Որեւէ իշխան տեսե՞լ եք որեւէ երկրում ոստիկանության ուղեկցությամբ ման գա

Որեւէ իշխան տեսե՞լ եք որեւէ երկրում ոստիկանության ուղեկցությամբ ման գա

Նիկոլ Փաշինյանը երեկ դեռ չէր հանդիպել Գագիկ Ծառուկյանի հետ ու չէր հայտարարել հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների գնալու որոշման մասին, երբ մենք դատարանի առաջ, որտեղ ընթանում էր Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրգործով հերթական նիստը, ընտրությունների թեմայով հարց ուղղեցինք ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ հիմնադիրներից Գալուստ Սահակյանին։ 
Նա մեր հարցին՝ եթե արտահերթ ընտրություններ լինեն Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ, ՀՀԿ-ն պատրա՞ստ է մասնակցել դրանց, ասաց․ «Եթե Նիկոլ Փաշինյանը կլինի, ՀՀԿ-ն չի գնա ընտրությունների»։

- Իսկ ինչպե՞ս եք շարունակելու պայքարը, հատկապես, որ Սերժ Սարգսյանն էլ հայտարարեց՝ ինքը պայքարի խրամատը չի լքելու։ 

- Հանրապետական կուսակցությունը, կարծում եմ, առաջին տեղերից մեկը կլինի, եւ պետությունը միայն հանրաքվեն չի։ Էն մարդը, ով ամբողջ երկիրը տվեց ուրիշին, հիմա նրա հետ ընտրությունների գնալը լեգիտիմացնել է նշանակում։

- Եթե ընտրություններ լինեն, եւ Փաշինյանը նորից գա իշխանության, ՀՀԿ-ն դարձյալ պայքարելու է, որ հեռացնի՞ նրան։ 

- Նախ՝ էդպիսի բան չի լինի, բայց, բնականաբար, ՀՀԿ-ն իր դիրքերն ունի, իր կարողություններն ու մոտեցումներն ունի։

- Պարոն Սահակյան, մենք տեսնում ենք, որ փողոցային պայքարը դեռեւս արդյունք չի տալիս, Բաղրամյան պողոտայում վրանները դատարկվում են, դուք ինչպե՞ս եք շարունակելու պայքարը։

- Ոչ թե վրանները կդատարկվեն, այլ ավելի շատ կլցվեն, առավել եւս, մենք դեռեւս գտնվում ենք Սահմանադրության շրջանակներում, այն, ինչը որ օրենքով նախատեսելի է։ Էդ մարդն էնպիսին է, որ չի հասկանում՝ մնա՞, թե՞ չմնա։ Իսկ ինչ վերաբերում է՝ ժողովուրդը ոտքի է կանգնած, ես կարող եմ ասել, որ այսօրվա մեր ժողովուրդը 80-90 տոկոսով կանգնած է էն դիրքերում, որում այսօր մենք ենք կանգնած։

- Բայց Ձեր ասած այդ սահմանադրական ճանապարհը, ըստ իշխանությունների, ընտրությունների միջոցով է լինելու։

- Ընտրություններին եթե Նիկոլը պիտի մասնակցի, դա ընտրություն չէ մեզ համար։

- Կարծում եք՝ կկեղծի՞ նա ընտրությունները, վարչական ռեսո՞ւրս կչարաշահի։

- Գիտե՞ք, նրա մասնակցությունը բավական է մեզ համար, որպեսզի էն, ինչ որ էսօր ամբողջ ժողովուրդն է ասում, եւ կարծում եմ՝ նաեւ Դուք, էդ խնդիրը Նիկոլի համար լուծված է, նա երբեք իշխանության չի գալու։

- Ի դեպ, ՀՀԿ-ի հետ միասին Հայրենիքի փրկության շարժման մաս կազմող այլ ուժեր կարծես թե համաձայն են գնալ ընտրությունների եւ արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ են սկսել։

- Նիկոլը երբ եկավ իշխանության, խոսում էր Սերժի մասին եւ Հանրապետականի մասին։ Մնացած բոլորը մասնակցեցին ժողովրդական շարժմանը, խոսքը նաեւ կուսակցություններին է վերաբերում, եւ ինչպես Նիկոլին ընտրել են, էնպես էլ թող աշխատեն Նիկոլին հեռացնելու վերաբերյալ։ Դա մեզ հետ կապ չունեցող խնդիր է։

- Ասում եք՝ խոսում էր Սերժի եւ ՀՀԿ-ի մասին, բայց տեսանք, որ նստեցրեց Ռոբերտ Քոչարյանին։

- Ոչ թե միայն Ռոբերտ Քոչարյանին, այլ ինչպիսի հերոսական մարդիկ ունենք, նրանց դեմ էլ է պայքարը գնում, բայց հիմնականում եկավ արենա Սերժի եւ Հանրապետականի՝ դագաղներ, չգիտեմ ինչեր։ Սա էդ մարդն է։ Էդ մարդը Հայաստանի Հանրապետությունում կա՛մ պիտի չլինի, կա՛մ դատական օրգանները կորոշեն։ Մի՛ մտածեք, որ Նիկոլը կգա իշխանության։

- Բայց նա այսօր իշխանության է։

- Դուք համարում եք, որ նա իշխանությա՞ն է։ Որեւէ իշխան տեսե՞լ եք որեւէ երկրում ոստիկանության ուղեկցությամբ ման գա։ Նա էսօր իշխանություն չէ, նա ընդհանրապես ոստիկանների հետ է։ Երբ խոսքը գնում էր Ղարաբաղի մասին, ասում էր, որ ղարաբաղցիներն իրեն չեն ընտրի։ Բա էդ ինչպե՞ս Ղարաբաղը հանձնեց թշնամուն։

ՀԳ․ Գալուստ Սահակյանի հետ զրույցից հետո հայտարարվեց հունիսի 20-ին ընտրությունների գնալու մասին։ Զրուցեցինք նաեւ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ, թե իրենք պատրա՞ստ են Փաշինյանի վարչապետությամբ գնալ ընտրության։ «Երբ որ արդեն դե յուրե օրը կնշանակվի, երբ որ արդեն Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա, նոր վարչապետ կլինի, ԿԸՀ-ն կհայտարարի ընտրության օրը, էդ ժամանակ արդեն օրենքով սահմանված կարգով ՀՀԿ-ն կքննարկի եւ իր կարծիքը կարտահայտի»,- ասաց Շարմազանովը։ Այսինքն՝ չի՞ բացառում, որ նրա վարչապետությամբ կգնան ընտրությունների, Շարմազանովն ասաց․ «Ես չեմ բացառում, որ ինքը կարող է հրաժարական էլ տա, եւ ուրիշ մարդ լինի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը։ Ինչի՝ Դուք բացառո՞ւմ եք»։