Իմ անձնական կարծիքն առոչինչ կարելի է համարել

Իմ անձնական կարծիքն առոչինչ կարելի է համարել

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի շուրջ օղակը գնալով սեղմվում է։ Մարության-Նիկոլ Փաշինյան-իշխող ուժ կոնֆլիկտը սրվել է, եւ բանը հասել է նրան, քաղաքապետարանի «Իմ քայլը» խմբակցության մեծ մասը երես է թեքել Մարությանից, որն այլեւս յուրային չէ։ Մարության-իշխանություն հակասությունների մասին պաշտոնապես հայտարարեց նաեւ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը՝ հաստատելով մամուլի բոլոր հրապարակումները․ «Ես շատ ցավում եմ, որ պարոն Մարությանն այդպիսի կեցվածք ունեցավ ընտրություններից առաջ եւ որպես «Քաղաքացիական պայմանագրի» եւ «Իմ քայլի» կողմից առաջադրված քաղաքապետ` նախընտրական փուլում ակներեւ եւ հրապարակային աջակցություն չհայտնեց «Քաղաքացիական պայմանագրին»․․․ Մենք պետք է հասկանանք, թե այս իրավիճակում ինչպես ենք անում, որ ե՛ւ քաղաքական ուժի ներսում տվյալ հարցի հետ կապված ունենանք որոշումներ, բայց դրանից նաեւ չտուժի քաղաքը եւ քաղաքային իշխանությունը»։

Ի դեպ, մեր տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ն Մարությանից շուտափույթ ազատվելու ճանապարհը գտել է․ որոշել են օրենսդրական փոփոխությամբ հասնել նոր ընտրությունների կազմակերպման։ Բանն այն է, որ եթե անգամ ստիպեն Հայկ Մարությանին դիմում գրել, ապա, ըստ օրենքի, քաղաքապետին պետք է ընտրի ավագանին՝ մեծամասնություն կազմող խմբակցությունից, սակայն ՔՊ-ն այնքան անհեռատես է գտնվել, որ ավագանու «Իմ քայլի» ցուցակում որեւէ քաղաքապետացու չի ընդգրկել՝ բացի Հայկ Մարությանից։ Այդ կազմում չկա մարդ, որը կարող է զբաղեցնել Երեւանի քաղաքապետի պատասխանատու պաշտոնը։ Այսինքն՝ Հայկ Մարությանից ազատվելու միակ ճանապարհը Երեւանում նոր ընտրություններ կազմակերպելն է, որն էլ կարող է իրականացվել միայն Երեւանի վարչատարածքային բաժանումը փոխելով․ համայնքի սահմանների փոփոխությունից կամ խոշորացումից հետո նոր ՏԻՄ ընտրություններ անցկացնել։ Իրենց հաշվարկով, նոր վարչատարածքային բաժանումով Փարաքարը կամ Արգավանդը կմիացի Երեւանին, եւ աշնանը ընտրություն կանեն։

Ի դեպ, քաղաքապետի պաշտոնի հավակնորդը գործարար Խաչատուր Սուքիասյանն է, ում «մանկության երազանքն» է՝ դառնալ Երեւանի քաղաքապետ։ Նա ՔՊ ընտրացուցակի 5-րդ համարն է եւ իշխանություններին անվերապահորեն ծառայած սակավաթիվ գործարարներից ամենակարկառունը։

Մարությանն այժմ լռում է, իսկ նրա դեմ դուրս եկած ավագանու անդամները չեն թաքցնում իրենց մերժողական վերաբերմունքը քաղաքապետի նկատմամբ։ «Իմ քայլը» խմբակցությունից ավագանու ՔՊ-ական անդամ Լեւոն Հովհաննիսյանը տարաձայնությունների մասին խուսափողական պատասխաններ է տալիս եւ հայտարարում, որ  Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ի, իշխանությունների կարծիքի կողքին իր կարծիքն առոչինչ է։

Այնուամենայնիվ, մենք խնդրեցինք արտահայտվել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի առնչությամբ։ «Պարոն Ա․ Հարությունյանի ասածից հասկանալի է դառնում, որ կան հարցեր, որոնք թիմի ներսում պետք է քննարկվեն, ես կարծում եմ, որ նամանավանդ հիմա, երբ ընտրություններն ավարտվեցին, բավարար ժամանակ կա, որ թիմի ներսում լինեն քննարկումներ, այդ թվում նաեւ՝ քաղաքապետի, ՔՊ վարչության, ավագանու անդամների հետ, մենք հասկանանք՝ ինչ խնդիր ունենք, եւ պատկերացնենք՝ ինչպես ենք լուծում»։

- Այսինքն՝ հաշտության եզրե՞ր կգտնվեն։

- Հիմա շատ լուրջ քաղաքական պրոցեսներ էր, ամբողջ թիմը դրանով էր զբաղվում, այս պահին համապետական ընտրությունների փուլը համարում ենք ավարտված, եւ քաղաքապետարանի մասով կան որոշակի հարցեր, որոնք պետք է քննարկենք եւ հասկանանք՝ ինչպես ենք շարժվում առաջ։

- Ավագանու նախորդ նիստի ժամանակ ակնհայտ էր, որ ավագանու անդամները տրամադրված են նրա դեմ, անգամ Լիլիթ Կիրակոսյանը նկատողություն արեց, թե հարիր չէ քաղաքապետին ավագանու անդամի խոսքի ժամանակ քմծիծաղ տալը։

- Միշտ էլ սուր հարցադրումներ եղել են․․․ եթե կոնկրետ խոսքը գնում է տիկին Կիրակոսյանի խոսքի մասին, ավելի լավ կլինի իրենից մեկնաբանություն վերցնեք, բայց եթե ինձ եք հարցնում, ասեմ՝ միշտ էլ քննադատություններ հնչել են՝ սկսած ինչ-որ հարցերից, վերջացնելով թաղապետերի, քաղաքապետի, փոխքաղաքապետերի աշխատանքով։ Մենք բաց ենք այդ առումով, եթե կա խնդիր, ապա չենք թաքցնում հանրությունից։

- Խոսակցություններ կան, որ իշխանությունն ամեն ինչ անելու է, որ Մարությանից շուտափույթ ազատվի․․․

- Կան կուսակցություններ, կա քաղաքապետ, ավագանու մարմին, կա ՔՊ, ես այս պահին իրավազոր չեմ Ձեզ հայտնել իմ անձնական կարծիքը, որն առոչինչ կարելի է համարել։

- Հստակ տեղեկություններ կան, որ այս իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի Մարությանից ազատվի, դա ակնհայտ է։

- Ես ասում եմ, որ ինչպես մեր թիմը չի խուսափում ավագանու նիստերի ժամանակ տարբեր քննարկումներ եւ քննադատություններ բարձրաձայնելուց, այնպես էլ այս գործընթացում եթե լինի որոշում, ապա հանրությունը դրա մասին կիմանա։

- Պարոն Հովհաննիսյան, Ձեր կարծիքով՝ Մարությանը լա՞վ քաղաքապետ է։

- Դա գնահատելու համար պետք է նայել նախընտրական ծրագիրը, որը մենք հայտարարել էինք, եւ տեսնել՝ ինչն է կատարված։ Իսկ արդեն դրա գնահատումը սուբյեկտիվ է, ծրագիրը քանի տոկոսով է արված, քանի տոկոսով՝ ոչ։

- Ամեն դեպքում, Ձեզ համար՝ որպես քաղաքացու, ավագանու անդամի․․․ գո՞հ եք նրա կառավարումից։

- Որը կա՝ մեծ առաջընթաց կա, որը կա՝ դեռ այնպիսի առաջընթաց չկա, որը պատկերացնում էինք։

- Այսինքն՝ միջին որակի քաղաքապետ, կարելի՞ է այդպես գնահատել։

- Այո, բայց պետք է հստակ նայել եւ գնահատել։

Ի դեպ, քաղաքապետարանի մեր աղբյուրները փոխանցում են, որ Մարությանը վճռական է տրամադրված, չի պատրաստվում հրաժարական տալ եւ կամ զիջել պաշտոնը։