Չի բացառվում, որ սա արվում է Հայաստանի դեմոգրաֆիկ կազմը փոխելու դիտավորությամբ

Չի բացառվում, որ սա արվում է Հայաստանի դեմոգրաֆիկ կազմը փոխելու դիտավորությամբ

Կառավարությունը հիմնովին փոխում է Հայաստանի միգրացիոն և քաղաքացիության ծառայությունը։ Ամեն ինչ արվում է, հեշտացնելու համար կացության, ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու հետ կապված գործընթացները։ Եթե նախկինում համապատասխան դիմումները կարող էին տալ միայն Երևանում, ապա հիմա ամեն մարզում դրանք կարելի է ներկայացնել ու ստանալ, ասենք, կացության կարգավիճակ։ Կարելի է ենթադրել, որ ամեն ինչ արվում է օտարերկրացիների կյանքը հեշտացնելու, Հաաստանում նրանց կացությունն օրինականացնելու համար։ 

Ինչո՞ւ, արդյո՞ք վտանգավոր չի մեզ համար օտարերկրացիների ներկայիս անվերահսկելի ներհոսքը։
Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն ուսումնասիրել է, որ մեկ տարում մոտավորապես 130 հազար հնդիկներ կացության հատուկ կարգավիճակ են ստացել, որը կրկնակի շատ է մինչ այժմ Հայաստանում եղած բոլոր ազգային փոքրամասնությունների թվից։ «Մինչև  հիմա մենք ունեցել ենք 56 հազար ազգային  փոքրամասնությունների ներկայացուցիչներ։ Այս 130 հազարի ոչ էթնիկ կազմն է մեզ համար պարզ, ոչ կրոնական։ Հնդկաստանում ապրում է 220 մլն մահմեդական։ Պակիստանի սահմանային հատվածում կան նաև բնակիչներ, որոնք Հայաստանի դեմ թշնամաբար տրամադրված Պակիստանի ազդեցության տակ են։ Չի բացառվում, որ այս մարդիկ հենց այդ շրջաններից են, ու որ սա արվում է Հայաստանի դեմոգրաֆիկ կազմը փոխելու դիտավորությամբ։ Եկածները բացառապես երիտասարդներ են, 99 տոկոսով տղաներ, որոնք այստեղ արմատավորվելով` սերունդ են տալու։ Նրանք, ի տարբերություն ՀՀ քաղաքացիների, հաշվառված չեն պոլիկլինիկաներում, չգիտենք նրանց առողջական վիճակը, չգիտենք` եթե հիվանդանան, ով պետք է նրանց բուժի, չեն գնում բանակ, չեն վճարում հարկեր։ Այսինքն՝ մեր համեմատ նրանք նույնիսկ արտոնյալ վիճակում են»։ Ըստ Էդգար Ղազարյանի, մարզերում միգրացիոն ծառայություններ բացելը բերելու է նրան, որ ոչ միայն Երևանում, այլև մեր մյուս քաղաքներում կտրուկ ավելանալու է հնդիկ բնակչությունը։ 

«Սա հատուկ միգրացիոն քաղաքականություն է Հայաստանի դեմոգրաֆիական կազմը փոխելով, ընդ որում, անվերահսկելի իսլամիկ ազդեցությամբ։ Սրա մեջ ես լուրջ վտանգներ եմ տեսնում», - ասում է Էդգար Ղազարյանը։ Սա գլոբալ գործընթաց է, գերծանրաբեռնված պետություններից վատ ապրողները գնում են ավելի բարենպաստ պետություններ, սա կարող է կազմակերպված էլ չլինել, ի՞նչ է պետք անել։ «Մեր երկիրը անվտանգային առումով խոցելի վիճակում է։ Տարիներ առաջ ես որ աշխատում էի «Ջերմուկ գրուպում», եթե Հնդկաստանից մեկ ամսով ինժեներ էր գալիս մեր ընկերություն, հատուկ նամակ էր գրվում ԱԳՆ, ընկերությունը երաշխիքներ էր տալիս նրա կացության, նրա անվտանգության համար, որ մի հոգի գա։ Այն երկրների գծով, որոնք որ բնակչության ավելցուկ ու արտագաղթ ունեն, պետք է հատուկ վերահսկողություն սահմանես»։