Պուտինի հեռուստաուղերձը՝ համարյա լակմուս

Պուտինի հեռուստաուղերձը՝ համարյա լակմուս

Ինչպես հայտնի է, Wagner մասնավոր ռազմական խմբավորման եւ ՌԴ ՊՆ ղեկավարության միջեւ ծավալված դրամատիկ դիմակայության կապակցությամբ այսօր հրատապ հեռուստաուղերձով հանդես եկավ ՌԴ նախագահը: Եվ ինչպես հայտնի է լրահոսից, Վլադիմիր Պուտինի հեռուստաուղերձից շատ չանցած լրատվամիջոցները հայտնեցին, որ Wagner-ի վերահսկողության ներքո են անցել ռազմական եւ իրավապահ համակարգի օբյեկտները ոչ միայն Դոնի Ռոստովում, այլեւ արդեն Վորոնեժ քաղաքում: Ինչով է դա նշանակալի՞ց…  Նրանով որ նայելով Ռուսաստանի քարտեզին Վորոնեժը գտնվում է Դոնի Ռոստովից Մոսկվայի ձգվող, եւ որքան կարելի է հասկանալ, M4  համարը կրող ավտոմայրուղու կենտրոնում: Վորոնեժից Մոսկվա հեռավորությունը կազմում է շուրջ 500 կմ, նույնքան էլ կազմում է Վորոնեժից դոնի Ռոստով հեռավորությունը: 

Եթե այսօր կեսօրին արդեն Wagner-ի եւ դրա հրամանատար Եվգենի Պրիգոժինի վերահսկողության տակ են անցել Վորոնեժի ռազմական ու իրավապահ օբյեկտները, ապա մինչեւ երեկո ավելի քան հնարավոր է Wagner-ի զինյալները անցնեն մնացյալ 500 կմ-ը եւ կանգնեն Մոսկվային մատույցներում: Եթե հաշվի առնենք որ Վորոնեժի նահանգապետից մինչեւ ավտոսիրողներին միավորող ՀԿ-ներ քաղաքացիներին կոչ էին անում շրջանցել M4 պետական ճանապարհը եւ դրանից հեռու մնալ, Պրիգոժինի «արդարության արշավը» կարծես ոչ ոք չի պատրաստվում կասեցել, բոլորը նախընտրում են հեռու մնալ: Մոսկվայում հակաահաբեկչական դրություն է հայտարարվել եւ դրանից բխող միջոցառումներ են անցկացվում: Մնում է սպասել եւ տեսնել, թե Wagner-ի զինյալների` Մոսկվայի մատույցներում հայտնվելուն ի՞նչ կհետեւի. Պրիգոժինը Մոսկվա կմտնի նո՞ւյն դյուրությամբ, ինչ Դոնի Ռոստով եւ Վորոնեժ, թե՞ պատկերը տարբեր կլինի:

Դատելով Վլադիմիր Պուտինի հեռուստաուղերձից զարգացումները անկանխատեսելի են: Իհարկե, Պուտինը իր խոսքի մի հատվածում մի ֆրազով այսպես կոչված «Նովոռոսիայի» քաղաքների ազատագրման համար դրվատեց  Wagner-ականներին, մի այլ հատվածում նրանց դավաճանության մեջ մեղադրեց, Պրիգոժինն էլ քիչ անց իր կողմից պատասխանեց, թե ՌԴ նախագահը «խորապես սխալվում է», Wagner-ականներին հայրենիքի դավաճանության մեջ մեղադրելով, այդ ՊՆ ղեկավարությունն է հայրենիքին դավաճանում ընթացող ծանր պատերազմի պայմաններում թալանով ինչ կարող են; 
Եվ այստեղ էլ պահի ողջ նրբությունն  է: 

Երբ Պուտինի հեռուստաուղերձը ամբողջությամբ դիտում ես կամ ընթերցում, դրանում կարմիր թելի պես անցնում եւ ուշադրություն է գրավում որոշակիության բացարձակ բացակայությւնը: Որեւէ մեկին որեւէ գործողություն չի վերագրվում: Պուտինը ընդհանուր խոսում է դավաճանության աններելիության, երկիրը 1917թ-ի անդունդը հրելու, պետությանը մեջքից հարված հասցնելու եւ այլնի մասին, որեւէ կերպ չնշելով թե ով որ գործողությամբ է նման արարք կատարում: Արդյունքում Պուտինի խոսքերը խռովության եւ դավաճանության անթույլատելիության մասին կարող են ետին թվով ու հետահայց վերագրվել ինչպես Պրիգոժինին, այնպես էլ` ՌԴ ՊՆ ղեկավարությունը: Եթե դիմակայությունում պարտվեն վերջիններս, ապա հնարավոր կլինի ասել, թե ՊՆ ղեկավարները իրենց անձեռահաս առաջնոևդությամբ, միջոցների հանցագործ վատնումով կամ յուրացմամբ, զենք-զինամթերքի պատշաճ չմատակարարմամբ, ռազմական խնդիրները արդյունավետ լուծել չկարողանալով, դավաճանել են զինվորներին եւ հայրենիքին եւ նրանց հանդեպ ներում լինել չի կարող; Պուտինի հեռուստաուղերձը այն աստիճան էր անձնավորումից, կոնկրետ արաքների հիշատակումից ու որոշակիությունից զուրկ, որ հետահայաց, կախված նպատակահարմարությունից կարող է վերագրվել, թե Եվգենի Պրիգոժինին, թե Սերգեյ Շոյգուին եւ ընկերներին: 

Սա խոսում է այն մասին, որ Վլադիմիր Պուտինը հակառակ իր սահմանադրական պարտականությունների մասին ճառելու, չի ցանկանում որեւէ կողմի դավաճանության փաստ նշել կամ թվարկել, հավանաբար հետին թվով այն խմբագրելու անհրաժշտության առջեւ չկանգնելու համար, այլ սովորության համաձայն իրադրությունից վեր կանգնած արբիտրի դեր է վերցրել, որպեսզի իրադրության հանգուցալուծումից հետո բարենպաստ դիրքավորվի:  Իսկ գուցե անկեղծորեն չի կարողանում կողմերի միջեւ ընտրություն կատարել, որվհետեւ մի կողմից, որքան էլ Եվգենի Պրիգոժինը իր մտերիմն է եւ հեռուսատաուղերձում էլ ընդունեց, որ Wagner-ի շնորհիվ են «Նովոռոսիայում» (Ուկրաինայի հարավ-արեւելքում) տարածքներ նվաճել, միեւնունն է այս պահին Պրիգոժինի արածը զինված խռովություն է (ամեն դարասկզբին գոնե մեկ անգամ ծավալվող հերթական ռուսական смута), որը հարվածում է ռուսական պետությանը:

Մյուս կողմից, որքան էլ ՌԴ ՊՆ եւ ԶՈՒ ղեկավարությունը պետության հենասյուներից են, որոնց դեմ ընդվզումը չի կարող չճնշվել, Պուտինը չի կարող չգիտակցել, որ մեկեւկես տարում 150-200 000 զոհ ու վիրավոր տալը, որեւէ նկատելի ձեռբերումներ չունենալը, հակառակորդի` օրեցօր ավելի զինավարժ ու սպառազեն դառնալը, որպես թնդանոթի միս օգտագործվող զինվորականների կողմից ի վերջո ընդվզման կհանգեցնեն եւ իրական դավաճանությունը գուցե հենց մարտիկներին այդ ընդվզմանը հասցնելն է: Իսկ իրերն իրենց անունով կոչելիս, դավաճանությունը առհասարակ նման տխմար ու դատապարտված պատերազմի մեջ մտնելն է, որի պատասխանատվությունը հենց Վլադիմիր Պուտինի ուսերին է, ուրիշ ոչ մեկի: 

Հեռուստաուղերձը լակմուսի նման ցույց տվեց, որ Պուտինը ակնհայտորեն տարուբերվում է մեջտեղում, մինչեւ իրադրությունը հանգուցալուծվի: Եվ որքան երեւում է, անձամբ ինքը իրադրության վրա վճռորոշ ազդելու  կարողություն էլ չունի: Ընդամենը մի ՊՆ ուղղաթիռ էին ուղարկել դեպի Մոսկվա սուրացող Wagner-ականների շարասյունը ռմբակոծելու, ռմբակոծության արդյունքում Վորոնեժի նավթի պահեստներն են բռնկվել ու պայթել, քաղաքում արտակարգ դրություն ստեղծել: Ոչ այն է ինչ-որ քայլեր կատարեն, ոչ այն է` ձախավեր իրագործումից ու հետեւանքներից խուսափելու համար ոչինչ չանեն: