ԵՊՀ-ում շրջում է օպտիմալացումների ուրվականը

ԵՊՀ-ում շրջում է օպտիմալացումների ուրվականը

Մեր աղբյուրների հավաստմամբ՝ Երեւանի պետական համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպումը վստահված է ԵՊՀ ռեկտորի ժ/պ Գեղամ Գեւորգյանին։ ԵՊՀ 100-ամյակը կնշվի սեպտեմբերին։
Գեղամ Գեւրոգյանի  հետ հանդիպել է նաեւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, քննարկել այդ հարցերը։ 

Մեր տեղեկություններով՝ խոսակցություններ կան նաեւ ԵՊՀ պրոռեկտորներին փոխելու մասին, իսկ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի նախատեսած բարեփոխումների հանձնաժողովը եւ ներկայացրած առաջարկությունները վերանայման ընթացքում են։ 

Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ ԵՊՀ-ում նախատեսվում է օպտիմալացում, կան ֆակուլտետներ, որոնք չեն կարողանում ունենալ անհրաժեշտ թվով դիմորդներ, մրցույթ չկա այդ ֆակուլտետներում։ 

«Դեռ ժամանակին Գեղամ Գեւորգյանը առաջ էր քաշել արմատական կրճատումների ծրագիր, դա ներկայացրել էր նախորդ գիտխորհրդին, Արամ Սիմոնյանն ասել էր, որ ինքը դրան համաձայն չէ, բայց առաջարկել էր այն քննարկել։ Ինքն ավելի արմատական մոտեցումների կողմնակից է, կարծում է, որ եթե շուկայի հետ տվյալ մասնագիտությունն ուղղակի չունի առաջարկ-պահանջարկ, ապա պետք է լինեն կրճատումներ, ամբիոնները միավորվեն, նաեւ՝ այն ֆակուլտետները, որոնք չեն կարողանում հավաքել անհրաժեշտ քանակի դիմորդներ, պետք է օպտիմալացվեն։ Կարելի է ասել, որ ԵՊՀ-ում շրջում է կրճատումների եւ օպտիմալացումների ուրվականը»,- տեղեկացրեց մեր աղբյուրը։