Պարտված լինելն ամրագրելը երջանկության աղբյուր լինել չի կարող 

Պարտված լինելն ամրագրելը երջանկության աղբյուր լինել չի կարող 

Պատկերացրեք, որ այլմոլորակայինները հանկարծ որոշել են հետազոտել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու գործընթացը: Առաջին հերթին նրանք կծանոթանան նշված երկրների ղեկավարների խոսույթին: Եվ քանի որ նրանց համար ազգային լեզուներ ընկալելու սահմանափակումներ չկան, իրենք հայերենով կլսեն կամ կկարդան ՀՀ վարչապետ կոչեցյալ Փաշինյան Նիկոլի, օրինակ, այս ասույթը. «Ես նորից կրկնում եմ, որ երեկվա սադրանքի նպատակը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու, ԼՂ-ի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերը հասցեագրելու ջանքերը չեզոքացնելն է»: Որպես տրամաբանությամբ օժտված և չեզոք դիրքորոշում ունեցող սուբյեկտներ՝ նրանք վստահաբար կմտածեն, որ նախորդ օրը տեղի ունեցած ինչ-որ սադրանքի հեղինակն այն երկիրն է, որը չի ցանկանում, որպեսզի խաղաղություն հաստատվի հարևանների միջև: Եվ կփորձեն գտնել այն երրորդ երկիրը, որ խանգարում է հարևանների բարի դրացի լինելուն: Բայց, բնական է, որ դրան չեն հայտնաբերի, քանի որ այն գոյություն չունի:

Եվ որպեսզի հասկանան, թե ինչ է տեղի ունենում մեր տարածաշրջանում, կանդրադառնան ադրբեջանական ղեկավարի ելույթներն: Որպես ուղղագիծ դատողության կրողներ՝ նրանք սկզբում կընկնեն կոնգնիտիվ դիսոնանսի մեջ: Որովհետև դրացիությունը ենթադրում է երկու կողմի համերաշխ գործողություն՝ հատկապես խաղաղության ձգտելու դեպքում: Իսկ Ադրբեջանի ղեկավարի ելույթներում նրանք կդիտարկեն միայն սպառնալիքներ, ուրիշ ոչինչ: Իսկ եթե կողմերից մեկը սպառնալիքներ է հնչեցնում, ապա խաղաղություն հաստատելը նույնիսկ տեսականորեն հնարավոր չէ: Եթե, իհարկե, կողմերից մեկը չի ընդունում այն, ինչ պարտադրում է դիմացինը: Երկար փնտրտուքներից հետո այլմոլորակային հետազոտողները կբացահայտեն, որ այդ երևույթն առկա է: Եվ այն կոչվում է պարտվողական խաղաղության պարտադրանք: Իմանում են նաև, որ այդպիսի խաղաղությունը երկարատև լինել տեսականորեն չի կարող: Որովհետև երկրագնդի վրա բնակվող մարդկությունը դեռևս գտնվում է փոփոխությունների գործընթացում: Դրա հետևանքով այսօրվա հզորները վաղը կարող են վերածվել թույլերի և նույնիսկ «լուզերների»: Ինչը չի կարող չբերել նման պայմանագրերի չեղարկմանը:

Այլմոլորակայինները կծանոթանան նաև վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի մեկ այլ մտքին: Ահա այն՝ «Ադրբեջանը իրադրությունը սրելու և ԼՂ-ն հայաթափելու հետևողական քաղաքականություն է վարում։ Դա այն քաղաքականությունն է, որի վերաբերյալ հայկական կողմը երկար ժամանակ է ահազանգում է։ Ադրբեջանի գործելակերպն ավելի ու ավելի տեսանելի կերպով հենց այդպես է ընկալվում նաև միջազգային հանրության կողմից»: Եվ, կրկնվեմ, որպես առողջ դատողությամբ օժտված հումանոիդներ, այլմոլորակայինները կսկսեն կասկածել կա՛մ իրենց և կա՛մ երկրագնդի բնակչության մտածողության ադեկվատությանը: Կամ գոնե եթե ոչ ընդհանրապես մարդկային, ապա գոնե վարչապետ կոչեցյալ անձի և նրա հիշատակած՝ միջազգային հանրության առումով: Որովհետև եթե Ադրբեջանի հետևողական քաղաքականությունն անընդունելի է, ապա ինչպե՞ս է այդ երկրի հետ խաղաղություն հաստատում Հայաստանը: Դա՝ մեկ, և երկրորդ՝ համացանցում «գուգլելով» պարտվողական քաղաքականություն կոչեցյալ երևույթը, նրանց հետազոտողները կիմանան, որ դրա նկատմամբ առկա է 180 աստիճանով տարբերվող դիրքորոշում: Դա նույն այդ միջազգային հանրության տեսակետն է ռուս-ուկրաինական պատերազմի առնչությամբ: 

Ու կրկին այլմոլորակայինները կընկնեն կոգնիտիվ դիսոնանսի գիրկը: Որովհետև չեն կարողանա պատկերացնել, թե ինչու մի հակամարտության դեպքում միջազգային հանրությունը կողմ է պարտվողական քաղաքականությանը, իսկ մեկ ուրիշի դեպքում՝ դեմ: Ու կողմ լինելով՝ ոգևորում ու դրդում է պարտված երկրի իշխանությանը, որպեսզի ընդունի այն: Իսկ դեմ լինելով՝ սպառազինությամբ ու գումարներով օժանդակում է պայքարող երկրի ղեկավարությանը, որպեսզի շարունակի չընդունել նշված քաղաքականությունը: Եվ խոր մտածմունքների մեջ ընկած հումանոիդներին այդ հոգեվիճակից դուրս է բերում արցախցի մի մանչուկ, որ պայքարի դրոշակ բարձրացրած՝ վազվզում է իր բակում: Ու այլմոլորակայինները վերջապես կհասկանան, որ խնդիրը թշնամու կամ միջազգային հանրության մեջ չէ: Եվ ոչ էլ միջպետական փոխհարաբերություններին առնչվող երևույթների մեջ: Խնդիրն ունի մարդկային և հանրային բնույթ: Եթե մարդը (կամ հանրությունը) պայքարում է հանուն իր երջանկության, չափազանց բարդ է նրան պարտադրել հակառակը: Որովհետև հակառակը, այսինքն՝ պարտված լինելն ամրագրելը, երջանկության աղբյուր լինել չի կարող: