Նիկոլը մեր Ջոկերն է՝ վայելեք խնդրեմ

Նիկոլը մեր Ջոկերն է՝ վայելեք խնդրեմ

Բոլոր կողմերից ժողովրդին փորձում են ապացուցել, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը ոչ կոմպետենտ, ապիկար կառավարիչներ եւ ապազգային ուժեր են, եւ նրանց կառավարումն ու իշխանության ղեկին մնալը տանում է երկրի վերջնական կործանման։ Նիկոլի ասած՝ թուլցեք, տիկնայք եւ պարոնայք, ձեզնից լավ գիտենք եւ միշտ էլ հոյակապ պատկերացրել ենք ամեն ինչ, եւ հենց միմիայն դրա համար է նա այն տեղում, որտեղ հիմա է, քանզի Նիկոլն ունի միայն մեկ առաքելություն, եթե կուզեք՝ ժողովրդի կողմից տրված հանձնարարություն։ Եթե դուք կարծում եք, թե որեւէ մեկը հավատում էր կամ հավատում է, որ Նիկոլը պիտի իր կախարդական փայտիկով բոլորին հարստացներ, Տաթեւիկ Ռեւազյանն ավիացիան հզորացներ, Սիփանն ու Հրաչը պառլամենտարիզմը կայացնեին, իսկ անհայտ Արշակյանը ՏՏ ոլորտը զարգացներ, ապա ասեմ, որ ժողովրդին այդքան պարզունակ պատկերացնողներն իրենք են ավելի շատ ժեխի նմանվում։

«Մերժել» ասվածը եթե պարզաբանենք, ապա ժողովուրդը պարզապես մերժեց նեխած մաքիավելիզմով կառավարվող ֆեոդալական կարգերը՝ տեղը գիտակցաբար բերելով քաոս։ Այսինքն՝ եթե ավելի պատկերավոր ասենք, մենք ականապատեցինք տարածքը թշնամուն հանձնելուց առաջ՝ «ո՛չ մեզ, ո՛չ ձեզ» սկզբունքով։ Չժեխը, այսինքն՝ ֆեոդալների նազիր-վեզիրներին ծառայելը նորմալ համարողները, միշտ հարցնում է, թե ինչ է իրենից ներկայացնում «հպարտ» ասվածը հայաստանյան սոցիումի արդիական օրակարգում, եւ ովքեր են հպարտները։

Պատասխանում եմ՝ հպարտները նրանք են, ովքեր չեն ընդունում ֆեոդալական կարգերը 21-րդ դարում, չեն պատրաստվում շարունակել խոպաններում քարշ գալ, երեխա մեծացնել, որ հետո այդ երեխան ֆեոդալի նազիր-վեզիրին ծառայի գրոշներով։ Երբ հպարտը հասկացավ, որ վիճակն այլեւս անշրջելի է, եւ արդեն անհնար է դարձել բոլորի համար ընդունելի երկիր կառուցելը, այսինքն՝ երբ հասկացավ, որ երբեք չեն լուծվի այն բազում խնդիրները, որոնք ծառացել են երկրի առջեւ, հպարտը նախ որոշեց հեռանալ, այնուհետեւ հասկացավ, որ մի գործ կիսատ է մնում՝ ֆեոդալներն ու նազիր-վեզիրները մնում են լավ դիրքերում, իսկ դա այդպես թողնելն ամենամեծ անարդարությունը կլիներ թերեւս։ Այնուհետեւ սկսվեց հետհաշվարկ, թե ով եւ ինչպես պետք է հաշվեհարդար տեսնի՝ մեր բոլորի տառապանքների, ստորացված լինելու եւ սեփական երկրում անիրավունք ապրելու համար։ Այս հետհաշվարկի գործընթացը, ինչպես գիտենք, ընթանում էր մի քանի ուղղություններով՝ մի կողմից ռադիկալիզացիա, հիշում ենք, որ արդեն ակնհայտ ահաբեկչական ակտեր էին իրականացվում երկրում, մյուս կողմից՝ վրա հասան տեխնոլոգիաները՝ համացանցը, սոցիալական լայն շփումներն աշխարհի հետ։

Արդիական շփման խողովակները հնարավորություն տվեցին ժողովրդին՝ որպես գործիք ընտրել ժամանակակից մեթոդները, եւ այսպես Հայաստանում լայն կիրառում գտավ պոստմոդեռնը, ինչի գաղափարներն արտահայտված են նաեւ ձեզ բոլորիդ քաջ հայտնի, ընդհանուր բոբո համարվող Սորոսի հիմնադրամների շրջանակներում իրականացվող ծրագրերի գաղափարախոսության մեջ։ Որպեսզի երկար-բարակ չմեկնաբանենք պոստմոդեռնի յուրահատկությունները (չժեխը թող չշփոթի պոստմոդեռնը պոստմոդեռնիզմի հետ), կարճ նշենք, որ բոլորն էլ, իհարկե, հասկանում են, որ ապագային միտված այդ գերժամանակակից մտածելակերպը եւ ապրելակերպը՝ առանց իդեոլոգիական կապանքների եւ, այսպես ասած, առանց հենման կետերի, մեղմ ասած՝ ժամանակավրեպ են այս տարածաշրջանի համար, եւ, առհասարակ, կա բավական հիմնավոր պնդում, որ ծերունի Սորոսը Լենինի սխալն է կրկնում՝ փորձելով արհեստականորեն արագացնել այն, ինչը պիտի բնականոն զարգանալով՝ հանգի սպասվող արդյունքին։ Ինչեւէ, ժողովուրդը դա, գիտակցաբար, թե ենթագիտակցաբար, հասկանում է, բայց հենվեց հատկապես այդ ուժի վրա, երբ երկնակամարում հայտնվեց մոլեռանդ առաջնորդը՝ իր գերխարիզմատիկ կերպարով․ ի դեպ, բոլորի մոտ միայն մի հարց կար՝ Ջոկերն իսկակա՞ն է, թե՞ ոչ, այսինքն՝ ականն իսկակա՞ն է, թե՞ դասականի ասած՝ կպայթի 10 տոկոսով։

Հիշեք, Նիկոլն ունի մեկ ֆունկցիա, ականի ֆունկցիա, եւ զուր չէ, որ նրանից միակ դժգոհությունը հենց այդ թավիշն է, այսինքն՝ մասամբ պայթելը, թերի կամ ոչ լիարժեք ոչնչացնելը ամեն ինչ (հուսով եմ՝ բոլորս հասկանում ենք, որ պատերազմի եւ անմեղ նահատակների հետ ոչ մի կերպ չի առնչվում այս պատմությունը, դա այլ թեմա է, եւ դրա մեջ էլի, ի դեպ, մարդիկ տեսնում են հիմնականում ֆեոդալների եւ նախկին միապետների մեղքը)։ Ինչեւէ, ձեր բոլորի՝ նիկոլագետ-նիկոլաքննադատների ամենամեծ սխալը թերեւս այն է, որ դուք թերագնահատում եք ատելության եւ ժողովրդի մոտ արդարացիորեն կուտակված չարության ուժն ու անընդհատ փորձում եք ձեր արշինով չափել, որ ամեն դեպքում կամուրջները չպիտի այրվեն, անվտանգություն, տնտեսական վիճակ եւ էլի մի շարք՝ ցավալիորեն մեր ժողովրդի համար այլեւս երկրորդական դարձած հարցեր։ Դուք տնտեսական ցուցանիշներից եք խոսում, իսկ մենք գոռոզամիտ Շուշան Պետրոսյանին ենք տեսնում։ Դուք անվտանգությունից եք խոսում, իսկ մենք Բաղրամյանում վառարանի կողքին չորացած քյավառցի Ռուբոյին ենք տեսնում, ով այնքան էր ոգեւորվել՝ 10 րոպե սերժականների հետ նույն օդը շնչելուց, որ հենց Ազգային ժողովում լրագրողին ծեծի ենթարկեց, ու դա՝ դեռ Ռուբոն, ով երեւի անգամ երիտասարդ տարիքում համարձակություն չէր ունենա որեւէ մեկի վրա ձեռք բարձրացնել։ Դուք արտագաղթից եք խոսում, իսկ մենք Գոյայի նկարների հերոսների աչքերով Աշոտյանին ենք տեսնում ու հնդկական համեմունքներից թունավորվածի տեսք ստացած երբեմնի լեգենդար Շարմազանովին, ձեզ համար՝ լեգենդար իհարկե, մենք միշտ էլ ատել ենք իրենց։

Հիմա ստացվել է այնպես, որ այս խղճուկ դարձածները օրը 24 ժամ պարզապես աղերսում են մեզ՝ ժողովրդիս, որ դուրս գանք փողոց ու փրկենք իրենց, իհարկե, իրենց նկատի ունենալով նրանք, այնուամենայնիվ, «հայրենիք» են ասում, բայց իմաստուն ժողովուրդն այլեւս չի կարող ներել իրեն այնքան դառնություններ պատճառողներին, այդ գոռոզամիտ դատարկություններին։ Այո, դա չարություն է, բայց արդարացի չարություն, ախր, ինչի՞ էր պետք այդքան ընդգծված արհամարհել մեզ՝ ժողովրդիս, չէ՞ որ մենք էինք գրոշներով ամենածանր աշխատանք կատարողները, չէ՞ որ մեր երեխաներն էին իրենց կյանքի գնով թշնամուց սահման պահողները:

Մի՞թե չէր կարելի ունենալ գոնե մի փոքր հարգանք, դա էլ հո երկրի ֆինանսական հնարավորությունների հետ կապ չունի՞։ Այդ նույն զինվորը ծառայությունից վերադառնում էր եւ աշխատանքի անցնում իր հրամանատար-գեներալի զարմիկի գործարանում կամ ռեստորանում, որտեղ տնօրենը նրա հետ շփվում էր միմիայն վերեւից նայելով, արհամարհական տոնով, ու անգամ ամենամոտ բարեկամներն էին խորշում նրան՝ հասարակ աշխատանք կատարողին հրավիրել տարբեր միջոցառումների՝ հարսանիք, կնունք, համարելով նրան ոչ ներկայանալի, ասենք, օրինակ, խնամիների մոտ։ 

Հիշում եմ՝ գեղեցկուհի հարեւանուհուս մի երիտասարդ էր անհանգստացնում, մշտապես գալիս էր մեր բակ՝ իր լկտի ընկերների հետ, իրեն չափազանց սանձարձակ պահում։ Բոլորին խիստ նյարդայնացնում էր դա, բայց ոչ ոք ծպտուն անգամ չէր հանում, այդ խեղճ աղջնակն էլ ստիպված փակվում էր տանը։ Հասկանում ենք, չէ՞, թե ինչու էին բակում հավաքվող հաղթանդամ հայ տղամարդիկ լուռ, որովհետեւ այդ երիտասարդ դուրսպրծուկի հայրն էլիտա էր համարվում, ու ամբողջ ուղղահայացը կազմ-պատրաստ կանգնած էր նրանց կողքին։ Հիմա էլ, իհարկե, կան այդպիսիք, բայց համաձայնեք, որ դրանք այդքան պաշտպանված չեն, եւ ցանկացածս կարող ենք դրանց նմաններին սաստել, անգամ ապտակել, եւ սա դեռ սկիզբն է, դեռ Նիկոլը չի կատարել իր հիմնական առաքելությունը։ Չէ, բարեկամներ, այս ֆիլմը պետք է եւ պարտավոր է շարունակվել, այս նավը, ցավոք, բայց պետք է հիմնովին խորտակվի, բայց, ի տարբերություն «Տիտանիկի», այստեղ աղքատները չեն փակված ներքեւի հարկերում, այլ՝ էլիտաները, իսկ լրագրողներն էլ՝ նավի քաջ եւ պարտաճանաչ երաժիշտների նման, պիտի նվագեն մենչեւ վերջ, մինչեւ նավի վերջնականապես ջրի տակ անցնելը։

ՀԳ․ «Ջոկեր» ֆիլմի հեղինակները փորձում են իրենց ստեղծագործության մեջ ցույց տալ, թե ինչպիսին են անարդարությունների հետեւանքները, եւ ֆիլմի ռեժիսորն իր բազմաթիվ հարցազրույցներում նշում է իրեն մտահոգող երեւույթների մասին, բայց, կարծում եմ, Թոդ Ֆիլիպսը մասամբ է պատկերացնում, թե իրականում ինչպիսի տեսք ունեն իսկական անարդարությունները 21-րդ դարում, չնայած նրա ֆիլմի հերոսի աշխարհընկալումը շատ նման է մեր վարչապետի մոտեցումներին։ Ես, իհարկե, չեմ պնդում, որ աշխարհի ամենաանարդար երկիրն էր մինչնիկոլական Հայաստանը, սակայն, որ հպարտ հայերն ամենահզոր եւ ամենաջախջախիչ պատասխան հարվածը հասցրին այդ ամենին, դա, կարծում եմ, անվիճելի է։

Այս ականը պիտի պայթի, պիտի պայթի ամբողջ ուժով եւ ցաքուցրիվ անի ամեն, ամեն ինչ։ Ցավոք, հետագայում պատմագիրները չեն կարողանալու լիարժեքորեն հասկանալ պահի դրամատիզմը եւ փորձելու են դասական որակումներով բնութագրել այստեղ կատարվածը, ուստիեւ որոշեցի այս, եթե կուզեք, ապագա պատմաբաններին, հասարակագետներին ուղղված հեռագիրը տեղ հասցնել «Հրապարակի» միջոցով։ Իհարկե, կա նաեւ գիտակցումը, որ այն կարող է չհանրայնացվել խմբագիրների որոշմամբ, բայց, որքանով հասկանում եմ, թերթի գլխավոր խմբագրի մոտ կան անկեղծ ձգտումներ՝ արդարացիորեն գնահատելու, հասկանալու իրավիճակը, եւ սա էլ, խնդրեմ, իմ ընկալումները կատարվող իրադարձությունների վերաբերյալ։

 Պողոս ՊՈՂՈՍՅԱՆ