«Հրապարակ»․ ԵՊՀ դասախոսները մեկնում են Թուրքիա` վերապատրաստման

«Հրապարակ»․ ԵՊՀ դասախոսները մեկնում են Թուրքիա` վերապատրաստման

Մենք տեղեկացանք, որ Երեւանի պետական համալսարանի դասախոսները հունիսի 28-ից մինչեւ հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում մեկնելու են Թուրքիա՝ վերապատրաստման: ԵՊՀ խոսնակը, մեզ հետ զրույցում հաստատելով այս տեղեկությունը, նշեց, որ վերապատրաստումն իրականացվելու է կամընտրական հիմունքներով, ԵՊՀ որոշ դասախոսներ արդեն իսկ դիմել են վերապատրաստման համար: Ծրագիրն անցկացվելու է Ստամբուլում: Կազմակերպիչը Գերմանական ակադեմիական ծառայությունն է (ԴԱԱԴ):

Այն կոչվում է՝ «ԵՄ-ն՝ հանուն երկխոսության»: ԵՊՀ խոսնակն ասաց, որ մասնագիտական հմտությունների եւ դասավանդման ժամանակակից մեթոդների ուղղությամբ է վերապատրաստումը, իսկ բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը: Հարցին, թե Ստամբուլ մեկնելու համար որ դասախոսներն են դիմել, ԵՊՀ խոսնակն ասաց, որ հստակ անուններ ասել չի կարող: Մենք մեկնաբանություն խնդրեցինք ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանից, ով նշեց, որ դեռեւս տեղյակ չէ այդ ծրագրի մասին, սակայն կարծիք հայտնեց, որ առկա պայմաններում Թուրքիա վերապատրաստման մեկնելն անընդունելի է:

Նկատենք նաեւ, որ անցյալում էլ են տարբեր հասարակական կազմակերպություններ, զբոսաշրջիկներ մեկնել Թուրքիա: Համահայկական խաղերից մեկի ջահը խաղերի կոմիտեի անդամները 2020 թվականի ամռանը վառել են հայկական Կիլիկիայում եւ տեղափոխել Երեւան: Հրանտ Դինքի հիմնադրամն ամեն տարի լրագրողներ է տարել Ստամբուլ` վերապատրաստման եւ այլն: Բայց 2020 թվականից հետո իրավիճակ է փոխվել, եւ մարդիկ միանշանակ չեն վերաբերվում անգամ տուրիստական նպատակներով Արեւմտյան Հայաստան մեկնողներին: Իսկ վերապատրաստման խորքում այլ ենթատեքստ են տեսնում: Մանավանդ՝ եթե հաշվի առնենք թուրքական իշխանությունների ագրեսիվ հռետորաբանությունը եւ հայկական ավիաուղիների համար թուրքական օդը փակելու փաստը: