Որն էր անդառնալիության կետը

Որն էր անդառնալիության կետը

Մտովի հետ եմ գնում եւ փորձում եմ հիշել, թե որ պահին ենք բաց թողել այն լավագույն շանսը, այն հրաշալի պահը, երբ կարող էինք ճիշտ ուղով գնալ եւ ունենալ լավ պետություն ու խոստումնալից ապագա։ Ոմանք այդ կետը համարում են 1995 թվականը, երբ խորհրդարանական ընտրությունների նախօրեին իշխանությունը գնաց քաղաքական դաշտը վերաձեւելու ու ցանկալի արդյունք ունենալու ճանապարհով եւ չխորշեց կուսակցություններին մի կաթսայի մեջ լցնելուց, ապա՝ ընտրակեղծիքներից եւ ստացավ այն, ինչ ուզում էր ստանալ՝ դրանով սկիզբ դնելով ընտրակեղծարարության շղթային։ Ոմանք համարում են, որ այդ կետն ավելի ուշ շրջանում ենք ունեցել՝ 1997-ին, երբ մերժեցինք Լեւոն Տեր-Պետրոսյանի փաթեթային լուծման տարբերակը եւ երկրի նախագահ կարգեցինք Ռոբերտ Քոչարյանին։ Կամ՝ գուցե 1999-ի հոկտեմբերի 27-ին։

Հնարավոր է՝ 2003-2004 թվականներն էին անդառնալիության կետը։ Չի բացառվում, որ 2008-ի դեպքերի ժամանակ հեռացանք ճիշտ ուղուց։ Արեւմտամետները, օրինակ, կարծում են, որ 2013 թվականին Մաքսային միություն մտնելու որոշումն էր շրջադարձային մեզ համար։ Հանրապետականները կարծում են, որ մեր կործանման սկիզբը դրվեց 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը ստիպեց Սերժ Սարգսյանին հրաժարական տալ եւ ինքը եկավ իշխանության։

Նախկիններին ու ներկաներին չհարող մի զանգված էլ կարծում է, որ մեր երկրի գլխին այս բոլոր փորձանքները չէին գա, եթե Սերժ Սարգսյանը 2015 թվականին չորոշեր փոխել Սահմանադրությունը եւ երրորդ ժամկետի գնալ։ Եթե իշխանությունը խաղաղ հանձներ Կարեն Կարապետյանին, ապա Նիկոլ Փաշինյանը չէր գա իշխանության։ Դժվար է ասել, թե որ պահին սխալվեցինք եւ ինչում։ Շատ ավելի դժվար է հաշվել՝ հնարավո՞ր է արդյոք սխալն ուղղել, եւ մենք պահպանե՞լ ենք արդյոք սխալը շտկելու շանսը։