչյուրս վառի իր մոմը, եւ համոզված եմ՝ մոտ ապագայում Հայաստանը կհայտնվի լույսի մեջ»:

Մենք չենք սիրում աշխատել ու պայքարել, իսկ աշխատողներն ու պայքարողները մեզանում, որպես կանոն, հարգանքի փոխարեն արժանանում են նախանձի ու չարախոսության: Տարիներ շարունակ մեր հասարակությունը կարող է բողոքել իշխանություններից, հասարակությունից, քաղաքական վիճակից ու հայի բախտից, բայց նա, ով փորձում է փոխել իրավիճակը, ինչ-որ բան անել, մեր հավանությանն ու աջակցությանը չի արժանանում: Հետեւում եմ համացանցում Էդգար Ղազարյանի նախաձեռնության արձագանքներին:

Թվում է` մեծ թվով մարդիկ պետք է ողջունեին ու աջակցեին նրա փորձերը, չէ՞ որ Դիմադրության շարժման ձախողումը շատերը ծանր տարան: Ոմանք կոչեր էին անում, որ նախկին նախագահներն ազատեն հրապարակը` նոր ուժերի համար: Մեղադրում էին ընդդիմությանն անվճռականության եւ սկսած պայքարը կիսատ թողնելու մեջ: Ծաղրում էին, որ ե՛ւ ցուրտն է խանգարում, ե՛ւ շոգը: Հիմա հայտնվել է մեկը, ով նախկինների հետ չի ասոցացվում, շոգը նրան չի խանգարում, հանրային ապատիայից չի վախենում, չհասկացված լինելուց, ձախողվելուց, հանրային պարսավանքից չի խուսափում` մեր օրերում չլսված խիզախությամբ, ավանտյուրայի հասնող խելահեղությամբ մարդը նետվել է պայքարի մեջ:

Ո՛չ ծաղրն է հետ պահում, ո՛չ հայհոյանքը, ո՛չ պարտության հեռանկարը: Գոնե այսքան մասով կարելի էր ողջունել Էդգար Ղազարյանին, բայց մենք հավերժ դժգոհների եւ խավարն անիծող փնթփնթանների հասարակություն ենք: