Ընդդիմության առաջնորդների պոտենցիալ թեկնածուների ցանկը մեծ չէ
Քաղաքական կապիտալ հավաքելը Հայաստանում բարդ չէ, այն պահպանելն ու զարգացնելն է բարդ: Պատկերացրեք` այս ամայի, անապատացած քաղաքական դաշտում, որտեղ ո՛չ իշխանությունն է մի բան, ո՛չ` ընդդիմությունը, հայտնվի նոր, գրագետ եւ աշխատասեր մեկը ու թեւերը քշտած՝ գործի կպնի: Վստահ եմ` եթե կոպիտ սխալներ չանի, ասենք` զավեշտական հայտարարություններ ու իրականությունից կտրված քայլեր, գլխից մեծ խոստումներ չտա, բոլոր քաղաքական ուժերին պիտակներ չկպցնի, շարքային քաղաքացիներին չարհամարհի եւ այլն, շատ արագ հաջողություն կունենա: Մարդիկ ուղղակի խնդրում են, տենչում են, որ ինչ-որ մեկը հայտնվի` առաջնորդի իրենց, իրավիճակին ադեկվատ արձագանքի: Մի խոսքով` համեստ ու պարկեշտ, ակտիվ ու համարձակ մարդու պահանջ կա օդում:
Բայց մեր հասարակության ողբերգությունն այն է, որ այս պարզ ստարտային պայմաններին ոչ ոք չի բավարարում: Շատ կարճ ժամանակում պարզվում է, որ ամեն մեկը մի խոշոր թերություն ունի, որը նրան թույլ չի տալիս առաջ գնալ, կոնսոլիդացնել մարդկանց, կայանալ ու երկրում իշխանություն վերցնելու հայտ ներկայացնել:
Խոսենք օրինակներով։
Արթուր Վանեցյանն այն քչերից էր, որ կամովին հրաժարվեց շատ բարձր պաշտոնից, եւ 2019 թվականին, երբ դեռ հասարակությունն էյֆորիայի մեջ էր, զգուշացրեց, որ վտանգավոր ճանապարհով ենք գնում, Նիկոլին կանգ առնելու կոչ արեց, հասարակությանը` սթափության, սակայն՝ ապարդյուն: Նա ամենից մեծ շանսերն ուներ առաջնորդելու, նոր ուժի, նոր ընդդիմության լիդեր դառնալու: Հետո սկսվեցին նրա նկատմամբ հալածանքները, եւ մշտապես գովեստներ լսած, փափուկ կյանքով ապրած երիտասարդը նահանջեց, պաուզա վերցրեց, պասիվացավ, ապա միացավ ՀՀ երրորդ նախագահի էշելոնին եւ կորցրեց իրական լիդեր դառնալու շանսը (թեեւ երբեք ուշ չէ սխալներն ուղղելու համար): Մի քիչ համարձակություն, ինքնուրույնություն եւ համառություն ունենալու պարագայում Արթուր Վանեցյանը կդառնար այն ուժը, որը իշխանափոխություն կաներ երկրում եւ ՔՊ-ին այլընտրանք կձեւավորեր:
Հաջորդ թեկնածուն, որն ընդդիմության պոտենցիալ լիդերությունը ստանձնելու շանս ուներ, ըստ իս, Ռուբեն Վարդանյանն էր, ով երբեք իշխանության մեջ չի եղել, կայացած բիզնեսմեն է, մեծ եկամուտների տիրապետող, Հայաստանում մի քանի մշակութային ձեռնարկներ է արել, որոնք հաջողված են, եւ, ամենակարեւորը` կոմպրոմիսային ու կոմունիկաբել` շփվող անձնավորություն է, որը կարող է նախկիններին եւ ներկաներին համատեղել ու համերաշխ դարձնել: Նրա ստարտն էլ էր հետաքրքիր` Արցախից սկսել, երբ Արցախը ծանր վիճակում է, հանրային հարգանքի եւ համակրանքի արժանի քայլ է: Բայց պարզվեց՝ այստեղ էլ ամեն ինչ այդպես փայլուն չէ, ինչպես թվում էր: Փիառին մեծ տեղ տալը, հայտարարությունների, ելույթների, հարցազրույցների տարափը տպավորություն ստեղծեցին, թե մարդը, բուն առարկան մի կողմ թողած, իր գովազդով է զբաղված: Պոպուլիստական ծրագրերը, քննարկում-կոնֆերանսները տպավորություն թողեցին, թե այս իրականության հետ կապ չունեցող անձ է Վարդանյանը, որին ավելի ու ավելի շատ են նմանեցնում վարչապետ Կարեն Կարապետյանին, որ հանրության հիշողության մեջ մնաց ժիլետով եւ սպիտակ ձեռնոցներով Ռուսաստանից ժամանած էմիսար, որը հակված չէ ծանր պայքարի եւ դժվարություններ հաղթահարելու:
Մի թեկնածու էլ շանս ուներ լիդեր դառնալու` նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը, ով իր պաշտոնավարման շրջանում ապացուցել է, որ ազնիվ, հայրենասեր, աշխատասեր ու նվիրված անձնավորություն է: Եվ երբ ՄԻՊ պաշտոնից նրա ժամկետը լրացավ, նրա հետ շատերն էին հույս կապում: Արցախի հետ կապված ահռելի աշխատանք իրականացրած իրավաբանը, որը չէր վախեցել Փաշինյանի իշխանությունից, եւ չնայած սահմանափակումներին` պահպանել էր դեմքը, կարող էր ընդդիմության դաշտի կարեւոր խաղացող դառնալ: Բայց նա էլ խուսափեց այդ դերակատարումը ստանձնելուց, որովհետեւ դա ծանր ու անշնորհակալ աշխատանք է` իրականում, որովհետեւ մի բան է՝ լինել մարդու իրավունքները պաշտպանող անձ, մեկ այլ բան` բոլորի կողմից հարվածներ ու քննադատություն ստացող քաղաքական գործիչ: Ամեն մեկը չէ, որ պատրաստ է հրաժարվել իր կոմֆորտից, ծանր աշխատանք կատարել` չերաշխավորված ելքով, դառնալ թիրախ քինախնդիր ու ոչ մի կարմիր գիծ չունեցող իշխանությունների համար: Թաթոյանը նախընտրեց մասնագիտական աշխատանքը քաղաքականությունից:
Գուցե ոմանք կարող են նշել նաեւ այլ անձանց, օրինակ, Իշխան Սաղաթելյանին կամ Ավետիք Չալաբյանին: Վերջինս Մաքքենզի հեղինակավոր կազմակերպության տարածաշրջանային ղեկավարն է եղել, «Արար» հիմնադրամի հիմնադիրը, ռազմական արդյունաբերության մեջ որոշակի դերակատարում ունեցած անձ: Եվ չնայած նա խելացի, կրթված մարդու համարում ունի, բայց անվերջ փնտրտուքների մեջ է` մե՛կ մի շարժման է հարում, մե՛կ՝ մյուսին, մե՛կ մի նախաձեռնություն է առաջ քաշում, մե՛կ` այլ: Բայց ամենակարեւոր թերությունը, որը նշում են նրա հետ շփված գրեթե բոլոր անձինք` մեծամիտ է, ամբիցիոզ, ոչ գործընկերային: Քաղաքական դաշտը նման մարդկանց դժվար է ընկալում եւ չի սիրում:
Շարքը կարող եք շարունակել: Թերեւս մեզանում էլի մարդիկ կան, որոնք այս կամ այն պարագայում կարող էին առաջ գալ եւ լիդերի կարգավիճակին հավակնել, բայց, ինչպես տեսնում ենք, կա՛մ չկան, կա՛մ չեն համարձակվում խաղի մեջ մտնել: Պարզ է, որ քաղաքական լիդերի, այն էլ` ընդդիմադիր լիդերի կոչմանն արժանանալու համար անհրաժեշտ է ունենալ մեծ կամք, համառություն, աշխատասիրություն, պայքարելու, զրկանքների դիմանալու կարողություն: Ուրիշ որակներ էլ են հարկավոր, օրինակ` հայրենիքի ու ժողովրդի հանդեպ մեծ սեր ու ներողամտություն, յուրաքանչյուր քաղաքացու խնդիրն իրենը համարելու ունակություն: Իսկ հիվանդագին ինքնասիրություն կամ մարդկանց հետ հաղորդակցման դժվարություններ ունեցող անձինք չեն կարող նման հավակնություններ ունենալ: Պարզ ասած` լիդերը մեծի հետ պետք է մեծ լինի, փոքրի հետ` փոքր, եւ իր հայրենիքի ամեն մի մետր հողի համար սիրտը ցավի:
Կարծիքներ