Փաստաբանների պահանջով նախաձեռնվել է քրեական վարույթ  

Փաստաբանների պահանջով նախաձեռնվել է քրեական վարույթ  

20-ից ավելի փաստաբաններ օրերս հանցագործության մասին հաղորդում են ուղարկել քննչական կոմիտե, պահանջելով պատասխանատվության ենթարկել «facebook» սոցիալական ցանցում գրանցված «Andranik Dovlatyan» տվյալներով օգտատիրոջ, որը ուղիղ եթեր մտնելով հայհոյանք և զրպարտող տեղեկություններ է հնչեցրել  Կաթողիկոսի, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի, այլ բարձրաստիճան հոգևորականների, նաև Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խամենեինի հասցեին։ Անդրանիկ Դովլաթյանը կոչ է արել իր հետևորդներին փետրվարի 24-ին հավաքվել Էջմիածնում, ակցիա իրականացնելու եկեղեցու դեմ։ 

Այս մասին հայտարարություն է տարածել Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։ Ըստ նրա, Դովլաթյանի արարքները պարունակում են խուլիգանության, նաև ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն հրահրելու հատկանիշներ։ 

Քննչական կոմիտեից «Հրապարակին» հայտնում են, որ ներկայացված հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով՝ Խուլիգանություն,  որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով։ Ընթանում է նախաքննություն։ 
Անդրանիկ Դովլաթյանը Հայաստանում է, ներկայանում է որպես «Վարդանանք» շարժման ղեկավար, ամենօրյա ռեժիմով ուղիղ եթերներ է ունենում ընդդեմ եկեղեցու, համեմում է իր ելույթները անգլերեն բառերով ու արտահայտություններով, ինչպես նաև աղոտքներով, հղումներով Քրիստոսին և Տիրոջը։ Նա պահանջում է կալանավորել Գարեգին Վեհափառին և Դոն Պիպոյին, որը, ըստ Դովլաթյանի, «ջհուդների հոգևոր կենտրոն է դարձրել Էջմիածին քաղաքը»։ Հետաքրքիր է, որ նա իրեն հայտարարում է պետականամետ, ինչպես Նիկոլ Փաշինյանը։