AUA-ի «շրջանաձեւ տնտեսությունն» ու մնացյալ մտքի «գոհարները»

AUA-ի «շրջանաձեւ տնտեսությունն» ու մնացյալ մտքի «գոհարները»

Նախադասություն 10. «Ծրագիրը միտված է լրացնելու Հայաստանում շրջակա միջավայրի եւ կայունության գիտության ոլորտում առկա բացը»։ 

Ենթադրելի է՝ հերթական անգրագետ նախադասությամբ ցանկացել են ասել, թե «Ծրագիրը կոչված է լրացնելու բնապահպանության եւ կենսապահպանության խնդիրների նկատմամբ գիտական մոտեցման պակասը կամ բացակայությունը Հայաստանում»: 

Նախադասություն 11. «Այս բացը հեշտությամբ նկատելի է քաղաքաշինության, կայուն զարգացման եւ կառավարման ոլորտներում, ինչպես նաեւ Հայաստանում բնական ռեսուրսների անարդյունավետ կառավարման գործում»։ Նախադասությունը հայերեն կհնչի այսպես. «Այդ բացակայությունը տեսանելի է քաղաքաշինության, կենսապահպանման, վարչական կառավարման ոլորտներում, ինչպես նաեւ բնական պաշարների ոչ արդյունավետ տնօրինման հարցում»: «Կառավարման ոլորտ» բառակապակցության համար պետք է հստակեցվի, թե ինչ կառավարման մասին է խոսքը` վարչակա՞ն, ռեսուրսնե՞րի, թե՞ մեկ այլ:

Նախադասություն 12. «Ծրագիրը կխթանի տեղական եւ միջազգային մակարդակով տեղեկացված եւ միասնական մարդկային ռեսուրսի ստեղծմանը, որ անհրաժեշտ է Հայաստանին տարատեսակ մարտահրավերներ հաղթահարելու համար»,- նշում է ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի եւ BSESS ծրագրի ղեկավար Ալեն Ամիրխանյանը»։
Ինչ մակարդակում AUA-ի Զավեն եւ Սոնյա Ագյանների անվան Բնագիտության եւ ճարտարագիտության քոլեջի դեկանի գրագիտությունն է, նույն մակարդակում էլ քոլեջի կողմից առաջարկվող BSESS ծրագրի ղեկավարի գրագիտությունն է: Հայերենում «մարդկային ռեսուրս չի ստեղծվում», այլ` պատրաստվում են մասնագետներ, «մարտահրավերները չեն հաղթահարվում», այլ մարտահրավերները դիմագրավվում են, դժվարությունները կամ ծագող խնդիրները` հաղթահարվում: Արդյունքում, նախադասությունը եթե AUA-ի տեքստային ձայնարկություններից թարգմանվի հայերեն, ապա մոտավորապես կստացվի. «Ծրագիրը նպաստի տեղական եւ միջազգային փորձին տիրապետող մասնագետների պատրաստմանը, որոնք անհրաժեշտ են Հայաստանին՝ ծագող խնդիրները լուծելու համար,- նշում է ՀԱՀ Յակոբեան Բնապահպանական կենտրոնի եւ BSESS ծրագրի ղեկավար Ալեն Ամիրխանյանը»: 
Նախադասություն 13. «BSESS ծրագրի շրջանավարտները հնարավորություն կունենան զարգացնել իրենց կարիերան կանաչ ֆինանսների, շրջանաձեւ տնտեսության եւ քաղաքային տրանսպորտի ոլորտներում, ինչպես նաեւ կայունության, էներգիայի, բնական ռեսուրսների կառավարման եւ այլ բնագավառներում»:

Հերթական անհոդաբաշխ բառակույտը, որ ոչ մի գիտակցական վերլուծության կամ ընկալման չի տրվում: Ի՞նչ է նշանակում «կանաչ ֆինանսներ»… ԱՄՆ դոլա՞րն է Հայաստանում դառնալու ազգային արժույթ: Կամ՝ ի՞նչ ասել է «կարիերա զարգացնել» … անգլերենում կարող է ասվել to pursue a career of, բայց հայերենում դրա համարժեք թարգմանությունն «աշխատանքային գործունեություն ծավալել» բառակապակցությունն է: «Շրջանաձեւ տնտեսության» մասին արդեն ասվել է եւ այլն: Միով բանիվ, փոքրիշատե իմաստ արտահայտելու համար նախադասությունը մոտավորապես պետք է լինի այսպես. «BSESS ծրագրի շրջանավարտները հնարավորություն կունենան աշխատանքային գործունեություն ծավալել բնապահպանման եւ կենսապահպանման ոլորտների ֆինանսավորման, վերարտադրողական տնտեսության, քաղաքային տրանսպորտի, էներգակիրների, բնական ռեսուրսների կառավարման եւ այլ ոլորտներում»: 

Ինչպես չնկատես, որ «կարիերա զարգացրած» կարիերիստի բովանդակազրկություն ու ձեւամոլություն պետք է ունենալ՝ սեփական «գրագիտությունն» առանց բացառության ամեն նախադասությունում ցուցադրել-ամրագրելու համար: 

Նախադասություն 14. «Ծրագիրը կարող է նաեւ ամուր հիմք ծառայել նրանց համար, ովքեր դիտարկում են մագիստրոսական կրթությունը շարունակել շրջանաձեւ տնտեսության, թափոնների կառավարման, կենսատնտեսության, տրանսպորտի եւ քաղաքային կյանքի պլանավորման եւ զարգացման, աշխարհատարածական գիտությունների եւ այլ ոլորտներում»:

Նույն հայատառ, բայց ոչ հայերեն, տգետ ու իմաստազուրկ բառակույտերից է, որի միջով եթե հատված առ հատված անցնենք, ապա ոչ թե «մագիստրոսական կրթությունը շարունակել», այլ` կրթությունը շարունակել մագիստրատուրայում կամ մագիստրոսական կրթություն ստանալ: Թե ինչ է «կենսատնտեսություն»-ը, բացարձակապես հասկանալի չէ, «քաղաքային կյանքի պլանավորում» չի լինում. կա՛մ քաղաքային տնտեսության պլանավորում, կա՛մ քաղաքի զարգացման պլանավորում, «աշխարհատարածական գիտություններ» հասկացություն հայերենում ընդհանրապես գոյություն չունի, կան տիեզերագիտություն, երկրագիտություն, աշխարհագրական գիտություններ, բնագիտություն, բնական գիտությունների ճյուղեր, AUA-ում թող կողմնորոշվեն, թե ինչի մասին են խոսում, ոչ թե` հայերենում գոյություն չունեցող հասկացություններ մոգոնեն:

Հավատացնում եմ, հայերենի իրենց իմացությունն այնքան ողորմելի մակարդակում է, որ հայերեն մի տարրական տեքստ ի վիճակի չեն գրել, 15 նախադասությունից 13-ը հայատառ, ոչ հայերեն ձայնարկություններ են, եւ «գրագիտության» այդ մակարդակում կարծում են, թե իրենք կարող են հայերենում բառաշինությա՞մբ զբաղվել…
Նախադասություն 15. «Շրջակա միջավայրի եւ կայունության գիտությունների բակալավրի ծրագրի մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ հետեւյալ հոլովակից եւ ծրագրի կայքէջից: Դիմումների պահանջների, վերջնաժամկետների եւ ուսման վարձավճարների մասին տեղեկատվությունը հասանելի է ՀԱՀ բակալավրիատի ընդունելության կայքէջում: Լրացուցիչ հարցերի համար խնդրում ենք գրել [email protected] հասցեին»։
Այս նախադասության կրկնվող սխալներին նախընթաց հատվածներում արդեն անդրադարձ եղել է, չենք կրկնի: Պարզապես արձանագրենք, որ այդ պարզունակ, 15 նախադասությունից կազմված մամուլի հաղորդագրությունն այնպիսի անհատակ տգիտություն է ի ցույց դնում, որի համար ոչ միայն AUA-ի մասնաշենքերում գտնվողները, այլեւ այդ մասնաշենքերի բազալտե ու տրավերտինե պատերն էլ եթե ամոթահարությունից բոսորագույն դառնային, դեռ քիչ կլիներ: 

Համալսարանը մի շարքային ՀԿ չէ, որի՝ հայերեն արտահայտվելու փոխարեն հայատառ ձայնարկելն ուշադրության չարժանանա: Համալսարանի կարգավիճակը պահանջում եւ պարտադրում է պատասխանատվություն, գրագիտություն, կրթվածություն: Հետեւաբար, AUA-ի ռեկտորատն ու մնացյալը թող կա՛մ իրենց հաստատությունը բարձրացնեն համալսարանական կրթվածության մակարդակի, կա՛մ ստատուսն իջեցնեն ՀԿ-ի մակարդակի: