«Գազպրոմ Արմենիան» պատասխանել է մեր հրապարակմանը

«Գազպրոմ Արմենիան» պատասխանել է մեր հրապարակմանը

«Գազպրոմ Արմենիան» արձագանքել է մեր «Գազպրոմ Արմենիան» խուսափում է վերահսկողությունից՝ պնդում են «ՄՏԿ» ընկերությունում ու ահազանգում» հրապարակմանը:

«Հայտնում ենք, որ Ընկերության կողմից G4 և G6 տեսակի բնական գազի կենցաղային գազահաշվիչների ձեռքբերման մրցակցային գնումը կազմակերպվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի և դրա հիման վրա Ընկերույթան հաստատած գնումների Կարգի հիման վրա:

Մասնավորապես, 1-ին մրցույթը, նախքան մրցույթի բացումը, չեղարկվել է՝ ելնելով գնման առարկա հանդիսացող հաշվիչները տեխնիկական փորձաքննության ենթարկելու անհրաժեշտությունից, որով պայմանավորված վերանայվել է մրցույթի հրավերը: Վերջինիս համար հիմք են հանդիսացել թե՛ բնակչությունից և թե՛ Ընկերության մասնաճյուղերից ստացված բողոքները՝ «ՄՏԿ» ՓԲԸ-ից ձեռք բերված հաշվիչների շահագործման ընթացքում ի հայտ եկած որակական և տեխնիկական խնդիրների վերաբերյալ: Այս հանգամանքը հաստատվում է 2-րդ մրցույթի վերանայված հրավերով, որում հնարավոր մասնակիցներին առաջարկվել է ներկայացնել հաշվիչների նմուշներ՝ փորձաքննության համար:

2-րդ մրցույթի միակ մասնակիցը հանդիսացել է «ՄՏԿ» ՓԲԸ-ն: Միակ մասնակցի կողմից ներկայացված հաշվիչների տեխնիկական փորձաքննության արդյունքներով բացահայտվել են թվով 9 տարբեր տեսակի խնդիրներ և, տեխնիկական եզրակացության արդյունքում, տվյալ տեսակի գազահաշվիչների ձեռքբերումը համարվել է ոչ նպատակահարմար: 

Ավելորդ չենք համարում նշել, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տասնյակ տարիներ ձեռք է բերել կենցաղային գազի հաշվիչներ և նման խնդիրներ առաջին անգամ են ի հայտ եկել: 

«ՄՏԿ» ՓԲԸ-ին տրամադրվել է համապատասխան տեխնիկական եզրակացություն, որում մանրամասն նկարագրված են բացահայտված  լուրջ խնդիրները: 

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի համար հասկանալի են նաև «ՄՏԿ» ՓԲԸ-ի սուբյեկտիվ և անհիմն  եզրահանգումները, քանի որ նշված ընկերությունը հանդիսանալով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի մատակարարներից մեկը, պարբերաբար ցուցաբերել է անբարեխիղճ վարքագիծ՝ բազմակի անգամ ուշացնելով մատակարարումները, որի արդյունքում ենթարկվել է մի քանի տասնյակ միլիոնների հասնող տույժերի:

Հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայություն