Կիսակռացած երթեւեկելը գերադասելը
Համացանցում որոնում իրականացնելիս 2012 թվականի ինչ-որ նյութի առումով հանդիպեցի այսպիսի արտահայտության՝ դուք չեք ուզում տեսնել այն լավը, որն արվում է մեզանում: Դա մեջս դեժավյուի զգացում առաջացրեց, բայց հակառակ ուղղվածության: Որովհետև նման խոսքեր էր մեզ ասվում նիկոլական «թավշյայից» հետո մինչև պատերազմը: Բայց ողջ խնդիրն այն էր, որ «թավշյա» կոչվածի իմաստը հենց այդպիսի արտահայտություններից զերծ մնալն էր: Արված յուրաքանչյուր լավն այնքան ակնհայտ պետք է լիներ, որ մի հատ էլ այն մատնացույց անելու կարիք չպետք է լիներ: Սակայն քանի որ իրականությունն այլ էր, ապա ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հասարակությանը զբաղեցնում էր իրական, կիսաիրական և ավելի շատ ոչ իրական 100-ական փաստերով: Իսկ նրա ուսապարկերին էլ մնում էր հասարակության աչքը կոխել այն հազվադեպ ձեռքբերումը, որ նախաձեռնվում էր իրենց կողմից:
Ժամանակի մեջ ձգված այդ կիսաիրական քայլերից էր հասարակական տրանսպորտի աշխատանքի բարելավումը: Եվ չինական «Ժոնգ տոնգ» և «Հիգեր» մակնիշների նոր ավտոբուսների հերթական խմբաքանակի շահագործման հանձնվելը քաղաքապետարանի կողմից: Դա պետք է արվեր ապրիլի 2-ից, իսկ ապրիլի մեկը՝ ստի միջազգային օրը, ժամանակային խոռոչի մեջ էր հայտնվել: Այդ օրը մայրաքաղաքի յոթ երթուղիներում չէին շահագործվում ո՛չ հները և ո՛չ էլ նորերը: Եվ մարդիկ իրենց թանկարժեք ժամանակն ու նյարդերը վատնել էին կանգառներում: Պատճառն այն էր, որ շահագործման հանձնված ավտոբուսները՝ թվով 211, ըստ քաղաքապետի, ձեռք էին բերվել դեռևս 2021 թվականին: Սակայն դրանց տեխնիկական սպասարկման ինչ-ինչ խնդիրների առնչությամբ գործընթացը ձգձգվել է: Եվ երթուղի են բաց թողնվել «փուլային տարբերակով»: Բայց թե ինչու էր ժամանակային խոռոչ առաջացել ապրիլի 1-ին՝ պարզ չդարձավ:
Բայց ինչո՞ւ կիսաիրական քայլ՝ կհարցնեք դուք: Ի վերջո, դրանք դուրս են գալիս երթուղի և սպասարկում են մեզ նման քաղաքացիներին: Բացատրեմ: Նոր ավտոբուսները փոխարինում են գազելներով շահագործող երթուղիները: Երևանում դեռևս գործում են ավելի քան ինը տասնյակ միկրոավտոբուսային երթուղիներ: Նախկինում դրանք ավելի շատ էին, և նրանց հաշվին տարին մեկ-երկու տասնյակ երթուղի էր (նաև՝ է) համալրվում նոր ավտոբուսներով: Նման տեմպերով երևի հնգամյակի ընթացքում բոլոր երթուղիները կհամալրվեն նորերով: Եթե դրան գումարենք 2018-ի «թավշյա» կոչված իշխանափոխությունից հետո անցած չորս տարին՝ կստանանք շուրջ 10 տարի:
Ստացվում է, որ Սերժին մերժելով՝ երևանցիները շուրջ 10 տարով հետաձգեցին մարդավարի երթևեկելու հնարավորությունը: 2017-ին ավարտվել էր քաղաքային երթուղային ցանցի ուսումնասիրության և նոր ցանցի մշակման աշխատանքը: Դրա համար ծախսվել էր 800 հազար ԱՄՆ դոլար:
Եվ 2018-ին սկսվելու էր ողջ ցանցի թարմացման գործընթացը, որ ձգվելու էր ոչ թե 10 տարի, այլ ավարտվելու մեկ դրվագով: Քանի որ արդեն բանակցություններ էին ընթանում արտերկրյա բանկերի հետ գործընթացը ֆինանսավորելու նպատակով: Դե, իսկ գումարի առկայության պայմաններում մնացած բոլոր հարցերը լուծվելու էին կարճ ժամանակահատվածում: Բնականաբար, մայրաքաղաքից հետո հասարակական տրանսպորտի հարցերը լուծվելու էին նաև հանրապետության մնացած բնակավայրերում: Բայց դա տեղի չունեցավ «թավշյա» կոչված իշխանափոխության պատճառով:
Փաստորեն «թավշյա» կեղծիքին տրվելը մեր ժողովրդին ոչ միայն Արցախ ու բազմահազար զոհ, անհայտ կորած ու գերեվարված արժեցավ: Այն նաև հոսանքի (հիշենք 4 դրամով թանկացման դեմ պայքարի «Էլեկտրիկ Երևան» շարժման ակտիվիստների ականջը կանչի), գազի (նաև հասարակական տրանսպորտի գնի թանկացման դեմ պայքարողնների ականջը), առաջին անհրաժեշտության բազմաթիվ մթերքների թանկացման պատճառ հանդիսացավ և դեռ կհանդիսանա: Բայց այդ թանկացումներն այլևս խնդիր չեն լենանազարյանների համար, քանի որ նրանք «նվիրյալ» չէին ու որպես այդպիսին ստացան մեծ աշխատավարձեր ու ավելի մեծ պարգևավճարներ՝ պայքարողների հաշվին դառնալով իշխանավորներ:
Ի վերջո, դեռևս երկար ժամանակ հասարակական տրանսպորտով կիսակռացած երթևեկելու «հաճույքը կվայելեն» այն 600 հազար երևանցիները, որոնք անցյալ տարվա հունիսին կա՛մ «ՔՊԿ-ական ապագան» գերադասեցին հայրենիքից և կա՛մ իրենց անտարբերությամբ նպաստեցին «նիկոլիզմի» շարունակմանը:
Կարծիքներ