Ծախսում են հրավիրող կողմի և ոչ պետբյուջեի, թանգարանի գումարները

Ծախսում են հրավիրող կողմի և ոչ պետբյուջեի, թանգարանի գումարները

Ապրիլի 2-ին մեր թերթում հրապարակված «Ինչո՞ւ են հանում օպերայի տնօրենին եւ պահում Կոմիտասի թանգարանի տնօրենին» հոդվածում կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը, ի թիվս այլ հարցերի, իր խոսքում անդրադարձել էր նաեւ Կոմիտասի թանգարանին՝ նշելով, որ հաճախ ոչ նպատակային ծախսեր են արվում, թանգարանը պարբերաբար աշխատանքային գործուղումներ է կազմակերպում Գերմանիա, որտեղ Կոմիտասի ձեռագրեր չկան։ «Քանի անգամ գնում-գալիս են, ասում են՝ չկա, բայց նորից գործուղում են՝ հյուրանոցով, ճանապարհածախսով»,- նշել էր նա։ 
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանի հետ հանդիպման առիթը թեեւ այդ հրապարակումն էր, բայց տնօրենը չուզեց խոսել մասնավոր դեպքերի եւ անձերի մասին, փոխարենը նախընտրեց խոսել այն մասին, թե ինչով են զբաղված թանգարանում։ «Նվիրված աշխատում ենք՝ հավատալով մեր արած աշխատանքին եւ գաղափարներին,- ասաց նա ու հավելեց, որ այս ընթացքում փորձել են նաեւ որոշակի ազգային խնդիրներ լուծել միջազգային հարթակում,- մասնավորապես՝ եվրոպական ֆորումը, որին առաջին անգամ Հայաստանից ներկայացվեց Կոմիտասի թանգարանը, ինչը մեր բոլորիս ձեռքբերումն է»։ 

Պորտուգալիա, Փարիզ, Ճապոնիա, Գերմանիա. բոլոր այս երկրներ թանգարանի աշխատակիցների գիտական գործուղումները մեծամասամբ ֆինանսավորվում են դրսի կազմակերպությունների կողմից՝ ընդգծում է տնօրենը. «Հայաստանի եւ մասնավորապես թանգարանի բյուջեից գրեթե ոչ մի բան չի ֆինանսավորվում, հատկապես գերմանական կողմն ամբողջ ֆինանսական բեռը վերցրել է իր վրա։ Գերմանիայի հետ համագործակցում ենք 2015-ից, եւ վերջերս մեր գիտաշխատող Լիլիթ Հարությունյանը ծրագրով այցելել էր Գերմանիա, եւ այդ ամբողջ ծրագիրը ֆինանսավորել է գերմանական կողմը։ Որոշակի նյութեր բերվել են նաեւ այնտեղից, մարդիկ կարող են գալ, ուսումնասիրել դրանք, ներառել իրենց աշխատանքների մեջ»։ 

Գերմանիայում կատարած ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ է եկել երաժշտական ընկերության կողմից Կոմիտասին գրված 5 նամակ, ինչպես նաեւ՝ այլ նամակներ։ Իսկ Կոմիտաս վարդապետի անձնական ձեռագրերից գտնվե՞լ են։ «Իրենց կողմից ներկայացված մասնագիտական տվյալների հիման վրա կան հաստատություններ, որտեղ Կոմիտասի վերաբերյալ նյութեր կան, եւ որտեղ դեռեւս պետք է իրականացվեն աշխատանքներ»,- ասաց Կոստանդյանն ու հավելեց, որ 5 նամակները դեռ չեն հրապարակել, քանի որ վերծանության խնդիր կա։ 

Թե ինչպես է գնահատում այդ գործուղումների արդյունավետությունը, Կոստանդյանն ասաց. «Գիտական արդյունքով է գնահատվում գիտական աշխատանքը, ոչ թե գործուղումների քանակով, մենք տարվա կտրվածքով փորձում ենք մեր գիտաշխատողներին ընդգրկել գործուղումների մեջ, մասնավորապես՝ հեղինակավոր գիտաժողովների։ Աշխատում ենք, մեծամասամբ, որ պետական բյուջեից, թանգարանից գումարներ չգնան, բայց եթե կարիք լինում է, մեր գիտաշխատողների համար, որոնք տիրապետում են գերմաներեն, անգլերեն լեզուներին, նաեւ մասնագիտական ունակությունների, անել այնպես, որ ներգրավված լինեն միջազգային հարթակներում եւ ներկայացնեն իրենց մասնագիտական գործունեությունը, ստեղծեն կապեր, որպեսզի կարողանանք ընդլայնել մեր ընդհանուր գործունեությունը»։  

Նիկոլայ Կոստանդյանը նույնպես ընդգրկված է Կոմիտասի 150-ամյակի պետական հանձնաժողովի կազմում, թե որքանով է կարողացել հանձնաժողովը համապարփակ եւ մի ամբողջական ծրագիր մշակել՝ ուղղված Կոմիտասի 150-ամյակի տոնկատարություններին, հատկապես, որ հանրային դաշտում՝ որպես այլընտրանք, ի դեմս երաժիշտ Վահան Արծրունու, ձեւավորվել է Կոմիտասի 150-ամյակի միջոցառումների հանրային հանձնաժողով, Կոստանդյանը նշեց, որ տեղյակ չէ հանրային այդ նախաձեռնության մասին։ Ինչ վերաբերում է պետական հանձնաժողովին, ապա. «Անկախ նրանից, թե ինչ հանձնաժողով է ձեւավորվում, մենք մեր ուղղությամբ գնում ենք, կան ծրագրեր, որոնք կրկնակի պարտավորեցնող են, եւ այս դեպքում կա կրկնակի պարտավորեցնող համախմբման գաղափար»։ Նա հավելեց, որ թանգարանի այս տարվա բոլորն ծրագրերն էլ առանձնահատուկ են, քանի որ վերաբերում են Կոմիտասի 150-ամյա հոբելյանին, եւ տարանջատել որեւիցե ծրագիր այդ ամբողջից, չի ուզում։