Որտե՞ղ կլինի «Իմ քայլը» 2050 թվականին

Որտե՞ղ կլինի «Իմ քայլը» 2050 թվականին
Սուրեն Պապիկյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում ունեցած ելույթի ժամանակ խոսեց այն մասին, որ 2050 թվականին Հայաստանի բնակչության թիվը պետք է դառնա 5 միլիոն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նորընտիր նախագահ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանից  Hraparak.am-ը հետաքրքրվեց՝ իրատեսակա՞ն է, արդյոք, այս կանախեստումը և ինչու հենց 2050 թվական և 5 միլիոն։

«Որովհետև 5 միլիոնն այն թիվն է, որ նախ Հայաստանի Հանրապետության տարածքը Արցախի Հանրապետության տարածքի հետ կարող է պատշաճ կերպով այդ մարդկանց կերակրել, սնել, նաև դա մեր երկրի բնականոն զարգացման և մեր անվտանգության անհրաժեշտ թվաքանակն է»,-ասաց Սուրեն Պապիկյանը։

-Իսկ որտե՞ղ կլինեք դուք («Իմ քայլը») 2050 թվականին, և ի՞նչ հույսով եք նման կանխատեսում անում։

-Չեմ կարող ասել, դա խնդիր է, որ դնում է իր առջև կառավարությւոնը, որը լուծելու համար պետք է լծվել աշխատանքի։ 

-Հիմա, եթե 5 տարի հետո դուք հեռանաք իշխանությունից, ո՞վ է ապահովելու այդ 5 միլիոնը։ 

- Դա կանխատեսում չէ, դա ռազմավարական ծրագիր է, որը կյանքի կոչելու համար պետք է ամեն ինչ անենք։ Իսկ ռազմավարական ծրագրերն այնպիսի ծրագրեր են, որ անկախ նրանից՝ ով է իշխանության, հաջորդ իշխանությունը դա անում է։

-Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի ելույթը Սերժ Սարգսյանի ելույթներին են նմանեցնում , որտեղ նույն թեզերն են կրկնվում, օրինակ՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» կամ նույն 2050 թ-ին 5 միլիոն դառնալու թեզեզը, նա էլ 2040-ին 4 միլիոն էր կանխատեսում։

-«Արցախը Հայաստան է, և վե՛րջ», դա Սերժ Սարգսյանի թեզը չէ։

-Բայց նա էլ էր նույնը կրկնում իր ելույթներում և ոչ միայն դա։

-Ես չեմ ուզում Սերժ Սարգսյանին անդրադառնալ ու խոսել ինչ-որ․․․ Հայաստանի Հանրապետության զարգացման տեսլականի մեջ շատ քաղաքական գործիչների, շատ մարդկանց նպատակներ ու մտքեր կարող են համընկնել կամ նման լինել։ Բայց դա չի նշանակում, որ դրանք մի տեղից են բխում կամ մի աղբյուր ունեն։ Յուրաքանչյուրս էլ ուզում ենք Հայաստանի Հանրապետության զարգացումը, մեկը՝ մի քիչ լավ, մեկը՝ մի քիչ վատ։ Բայց երկրի ղեկավարն իր պատկերացումների, մեր քաղաքական թիմի պատկերացումների շրջանակներում արտահայտել է մտքեր։

-Պարզապես, կարծես կրկնվում են այդ տեսլականն ու պատկերացումները։

-Դե, գիտե՞ք, ի տարբերություն նրա, որ այդ տեսլականը զուտ արտահայտված միտք է եղել շատերի դեպքում, մենք պարտավորություն ենք ստանձնում նաև այդ տեսլականին հասնելու քայլեր անել։