ՄԻՊ-ի հայտարարությունից հետո աղանդավորները լկտիացան

ՄԻՊ-ի հայտարարությունից հետո աղանդավորները լկտիացան

Հարցազրույց Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հետ

- Սրբազան հայր, Մայր Աթոռում տեղի ունեցավ Վեհափառ եւ նախկին նախագահների հանդիպումը, եւ կարծիքներ կան, որ այս հանդիպման փաստով ավելի է ընդգծվում եկեղեցու դերը Հայաստանի պետական կյանքում։ Արդյոք Դուք համամի՞տ եք այս կարծիքներին, եւ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ եղավ այդ հանդիպումը։

- Իսկ Դուք կարո՞ղ եք ասել մի վճռորոշ շրջան, երբ եկեղեցին իր մասնակցությունը չի ունեցել։ Միշտ էլ հայ եկեղեցին պետության կողքին, պետականաշինության կողքին է եղել, առավել եւս՝ օրհասական պահերին։ Այնպես չէ, որ եկեղեցին բաժանված է պետությունից։ Դա կեղծ լոզունգ է, որ օգտագործում են։ Մեր եկեղեցին ազգային եկեղեցի է։

- Բայց նաեւ քննադատություններ կան, որ եկեղեցին խառնվում է քաղաքականությանը։

- Դրանք կեղծ լոզունգներ են՝ ասացի։ Եկեղեցին հենց ինքը՝ ժողովուրդն է, եւ ինչպե՞ս կլինի չզբաղվել ժողովրդի հարցով։ Իսկ կա՞ մի ոլորտ, որ եկեղեցին իրավունք չունի զբաղվելու՝ մշակույթը, սոցիալական հարցերը, բարոյական հարցերը, կրթությունը․ դա եկեղեցուն չի՞ առնչվում։ Հետեւաբար, դրանք կեղծ բաներ են՝ դրսի կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող, որպեսզի եկեղեցուն մի կողմ դնեն, լուսանցքային վիճակում թողնեն։

- Դրսից ֆինանսների մասին ասացիք։ Սոցցանցերում տարբեր մարդիկ դժգոհում են կրոնական կազմակերպությունների ակտիվությունից։ Մենք էլ ամեն օր մայրաքաղաքի տարբեր հատվածներում պատահում ենք նման խմբերի։ Մարդիկ եկեղեցուն մեղադրում են, որ Հայաստանի համար այս ծանր վիճակում, երբ նաեւ հոգեւորի կարիքը կա, եկեղեցին պասիվ է եւ դաշտ է բացել այլ կրոնական կազմակերպությունների, ժողովրդի լեզվով ասած՝ աղանդների համար։

- Այո, տարօրինակ կերպով աղանդավորական կազմակերպություններն ակտիվացել են։ Լկտիացել են, այլ ոչ թե ակտիվացել են, հատկապես Եհովայի վկաները։ 44-օրյա պատերազմի ընթացքում դրանք ընդհատակ էին անցել, գոյություն չունեին, փախած էին, բայց այն բանից հետո, երբ մարդու իրավունքների պաշտպանն ինչ-որ հարց բարձրացրեց աղանդավորական կազմակերպությունների հետ կապված, որ ուժային կառույցներում նրանք կարող են խմբակցություններ հիմնել եւ այլն, դրանք լկտիացան։ Ամենուրեք պտտվում են՝ տարածելով իրենց վախերը, որովհետեւ իրենք քարոզում են զենք չվերցնել, ու պատերազմական շրջան է հիմա, կարծես թե հակառակն է պահանջվում, բայց իրենք հակառակն են անում։ Եկեղեցուն մեղադրելու կարիք չկա աղանդավորների համար, քանի որ դա ոչ թե հոգեւոր անվտանգության հարց է, այլ ազգային անվտանգության հարց է, որ պետությունը, Ազգային անվտանգության ծառայությունը պիտի զբաղվեն դրանով։ Եկեղեցին ինչ որ պետք է, ասում է, ամեն օր էլ ազդարարում է, որ նման բաներ կան, բայց եկեղեցին չունի լծակներ՝ դրա դեմ պայքարելու, դա ազգային անվտանգության հարց է։

- Դուք համամիտ եղաք, որ հիմա ՀՀ համար օրհասական պահ է, եւ եկեղեցին յուրահատուկ առաքելություն ունի, սակայն տպավորություն է, որ դա առանձին հոգեւորականների հոգսն է, կան թեմերի առաջնորդներ, ովքեր նախընտրում են լռել, չխոսել այս թեմաներից։ 

-  Ի տարբերություն այլ կառույցների՝ եկեղեցին եթե արտահայտվում է, Մայր Աթոռը եթե հաղորդագրություն է տարածում, ապա դա եկեղեցու պաշտոնական տեսակետն է, դա վերաբերում է բոլոր հոգեւորականներին, հետեւաբար՝ այն, ինչ Մայր Աթոռը, տեղեկատվական բաժինն ասում է, դա ոչ թե անհատի, այլ եկեղեցու ձայնն է, պաշտոնական տեսակետը։ Հետեւաբար, դա բոլոր եկեղեցականների մտածումն է։ Մայր Աթոռը բազմաթիվ անգամներ բազմաթիվ ձեւերով արտահայտվել է, խոսել, այնպես չէ, որ չի ասել։ Առաջին օրվանից էլ նույն բաներն ասվել են։

- Եկեղեցին մեկ տարի առաջ պաշտոնապես պահանջեց վարչապետի հրաժարականը, սակայն հիմա տպավորություն կա, որ այդ պահանջից, կարծես թե, հրաժարվել է։

- Նման բան չկա։ Երբեւիցե Մայր Աթոռի կողմից նման դիրքորոշում լսե՞լ եք։ Եկեղեցին իր դիրքորոշումն ասել է եւ իր ասածի կողքին կանգնած է, ամեն անգամ նույն բանն ասել է։

- Փաշինյանն ասել է, որ պատրաստվում է փաստաթուղթ ստորագրել, որի արդյունքում ՀՀ 29 800 ք/կմ տարածքում կկարողանա խաղաղ գոյատեւել։ Շատերը չեն հավատում այս հեռանկարին, ավելին՝ պնդում են, որ նա պատրաստվում է Արցախը վերջնականապես ճանաչել Ադրբեջանի կազմում։ Դուք ի՞նչ կարծիք ունեք մասին։

- «Խաղաղության պայմանագիր» հասկացություն չկա, դա սուտ, կեղծ, շինծու ինչ-որ մի թեզ է։ Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը, երբ ամեն օր թշնամին իր ատելությունը ցույց է տալիս քո նկատմամբ։ Ամեն անգամ մենք խաղաղությունից ենք խոսում, իսկ նրանք տարածքներ են գրավում, մեր զինվորներին են գերեվարում ու սպանում։ Դրանք կեղծ թեզեր են։ Անարժանապատիվ խաղաղությունն ո՞ւմ է պետք։ Դա բացառվում է, մենք չենք կարող այդ ժողովրդի հետ ապրել, եթե հզոր եղանք՝ կարող ենք, չեղանք՝ չենք կարող։

- Այդ դեպքում Դուք ի՞նչ կոչ ունեք ժողովրդին։

- Միասնականություն։ Միասնություն այս օրհասական պահին, վստահել մեկը մյուսին, որպեսզի չկորցնենք մեր ունեցածը։ Այդ միասնականության հոգին է, որ մեզ պիտի առաջնորդի ամենուրեք եւ, անշուշտ, դեպի հաղթանակ։