Էրդողանի նախարար փեսան հրաժարական է ներկայացրել 

Էրդողանի նախարար փեսան հրաժարական է ներկայացրել 

Թուրքիայի Հանրապետության ֆինանսների և գանձապետարանի նախարար Բերաթ Ալբայրաքը հրաժարական է տվել։

Հաղորդում է «BBC»-ի թուրքական ծառայությունը՝ հղում անելով Ալբայրաքի ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարին, որում նշված են հրաժարական տալու պատճառները։

Հրաժարական տալու պատճառներն առողջական խնդիրներն են։

«BBC»-ի հետ զրույցում նախարարության պաշտոնյաներից մեկը հաստատել է հրաժարականի մասին տեղեկությունը:

Ալբայրաքը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է, Էզրա Էրդողանի ամուսինը։

Թուրքիայի նախագահի փեսան նախկինում զբաղեցրել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնը  (2015-18)։ Թուրք գործչի անունը կապվում է մի ընկերության հետ, որը 2015-2016 թվականներին նավթի առևտրի մեջ է եղել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (առավել հայտնի է «Իսլամական պետություն» անվանումով) ահաբեկչական խմբավորման հետ։

2016 թվականին ավստրալիացի լրագրող Ջուլիան Ասսանժի հիմնադրած «ՎիքիԼիքս» կազմակերպությունը Ալբայրաքի անձնական փոստային հասցեից  հրապարակեց 2000-2016 թվականների մոտ 58 հազար հաղորդագրություն։

Հաղորդագրությունները փաստում են Ալբայրաքի ազդեցությունը Թուրքիայի քաղաքական կյանքում, ինչպես նաև նրա կապը նավթի առևտրով զբաղվող թուրքական «Փաուերթրանս» (Powertrans) կազմակերպության հետ։ 2016-ին Ալբայրաքը դեռևս Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարն էր։ 

Հաղորդագրությունները վկայում են, որ Powertrans-ը ներգրավված է եղել Իսլամական պետության հետ նավթի առևտրի մեջ Իրաքյան Քուրդիստանում:

Թուրքական լրատվամիջոցներում բազմաթիվ մեղադրանքներ են հայտնվել Powertrans-ի կողմից ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ հայտնված նավթը Թուրքիա ներմուծելու վերաբերյալ: Էրդողանի փեսան բազմիցս հերքել է իր կապը նավթի առևտրով զբաղվող ընկերության հետ, բայց էլեկտրոնային նամակները հակառակն են ապացուցում։