«Թեյի-մեզի» պատմությամբ հայտնի ԲԿ-ի նախկին տնօրենը՝ մեղադրյալի աթոռին․ նա մեղադրանքը շինծու է համարում

«Թեյի-մեզի» պատմությամբ հայտնի ԲԿ-ի նախկին տնօրենը՝ մեղադրյալի աթոռին․ նա մեղադրանքը շինծու է համարում

Քննչական կոմիտեն ավարտել է մի քրեական գործ, որի շրջանակում մեղադրանք է առաջադրված «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության նախկին տնօրեն Նունե Ավանեսյանին։ Վերջինս, ըստ ՔԿ-ի, մեղադրվում է գումարներ հափշտակելու մեջ։ 

Երբ կարդում ես Քննչական կոմիտեի՝ դրա վերաբերյալ տարածած հաղորդագրությունը, տպավորություն է ստացվում, որ այդ կինը թալանել է մի ամբողջ ԲԿ, քարը քարին չի թողել, մի քանի անձանց հետ, երբ պատահի ու ոնց պատահի գումարներ է հափշտակել եւ յուրացրել։ 

Այսպես, ըստ նախաքննական մարմնի՝ նա 2017-2018թթ. ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, միասնական հանցավոր դիտավորությամբ, բժշկական կենտրոնի աշխատակիցների օժանդակությամբ, կատարել է պաշտոնեական կեղծիք, չարաշահել է պաշտոնական լիազորությունները և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման և յուրացման եղանակներով, բժշկական կենտրոնի ֆինանսական միջոցներից կատարել է խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ՝ իր հանցավոր գործողություններում ներգրավելով նաև քաղաքացիների: 

Օրինակ, նա իր ընկերուհուն որոշել է կես դրույքով որպես հաշվապահ ընդունել իր ղեկավարած բժշկական կենտրոնում և առաջարկել  աշխատել ազատ գրաֆիկով, աշխատանքի ներկայանալ ըստ ցանկության՝ խոստանալով ավելի բարձր՝ 99.800 ՀՀ դրամ մաքուր աշխատավարձ, սահմանված 60.600 ՀՀ դրամ աշխատավարձի փոխարեն: Ստանալով ընկերուհու համաձայնությունը՝ տնօրենն նրան ընդունել է աշխատանքի։ Բացի այդ, եւս մեկ օրինակ մեղադրանքից,Ավանեսյանը իր ղեկավարած կառույցում ավտոմատ սրճեփ սարքեր շահագործող երկու անհատ ձեռնարկատերերից, առանց վերջիններիս հետ համապատասխան պայմանագրեր կնքելու, պահանջել և առձեռն ստացել է տարբեր չափերի գումարներ և ընկերության բյուջե մուտքագրելու փոխարեն, տնօրինել է ձեռնարկատերերի կողմից իրեն վճարված ընդհանուր 525.000 ՀՀ դրամ գումարը։ 

Քննչական կոմիտեն 2 էջանոց այսպիսի բովանդակությամբ տեքստ է հրապարակել՝ վերջում նշելով, որ ընդհանուր առմամբ պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 13.380.084 ՀՀ դրամ, որի մի մասը նախաքննության ընթացքում վերականգնվել է: 

Նունե Ավանեսյանին նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել յուրացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար։ 

Ավանեսյանին հանրությունը կհիշի 4 տարի առաջ տեղի ունեցած «Թեյի-մեզի» հայտնի պատմությունից։ Հիշեցնենք, որ 2018-ի սկզբին հայտնի էր դարձել, որ «Մասիս» ԲԿ-ի գործադիր տնօրեն Նունե Ավանեսյանը աշխատակիցներին ստուգելու նպատակով իր արյունը լաբորատորիայում փորձաքննության էր հանձնել երեք տարբեր անձանց անուններով եւ ստացել իրար հակասող երեք պատասխան: Լաբորատորիա էր ուղարկել նաեւ թեյից ու պանրից պատրաստված մի խառնուրդ՝ «մեզի» անալիզի համար: Ստացվել էր մեզի անալիզին համարժեք պատասխան՝ անհրաժեշտ բոլոր բաղադրիչներով` լեյկոցիտներ, էրիթրոցիտներ, էպիթելեր: Դեպքի առնչությամբ հարուցվել էր քրեական գործ, որն ավելի ուշ կարճվել էր։ 

Հեղափոխությունից հետո պաշտոնյաների թիրախում հայտնված տիկինը պարբերաբար հանդես է գալիս մամուլի ասուլիսներով, որտեղ ներկայանում է ընդդիմադիր հայացքներով։ Ամենայն հավանակությամբ, նրա քաղաքական հայացքներն էլ հիմք են հանդիսացել քրեական հետապնդման։ 

Նունե Ավանեսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով առաջադրված մեղադրանքին եւ այն հարցին, թե ՔԿ-ի ներկայացրածը որքանո՞վ աղերս ունի իրականության հետ, պատասխանեց․ «Աղերսը ցույց կտա դատարանը, երբ կգնա դատարան։ Ես ունեմ փաստեր, որոնք դեռ նախաքննության ժամանակ չեմ հրապարակել՝ քաջ գիտակցելով, որ նախաքննությունը կողմնակալութուն ունի։ Պախարակել մի մարդու անուն, երբ դեռ դատավարությունը չի ավարտվել ու այդ մարդու անունը շոշափել նմակ կերպով, կմեկնաբանվի դատավարությունից հետո։ Ես փաստերը սկավառակով կներկայացնեմ դատարան»։

Նա նշեց, որ երեք տարի է՝ նախաքննություն է ընթացել, եւ այդ տարիների ընթացքում երկու անգամ են կանչել Քննչական կոմիտե՝ հարցաքննության, չի եղել նաեւ առերեսում․

«Նախաքննությունը կողմնակալ նպատակներով է ընթացել, դրա համար մեկնաբանել այդ մասին չեմ ուզում։Եկեք սպասենք, բոլորին շատ հետաքրքիր անակնկալներ են սպասվում, երբ ես դատարան փաստերը ներկայացնեմ։ Ու ներկայացնելու եմ ֆոտոների, վիդեոների տեսքով, շատ հետաքրքիր շրջադարձ է ունենալու այս գործը»։ 

Նա մեղադրանքը չի ընդունում, նշում է՝ գիտի, որ ամենը շինծու գործ է։ «Ես մի հետաքրքիր բան էլ ասեմ․ ինձ ազատելուց առաջ Արարատի մարզպետը՝ Գարիկ Սարգսյանը, անօրինական աուդիտ արեց, հունիսի 1-ին, երբ Թորոսյան Արսենը ընտրվեց նախախար, այդ ժամանակվանից իմ հանդեպ սկսվեցին հետապնդումները։ Եթե հիշում եք 2017-ի «մեզը թեյի հետ» պատմությունը, այդ պատմությունն ինձանից էր սկսվել ու իրենք անօրինական կերպով սկսեցին իրենց հետապնդումը։ Ինձ ասացին՝ ես նախկինների հետ կապ ունեմ, պետք է պարտադիր ազատվեմ աշխատանքից։ Օգոստոսի 5-ին, թղթի վրա գրված անօրինական աուդիտի հրաման ուղարկեցին ինձ, օգոստոսի 6-ին եկան այդ աուդիտին, ես թույլ չտվեցի, դիմեցի մարզպետարանին, որ օրինական գրեք փաստաթուղթը, թող գան, աուդիտ անեն։ Օգոտոսի 6-ին ինձ ազատել են աշխատանքից, օգոստոսի 7-ին ես իրենց տվել եմ դատի։ Այս քրեական գործի շրջանակում ինչ գրել են, այդ աուդիտի արդյունքում են գրել, ինչը ես վիճարկել եմ Վարչական դատարանում եւ ես դատերը կրել եմ․ այսինքն՝ այդ ամենը անօրինական է արված։ Հետաքրքիր եւս մեկ բան ասեմ․ ինձ ազատելուց հետո Գարիկն աշխատանքի է ընդունել այն մարդուն, որը թեյի գույնը նայում էր, այս ամենը խոսուն բաներ են»։ 

Հարցին, թե սա քաղաքական հետապնդո՞ւմ է, Ավանեսյանն արձագանքեց՝ ուրիշ ի՞նչ այլ ձեւ մեկնաբանել։ 

Ինչ վերաբերում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության այն հատվածին, թե պատճառված վնասի մի մասը վերականգնվել է, ԲԿ-ի նախկին ղեկավարը կտրուկ հերքեց՝ նշելով, որ ինքը ոչինչ չի վերականգնել․ «Դե ինչ ասեմ, չկա նման բան։ Ես անձամբ վերականգնելու ոչինչ չունեմ, իմ գրպանից բավականին շատ բան եմ դրել Մասիս ԲԿ-ի համար։ Ես  վերականգնելու ոչինչ չունեմ, քանի որ ես բժշկական կենտրոնից ոչինչ չեմ հափշտակել»։ 

Ավանեսյանը չբացառեց, որ որոշակի գումար վճարել են գործով անցնող այլ մեղադրյալներ, կրկին պնդեց՝ ինքը գումար չի վերականգնել։