Ունենալ այնպիսի պաշտպանական համակարգ, որ մեզ հետ բանակցելը գերադասեն մեզ վրա հարձակվելուց

Ունենալ այնպիսի պաշտպանական համակարգ, որ մեզ հետ բանակցելը գերադասեն մեզ վրա հարձակվելուց

Հարցազրույց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի հետ

- Օգոստոսի 31-ին Բրյուսելում նախատեսվում է Փաշինյան–Միշել–Ալիև հերթական եռակողմ հանդիպումը: Ի՞նչ կարելի է ակնկալել այդ հանդիպումից:

-Այդ հանդիպման նախօրեին ադրբեջանական կողմը, իրեն հատուկ գործելաոճի համաձայն, արդեն նախահարձակ է եղել՝ օրակարգային հարցեր դնելով շրջանառության մեջ: Մասնավորապես, օգոստոսի 27–ին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ օգոստոսի 31-ին Բրյուսելում նախանշված Ալիև-Փաշինյան հանդիպմանը նախատեսվում է համաձայնեցնել «խաղաղության համաձայնագրի» տեքստը նախապատրաստող խմբի ստեղծման հարցը։ Դրան ի պատասխան՝ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին. «Հանդիպման արդյունքների վերաբերյալ կտարածվի համապատասխան հաղորդագրություն, որտեղ կտրվի համապարփակ տեղեկատվություն քննարկված թեմաների շուրջ»: Սա, իհարկե, ոչինչ չասող հայտարարություն էր:
Այս դրվագը ևս մեկ անգամ գալիս է փաստելու, որ ՀՀ ղեկավարությունը գնում է բանակցությունների՝ կամ առանց օրակարգի ու բովանդակության, կամ հանրությունից թաքցնում է, թե ինչ հարցերի վերաբերյալ են բանակցություններ նախատեսվում Ադրբեջանի հետ: Բոլորին էլ պարզ է, որ հանդիպման ավարտին կտարածվի հայտարարություն: Ավելին, բրյուսելյան ձևաչափի հանդիպումներից հետո տարածված հայտարարություններում հենց տեղ գտան ադրբեջանական թեզերին համահունչ ձևակերպումներ: Այսինքն, երբ դու գնում ես բանակցությունների, չունենալով որևէ ձևակերպված առաջարկ և բովանդակություն, այլ ընդամենը հայտարարելով, որ «խաղաղության դարաշրջան» ես բացում մի պետության հետ, որը սպառնում է քո տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ապա դու կամ ընդունելու ես դիմացինի թելադրած օրակարգը կամ լավագույն դեպքում փորձելու ես պաշտպանվել դրանից: Երկու դեպքում էլ դու հայտնվում ես վատ իրավիճակում: Արդյո՞ք նախատեսվում են բանակցություններ այսպես կոչված «խաղաղության համաձայնագրի» տեքստը նախապատրաստող խմբի ստեղծման շուրջ, դժվար է հստակ ասել, բայց ելնելով նրանից, որ Հիքմեթ Հաջիևը օգոստոսի 19–ին հանդիպել էր ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հետ, կարելի է ենթադրել, որ նրանք խոսել են սպասվելիք օրակարգի մասին, ինչը բարձրաձայնեց Հաջիևը, որին անատամ կերպով արձագանքեցին ՀՀ կառավարությունից:
Ցավոք, Բրյուսելում լինի հանդիպումը, Մոսկվայում, թե մեկ այլ քաղաքում, մենք որևէ դրական ակնկալիք չենք կարող ունենալ, որովհետև ՀՀ ղեկավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մի խնդիր ունի՝ ամեն գնով պահել սեփական իշխանությունը: Դրա համար նա չի ձևավորում օրակարգ, չունի որևէ բովանդակային առաջարկ, որովհետև դա ենթադրում է պատասխանատվություն և հաշվետվողականություն: Օրինակ՝ ՔՊ նախընտրական ծրագիր էին գրել, որտեղ Արցախի հարցով հստակ նշել էին, որ պայքարելու են ինքնորոշման իրավունքի համար, որ Արցախը չի լինի Ադրբեջանի մաս և այլն: Թող բացեն, վերընթերցեն ու տեսնեն, որ այդ ծրագրից իրենք հրաժարվել են, քանի որ դրա իրագործման համար պետք էր կամք, աշխատանք, պրոֆեսիոնալիզմ, բանակցելու ունակություն և բանակ բարեփոխելու ծրագիր: Նրանք այդ ունակությունները չունեն, ուստի ըստ օրվա հարմարության են շարժվելու և երբեք չեն ձևավորի բովանդակային օրակարգ՝ ՀՀ–ի ու Արցախի պետական ու անվտանգային շահի հիման վրա: Միայն օրենսդրական վերջին նախաձեռնությունը` գումարով ծառայությունից ազատվելու մասին ցույց է տալիս իշխող ուժի վերաբերմունքի բանակի ու ծառայության հանդեպ: Ինչպե՞ս կարելի է նման օրենք շրջանառել մի պետության մեջ, որին սպառնում են պատերազմով: Չէ՞ որ դա նախևառաջ սոցիալական անջրպետի խորացմանն է տանելու: Փոխարենը ավելի արդյունավետ, գրավիչ ու ժամանակակից դարձնեն բանակում ծառայությունը, մշակում են օրենքներ, որոնք կօգնեն խուսափել ծառայությունից: Սա ամենավառ օրինակն է, որ ՔՊ–ում չեն կարողանում կամ ուղղակի չեն ցանկանում գիտակցել, թե ինչ իրավիճակում է մեր պետությունը, ինչ մարտահրավերներ կան և ինչպես պետք է դրանց դիմակայել: 

-Վերջերս Ադրբեջանը աջուձախ «մուննաթ» է գալիս ԱՄՆ–ի ու Ֆրանսիայի վրա: Վերջին անգամ բողոքում էին, թե ինչու այդ պետությունների դեսպանները չեն այցելում օկուպացված Շուշի: Ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանի նման ագրեսիվ խոսույթը: 

-Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանն իրեն թույլ է տալիս նման տոնայնությամբ խոսել ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների հետ: Ցավոք, եկող արձագանքն էլ համարժեք չէ բռնապետական Ադրբեջանի այս պահվածքին ու հռետորաբանությանը: Նման ագրեսիվ խոսելաոճը նաև դրանով է պայմանավորված, որ Ադրբեջանը, ցավոք, մարսում է դա: Եթե կոշտ ու համարժեք արձագանք ստանային, իրենց ավելի զուսպ կպահեին: Այստեղ կա ժողովրդավարության և բռնապետության խնդիր: Այնպիսի տպավորություն է, որ բռնապետական Ադրբեջանը, որի ղեկավարը արդեն 19 տարի նույն Իլհամ Ալիևն է, ով ժառանգել է պաշտոնը իր հայր Հեյդար Ալիևից, ոչ միայն մարսում է ագրեսիան, այլև շարունակում է իրեն լկտի ու հանդուգն պահել բոլորի հետ անխտիր: Սա լուրջ արժեքաբանական հարց է ու մարտահրավեր ժողովրդավարական արժեքներ դավանող կամ դրանք քարոզող մեր գործընկերների համար: Ցավալի է տեսնել, որ մի կողմից ռուս գործընկերներն են թույլ տալիս ադրբեջանական ոտնձգություններ, մյուս կողմից՝ եվրոպացի և ամերիկյան գործընկերները ոչ պատշաճ արձագանքներ են տալիս: Սա, իհարկե, ավելի է արձակում Բաքվի ձեռքերը: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ ինչ զիջումների էլ գնա Հայաստանը, անգամ, եթե թուղթ ստորագրի, ճանաչելով Արցախը Ադրբեջանի կազմում, մենք չենք ունենա խաղաղություն: Ավելին, մենք կունենանք նոր ագրեսիա արդեն ՀՀ սահմաններին, մասնավորապես՝ Սյունիքի ուղղությամբ: Ադրբեջանն անգամ չի թաքցնում իր այդ մտադրությունները: Փաստացի, միջազգային հանրությունը ներկայացնող գլխավոր դերակատարներն անգամ ըստ արժանվույն չեն պատասխանում Ալիևին, ու՞մ վրա ենք մենք հույս դնում: Այս առումով ևս մեկ անգամ կմեջբերեմ Սպարապետ Վազգեն Սարգսյանի հայտնի խոսքերը. «Լա՛վ իմացեք, պատերազմից խուսափելու լավագույն ձևը միշտ պատերազմին պատրաստ լինելն է: Ուզո՞ւմ ենք խաղաղություն լինի, պետք է ունենանք ամուր բանակ, կանոնավոր բանակ, մարտունակ զինվոր: Եթե թշնամին իմանա, որ մենք ամուր բանակ ունենք, չի համարձակվի հարձակվել: Մենք դատապարտված ենք ամուր բանակ ունենալուն»: Սա է խաղաղության երաշխիքը. ունենալ այնպիսի պաշտպանական համակարգ, որ մեզ հետ բանակցելը միշտ գերադասեն մեզ վրա հարձակվելուց: