«Հրապարակ». Պետական ապարատում 100-ավոր թափուր պաշտոններ կան

«Հրապարակ». Պետական ապարատում 100-ավոր թափուր պաշտոններ կան

Պետական ապարատում՝ գործադիր իշխանության տարբեր մարմիններում, անկախ մարմիններում, օրենքի վրա հիմնված կառույցներում, դատական իշխանության տարբեր ատյաններում ու դատարաններում, թափուր պաշտոնների մի ահռելի քանակ է գոյացել։ Տպավորություն է, որ կա՛մ իշխանություններին հետաքրքիր չեն դրանց համալրումները, կա՛մ էլ դիմողներ չկան։ Չնայած զարմանալի չէ, որ պետական պաշտոնյաների, տարբեր դատավորների դեմ հարուցված քրեական գործերից հետո մարդիկ պարզապես չցանկանան Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության հետ որեւէ գործ ունենալ եւ անգամ բարձր ու եկամտաբեր պաշտոններ զբաղեցնել։

2023 թվականի դեկտեմբերի 7-ին Ազգային ժողովը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին չվերընտրեց այդ պաշտոնում, ՔՊ-ն պարզապես բոյկոտեց Հարությունյանի ընտրությունը, սակայն քվեարկությունից առաջ ՔՊ-ականները Հարությունյանին նախ մի լավ վարկաբեկեցին։ Մինչ օրս ԿԿՀ նախագահի պաշտոնը թափուր է, շուրջ 4 ամիս է անցել։
Տարբեր նախարարություններում եւս կան մեծ թվով թափուր պաշտոններ, ընդ որում՝ ղեկավար պաշտոններ։ Օրինակ՝ թափուր են պաշտպանության նախարարության քաղաքացիական անձնակազմի կառավարման վարչության պետի, նույն վարչության բարեվարքության հարցերով կազմակերպչի, աուդիտի բաժնի գլխավոր աուդիտորի, պահեստային տնտեսության կառավարման ծառայության պետի պաշտոնները։

Թափուր են նաեւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության էներգաարդյունավետության եւ տեխնիկական նորմատիվների բաժնի պետի, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժին պետի, ԿԳՄՍ նախարարության լրացուցիչ եւ շարունակական կրթության բաժնի պետի, արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության հրապարակային ծանուցումների բաժնի պետի, շրջակա միջավայրի նախարարության մթնոլորտային քաղաքականության վարչության պետի, Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի պետի, ԿԳՄՍ նախարարության գնման գործընթացների եւ դրամաշնորհային մրցույթների կազմակերպման վարչության գնման գործընթացների կազմակերպման բաժնի պետի, ՏԿԵ նախարարության արտաքին կապերի վարչություն միջազգային համագործակցության  պետի, առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի, ՆԳՆ տնտեսական վարչության կոմունալ շահագործման բաժնի պետի, Կադաստրի կոմիտեի «Շենգավիթ» սպասարկման գրասենյակի պետի, գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնները, ավագ մասնագետների, ավագ դատախազների, ավագ տեսուչների ու ավագ իրավաբանների եւ մյուս թափուր պաշտոնների քանակն անհամեմատ էլ ավելի շատ է։

Դատական իշխանությունում եւս կան թափուր պաշտոններ։ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատում առկա է դատավորի 1 թափուր հաստիք, եւ 2024 թվականի մարտի 12-ին հրապարակված, այդ թափուր հաստիքը համալրելու հայտարարության հիման վրա անհրաժեշտ քանակի թեկնածուներ չեն դիմել։

Նշենք, որ վճռաբեկը ՀՀ դատական իշխանության 3-րդ՝ ամենաբարձր ատյանն է, դատավորի կարիերայի գագաթնակետը հենց Բարձր դատարանի դատավոր դառնալն է, եւ, փաստորեն, ստացվում է, որ որեւէ մեկը չի ցանկացել դիմել այդ պաշտոնի համար, ուստի ԲԴԽ-ն կրկին «էստի համեցեք» տրամաբանությամբ հայտարարություն է տարածել։

Նշենք նաեւ, որ Դատական օրենսգրքի 132-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն, առնվազն 3 թեկնածու պետք է դիմի՝ թափուր տեղը համալրելու համար, այլապես ընտրությունը չի կայանա։