Տիգրան Արզաքանցյանը երեւի չգիտի, որ փաստաբանը բժշկի է նման՝ բուժում է անկախ նրանից, թե ով է հիվանդը

Տիգրան Արզաքանցյանը երեւի չգիտի, որ փաստաբանը բժշկի է նման՝ բուժում է անկախ նրանից, թե ով է հիվանդը

«Հրապարակի» զրուցակիցն է փաստաբան Միքայել Ահարոնյանը։

- 2 օր առաջ ԱԺ նախկին պատգամավոր, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանն իր մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձավ բլոգեր Վարդան Ղուկասյանի, Արտակ Գալստյանի հետ կապված գործին եւ հանդիմանություն հնչեցրեց վերջիններիս փաստաբանի հասցեին, նշելով, որ նա պետք է ամաչի Ղուկասյանին պաշտպանելու համար: Բառացիորեն ասում էր՝ ինչպես է այդ փաստաբանը գնում տուն եւ նայում իր երեխաների աչքերին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը, որ հնչել է իրեն հասարակական, քաղաքական գործիչ համարող անձի կողմից։ Կարելի՞ է արդյոք պաշտպանել ծանր հանցագործներին։ Ինչո՞ւ հանրությունը չի ընկալում, որ յուրաքանչյուր մարդ ունի պաշտպանության իրավունք ունի։

- Հնչեցված հարցը, ինչ խոսք, նաեւ փիլիսոփայական երանգներ ունի։ Տիգրան Արզաքանցյանը միգուցե օգտվել է կարծիքն ազատ արտահայտելու իր՝ Սահմանադրությամբ նախատեսված իրավունքից, սակայն երեւի հաշվի չի առել այն հանգամանքը, որ յուրաքանչյուր մարդ ունի պաշտպանության իրավունք։ Փաստաբանությունը իրավապաշտպան գործունեության տեսակ է, եւ մասնավոր փաստաբանն ինքնուրույն է որոշում իր գործերի քանակը։ Պատկերը մի փոքր այլ է հանրային պաշտպանների դեպքում։ Որոշակի չափանիշներ հաշվի առնելով՝ հանրային պաշտպանը պարտավոր է պաշտպանել քաղաքացու իրավունքները եւ իրավաչափ շահերը։ 

Պետք չէ նույնացնել փաստաբանին իր վստահորդի հետ, ինչը տվյալ պարագայում հավանաբար կատարել է Տիգրան Արզաքանցյանը։ Սա միշտ եւ տարբեր, հատկապես, հասարակության շրջանում զգայուն քրեական վարույթներով սադրանքի փորձեր են։ Փաստաբանը անձին պաշտպանում է մեղադրանքից։ 

Մեր աշխատանքը հաճախ նման է բժշկի աշխատանքին. վիրահատությունն իրականացնող բժիշկը կատարում է վիրահատությունը՝ անկախ այն հանգամանքից, թե ո՞վ է վիրահատվողը եւ ի՞նչ հանգամանքներով է բուժօգնության դիմել։
Ինչ վերաբերում է հարցի մյուս բաղադրիչին, ապա փաստաբանի համար պետք է առավել զգոն լինեն ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերով պաշտպանությունը, եւ նորից եմ կրկնում, որ յուրաքանչյուր դեպքում անձն ունի պաշտպանության իրավունք։ 

Պատկերացրեք ոստիկանության բաժնում մեր գործընկեր փաստաբանի նկատմամբ բռնություն է կիրառվում եւ մեր մեկ այլ գործընկեր պաշտպանում է ոստիկանության աշխատակցի իրավունքներն ու օրինական շահերը։ Բոլոր դեպքերում փաստաբանը կատարում է իրավապաշտպան գործառույթ եւ իր գործունեությամբ պայմանավորված չպետք է արատավորվի նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։

 - Երբ փաստաբանին ամոթանք են տալիս այս կամ այն անձին պաշտպանելու համար՝ դա կարելի՞ է համարել փաստաբանի նկատմամբ հոգեբանական ճնշում։ 

- Փաստաբանը կատարում է իր մասնագիտական օրինական գործունեությունը։ Տարիների ընթացքում չեն սպիացել փաստաբանների նկատմամբ ճնշումներ գործադրելու դեպքերը։ Վառ օրինակ է մեր լուսահոգի ընկերոջ՝ փաստաբան Արսեն Մկրտչյանի օրինակը։ Նա պաշտպանում էր գեներալ Մանվել Գրիգորյանի իրավունքներն ու շահերը։ Հիշում եք երեւի այդ հայտնի իրադարձությունները։ Հոգեբանական ճնշումները կամ ավելի ճիշտ անհանդուրժողականության դրսեւորումները միայն զգայուն կամ հասարակությանը հետաքրքրող գործերով չէ, որ արվում են։ Ցավոք, հասարակության իրավագիտակցության մակարդակով պայմանավորված՝ վստահորդը նույնացվում է փաստաբանի հետ եւ փաստաբանը հանիրավի դառնում է պարսավանքի թիրախ։

- Փաստաբանական համայնքի վերջին շրջանի դժվարությունները Դուք ինչպե՞ս եք բացատրում։ Ֆիզիկական բռնություն ոստիկանների կողմից, ճնշումներ՝ իշխանությունների կողմից։

- Այս մասին արդեն շատ է խոսվել ու գրվել։ Վերջին չորս ամիսների ընթացքում արդեն երկրորդ դեպքն է, երբ մեր գործընկեր փաստաբանները, իրենց մասնագիտական օրինական գործունեությունն իրականացնելիս, հենց ոստիկանության բաժնում ենթարկվում են բռնության։ Մենք ինքներս ենք պաշտպանում այլ անձանց բռնություններից եւ տրամաբանական է համայնքի ուրույն վարքագիծը այս հարցի շուրջ։ Վերջերս իրականացրեցինք մեկօրյա բողոքի ակցիա, այսպես ասած, գործադուլ՝ հրաժարվելով իրավաբանական օգնություն ցույց տալուց։ Սա երեւի ամենածայրահեղ քայլերից մեկն է, որ փաստաբանը կարող է անել՝ հօգուտ իրավունքի պաշտպանության։ Մենք հետեւողական ենք լինելու ու պայքարելու ենք մեր իրավունքների համար։