Ձեզ դուր է գալիս այն, ինչ դուր է գալիս Ալիեւին․․․

Ձեզ դուր է գալիս այն, ինչ դուր է գալիս Ալիեւին․․․

Այսպիսի բան են ասում, որը վերաբերվում է նույնիսկ շարքային քաղաքացիներին։ Երբեք մի արդարացիր։ Եթե սխալ ես, ներողություն խնդրիր ու առաջ անցիր։ Այդպես ավելի ճիշտ կընկալվես հանրության կողմից։ 

ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է իր նախկին հայտարարությունը, որտեղ նշել էր՝ Քելբաջարն ավելի է սազում, քան՝ Քարվաճառը»:
Լղոզված մի բացատրություն է տվել, որ իբր ինքը նկատի է ունեցել միայն բարեհնչությունը և իմաստը։ 

«Ուղղակի գրել եմ, որ տեղանքի հատկանիշներին և էությանը, հնչողությամբ և իմաստով Քելբաջար անվանումը, որը թարգմանաբար նշանակում է՝ բերդ գետի վրա կամ քարե ամրոց, ավելի շատ է սազում քան Քար-Վաճառ»:

Փորձենք մի քիչ խորանալ պատմական փաստերի մեջ։ 5-16-րդ դարերում բնակավայրն ունեցել է գյուղի կարգավիճակ և կոչվել Քարվաճառ, որտեղ բնակվել են հայեր։ 1812-1920 թվականներին այնտեղ բնակություն հաստատած քրդերի կողմից տեղանունը աղավաղվել է, և բնակավայրը սկսել է կոչվել Քյարվաջար, զուգահեռաբար 19-րդ դարից՝ Քյալբաջար։ Խորհրդային տարիներին բնակավայրը սկսել է կոչվել Քելբաջար։ Ադրբեջանցիները հարմարեցրել են իրենց լեզվական բարեհնչությանը։ Արցախյան պատերազմի ժամանակ՝ 1993 թվականին տեղի ունեցած Քարվաճառի ազատագրման ռազմագործողությունից հետո, երբ բնակավայրը ներառվեց Արցախի Հանրապետության կազմում, սկսեց կրկին կոչվել Քարվաճառ։  Խորհրդային Միության փլուզումից հետո ադրբեջանցիները շարունակել են կոչել Քելբաջար։

Ինչ վերաբերվում է այն փաստին, որ պատգամավորին  ադրբեջանցիների կողմից տրված Քելբաջար անունը  իմաստային առումով ավելի է դուր գալիս, որովհետև նշանակում է բերդ գետի վրա կամ քարե ամրոց, ասեմ՝ որ հայկական ծագման Քարվաճառ անունը նույնպես համարժեք է «բերդ» բառին, այսինքն` տեղանունների կիրառման մեջ «քար» կամ «բերդ» (ամրոց) բառերը նույնիմաստ են։ Եթե չի հավատում, թող ուսումնասիրի Վասպուրականի Քարհերձը (բերդ Զակամում), Քար Ամյուկը («Քար Ամկոյ») և Քար Մանակերտը, Կիլիկիայի բերդեր Քարն Սարվանդին և Դեղնքարը։ Այնպես որ եթե պատգամավորը տիրապետում է «միայն ադրբեջաներենին» ու բացատրում է, թե Քելբաջարը նշանակում է քարե ամրոց, ապա թող հայերեն լեզվի  մասնագետների միջոցով Քարվաճառ բառի ստուգաբանությունն էլ ուսումնասիրի ու իմանա, որ ըստ ուսումնասիրությունների՝ Քարվաճառ բնակավայրի պատմությունն սկսվում է առնվազն 5-րդ դարից։ Սա Քարվաճառ- Քելբաջար անվանումների իմաստի մասին։ 

Ինչ վերաբերվում է բարեհնչունությանը, ասեմ, որ եթե պատգամավորին դուր է գալիս Քելբաջար բառը, որը, նորից եմ կրկնում քրդերի կողմից աղավաղված Քյարվաջարն է, (Քարվաճառը), ասեմ, որ ադրբեջանցիներին էլ է դուր գալիս Քելբաջարը, Շուշան, Չայզամին, Էյվազլին․․․ Ձեզ դուր է գալիս այն, ինչ դուր է գալիս Ալիեվին․․․

Ավելին չասեմ։ Ավելին կընկալի հանրությունը։