ՄԻԱՎ -ՁԻԱՀ վարակակիրներն ու հիվանդները չեն ուզում օգտվել պոլիկլինիկաներից

ՄԻԱՎ -ՁԻԱՀ վարակակիրներն ու հիվանդները չեն ուզում օգտվել պոլիկլինիկաներից

«Դրական մարդկանց» ՀԿ նախագահ Անահիտ Հարությունյանը ներկայացրեց նաև 156 շահառուի ստորագրությամբ դիմումը, որում ստորագրած անձինք հայտնում են, որ իրենց համար անհասկանալի է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ու «Նորք» ինֆեկցիոնի միավորումը։

Հարցում էր արվել նաև՝ արդյոք մեր շահառուները պատրա՞ստ են պոլիկլինիկաներից բուժում ստանալու, և 96 տոկոսը կտրականապես հրաժարվել էր։ «Այսինքն, երբ առողջապահության նախարարությունը հղում է անում տուբերկուլյոզային ծառայությանը, որը ստացիոնարի պարագայում մատուցվում է դեղերի ձևով, դա չի կարող մեխանիկորեն համադրվել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց, որովհետև նրանք ունեն նաև ներքին խարանման խնդիր, որ վախենում են, որ իրենց կիմանան, շատերը կճանաչեն, շատերը վախենում են իրենց երեխաներից, և ուղղակի տեղափոխել պոլիկլինկա, համենայնդեպս, հիմա պատրաստ չենք»,-ասաց Անահիտ Հարությունյանը։

Նա հարց ուղղեց ԱՆ աշխատակից, «Գլոբալ» հիմնադրամի ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանին, ով մինչ այդ հիմնավորում էր, թե երկու բուժմիավորումները միացնելն անհրաժեշտություն է, քանի որ մոնոպրոֆիլ հաստատությունները, այդ թվում՝ առողջապահական, խոչընդոտում են առողջապահական հիմնարկների զարգացմանն ու արդյունավետ կառավարմանը։ Նրա խոսքով՝ ՁԻԱՀ-կենտրոնի ստացած դրամաշնորհներով ձեռք բերված կարողությունները, այդ թվում՝ 1 ժամում մինչև 400 թեստ անող բիոքիմական անալիզատոր սարքը միավորման դեպքում կարող են օգտագործել այլ հիվանդությունների, օրինակ՝ հեպատիտ C ունեցող հիվանդների համար։

Անահիտ Հարությունյանը հարցրեց. «Ուզում ենք հասկանալ՝ էդ շենքը, որ հիմնվել է և վերազինվել է այդ բոլոր սարքավորումներով, հիմա այդ սարքավորումն իջեցնելու եք ինֆեկցիո՞ն։ Ի՞նչ է նշանակում՝ օգտվելու են, եթե հիմա էլ են օգտվում, որովհետև ինչքանով ես գիտեմ՝ նույն հեպատիտ C-ի հետ կապված` 2013 թվականից բարձրացնում ենք հարցը, որ ունենք երկրում հեպատիտ C-ի համաճարակ և չունենք հստակ վիճակագրություն։ Միակ հստակ վիճակագրությունը, որը տալիս է խոցելի խմբերից երկուսում, տալիս է ՁԻԱՀ կենտրոնը»։
 

Նա նշեց, որ մեկ շաբաթ առաջ տուբերկուլյոզի բուժումն ավարտած մարդուն չեն կարողացել հիվանդանոցում տեղավորել, ապա ասաց՝ էդ հարցերը լուծենք, մինչև գործող համակարգը քանդելը։

Նախարարության ներկայացուցիչ Քոչարյանը ցնցող պատասխան տվեց՝ ասելով, որ Անահիտը խոսեց հօգուտ միավորման՝ ցույց տալով, որ «Նորք» ինֆեկցիոնն այնքան թույլ է, չունի ուղեցույցներ և այլն, որ իրեն անհրաժեշտ է այդ ռեսուրսն ունենալ։

Ինչ վերաբերում է սարքերին, նրա խոսքով, ոչ մի սարք չի շարժվելու, ընդամենը ծառայելու են նաև հեպատիտ C-ով հիվանդներին։ Ինչ վերաբերում է վիճակագրությանը, ապա «այս պահին հեպատիտ B-ն անվճար բուժելու համար վիճակագրությունը հավաքվում է և հաստատ նաև C-ի համար էլ է լինելու՝ նույն ձևով»։


ԱՆ ներկայացուցիչը նկատեց՝ պոլիկլինիկաներից բուժում չի տրամադրվելու ՄԻԱՎ վարակակիրների համար։ Այս զրույցի ավարտին էլ ԱՆ ներկայացուցիչը «կծեց» հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանին՝ ասելով, որ շատ հարգում է Անահիտ Հարությունյանի ՀԿ-ն, բայց կան նաև շատ այլ արժանավոր հասարակական կազմակերպություններ, որոնք քննարկմանը չեն մասնակցում։ Նարեկ Զեյնալյանն առարկեց, որ հրավիրել են, չեն եկել, տիկին Քոչարյանն էլ նկատեց՝ նրանք հայտարարություն են տարածել, որ ցանկություն են հայտնել մասնակցել, բայց իրենց նման հնարավորություն չի տրվել։