Պետական մտածողության դասական օրինակը

Պետական մտածողության դասական օրինակը

Հայտնի է, որ մարդ արարածն անվերջ խոսում է այն բանից, ինչն ինքը չունի և կցանկանար ունենալ տվյալ պահին: Իսկ եթե վերջինս ոչ թե մասնավոր անձ է, այլ հանրային գործիչ կամ նույնիսկ պետության ղեկավար, ապա տվյալ հատկանիշն ավելի է ընդգծվում. ուղղակի թող ու փախիր: Նախկիններն, օրինակ, բողոքում էին փողի պակասությունից: Բայց այդ հարցը վերջին երկու տարում լուծվել է ռուսական գործոնի հաշվին: Եվ գործող իշխանությանը կամ անձամբ Նիկոլին այլ խնդիրներ են անհանգստացնում: Դրանք տարբեր են լինում ըստ ժամանակային փուլերի, իսկ վերջերս խոսույթի թեման լեգիտիմությունն է: Դրա վերաբերյալ անընդհատ խոսող Նիկոլի թվում է, թե այդ եզրույթի օգտագործումը լրացուցիչ լեգիտիմություն է հաղորդում իր իշխանությանը: Որովհետև ինքը գիտակցում է, որ 2021 թվականի հունիսի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ներկայացված ծրագիրը, որը հավանության է արժանացել որոշակի քանակի ընտրողների կողմից, ամբողջովին տապալվել է: Ինչը նշանակում է, որ այդ ծրագրից դուրս իշխանության ողջ գործունեությունը դարձել է ոչ լեգիտիմ: Կիսագրագետ և վերջինիս ասածները հալած յուղի տեղ ընդունող զանգվածների համար Նիկոլի ջանքերն այդ ուղղությամբ գուցե և արդարացված են: Բայց կարդացածը կամ լսածն ընկալելու ունակությամբ օժտված հայաստանցու համար լեգիտիմության առումով Նիկոլի խոսքերը զուրկ են որևէ արժեքից: 

Բայց դա չի խանգարում, որպեսզի ինքը շարունակի խոսել այն երևույթի շուրջ, ինչն իրականում առկա չէ իր իշխանության հիմքում: Վերջերս էլ այն արծարծվել է Հայաստանի պաշտպանության և ՀՀ-ի նկատմամբ տարաշրջանային պետությունների վերաբերմունքի առումներով: Ամեն մի առանձին թեմայի վերաբերյալ խոսելու ընթացքում նրան թվում է, թե ինքը ինչ-որ կարևոր բան է բացահայտել ու անմիջապես կիսվում է լսողի հետ: Ներկայացնեմ Վրաստանի առումով նրա «բացահայտումն» առ այն, թե ինչու է այդ երկիրը համագործակցում ոչ թե Հայաստանի, այլ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Այսպես՝ փոխանակ հաշվի առնի նախկինների օրոք Ռուսաստան-Հայաստան բարեկամական փոխահարաբերությունները, ռուս-վրացական պատերազմը, այդ երկրի վառելիքա-էներգետիկ խնդիրները, մահմեդական վրացիներով բնակեցված տարածքի՝ Աջարիայի, առկայությունը, հայ-վրացական դարավոր մրցակցությունը և այլն, խոսում է ինչ-որ ուղերձներից, որ առկա են ՀՀ հիմնում կամ Անկախության հռչակագրում: Նրա ասածը, ինչպես միշտ, այսօր-վաղը տիրաժավորվելու և տարածվելու է նրա ենթակաների կողմից: Եվ ինքն իր մասին սովորաբար բարձր կարծիք ունեցող, բայց քաղաքականությունից հեռու անձը պետք է մտածի, որ Նիկոլը ճիշտ է ասում: Չնայած իրականում Նիկոլը հերթական անգամ սուտ է խոսում և շեշտադրում է գործոններ, որոնք կարող են տասներորդ կարգի առնչություն ունենալ տվյալ երևույթի հետ: 

Ի դեպ, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի առումով Ռուսաստանի հետ խնդիրներ ունեցող Վրաստանը սկզբում դիմել էր Միացյալ Նահանգների օգնությանը: Եվ սկզբնական շրջանում ստացել էր այն, իսկ հետո վրացական հարցը Արևմուտքի կողմից հասցեագրվել էր նրա հարևան Թուրքիային: Ու վրացական ազգայնական ժողովրդավարների կողմից ընտրվել էր միջանձնային և միջպետական փոխհարաբերությունների առումով պրակտիկ տարբերակը՝ լինել ուժեղի հետ, որպեսզի ապահովագրեն իրենց թե՛ հենց այդ և թե՛ մեկ այլ ուժեղից: Իսկ ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում Ռուսաստանի և Արևմուտքի նկատմամբ Վրաստանի վարքագիծը կարելի է նույնիսկ պետական մտածողության դասական օրինակ համարել: Ի տարբերություն, բնականաբար, Հայաստանի: