«Հրապարակ». Իսկ մենք լռում ու մեր գործն ենք անում

«Հրապարակ». Իսկ մենք լռում ու մեր գործն ենք անում

2023 թվականը մեզ՝ լրագրողներիս համար բարեհաջող չէր՝ ո՛չ միջազգային ասպարեզում, ո՛չ Հայաստանում։ Անցնող տարում հայ լրագրողական համայնքն էլ է կորուստներ ունեցել` կյանքից անժամանակ հեռացած ընկերներ. լրագրող Գայանե Թերզյանը, խմբագիր, հրապարակախոս Սասուն Մամյանը, ռադիոմեկնաբան եւ բլոգեր Հայկ Բլբուլյանը` բանաստեղծ Լեւոն Բլբուլյանի որդին։ Հիշենք նաեւ հայտնի հրատարակիչ, ԱԺ նախկին պատգամավոր Վրեժ Մարկոսյանին, ով լրագրող չէր, բայց հայկական մամուլին հարազատ մարդ էր։ 

Լրագրողների համար, ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիների համար, տարին դեպրեսիվ էր ու անհանգիստ։ Տարեսկզբին էլ, այսօր էլ մեր տոնը տոն չէ։ Այն ժամանակ գիտակցում էինք, որ 5 հազար զոհ տված երկիրն իրավունք ունի ոչ թե ուրախ, այլ համեստ Ամանոր նշելու, իսկ այսօր արդեն, բացի 5 հազար զոհից ու կորսված Արցախից, ունենք 120 հազար հայրենազրկված ազգակիցներ։ 2023-ին էլ, ինչպես տասնամյակներ առաջ, չփոխվեց լրագրության ընկալումն իշխանության կողմից։ Խմբագրելով Ռեմարկին, կարելի է ասել՝ լրագրողական ճակատում նորություն չկա։ Մեզ հետ շարունակում էին վարվել, ինչպես նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն է ասել՝ կարգազանցի ընկալումով, մինչդեռ, ըստ նրա. «Լրագրողի նկատմամբ վերաբերմունքը պետք է հիմնված լինի լրագրողի օրինավորության, բարեխղճության եւ ազնվության կանխավարկածի վրա»։ Առիթը ԲԴԽ-ի արգելքն էր լրագրողներին` լուսաբանելու դատավորների կարգապահական նիստը։ Այսպես, նախկինում ԶԼՄ-ների իրավունքների գծով Internews-ի իրավաբան, ներկայում ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն արեց մի բան, որ անգամ Սերժ Սարգսյանի ժամանակ չէին անում։ 
Այս տարի էլ դատական հայցերը լրագրողների դեմ պայքարի հիմնական մեթոդն էին, ընդ որում՝ պաշտոնյաները ոչ միայն հերքում են ուզում, այլ նաեւ՝ փող, այդ թվում՝ աննորմալ գումարներ։ Ամենահարուստ ֆոնդերից մեկը՝ «ԱՆԻՖ»-ը, «Հրապարակի» դեմ 3 հայց ներկայացրեց` միլիոնավոր փոխհատուցումներ պահանջելով։ Բայց «Հրապարակն» արդեն 2 հայցով հաղթել է, եւ փողը տալու է «ԱՆԻՖ»-ը՝ փաստաբանական ծախսերի համար։

Միայն 3 ամսում՝ ապրիլից հունիս, լրագրողների եւ լրատվամիջոցների դեմ 16 հայց է ներկայացվել դատարան, որից 11-ը՝ իշխող քաղաքական ուժի կամ պաշտոնյաների կողմից, 5-ը` գործարար շրջանակներից։ Այս տարի նաեւ ճնշման նոր ձեւ գործադրվեց՝ հաքերային հարձակում։ Նախկինում էլ էին կայքեր կոտրում, բայց հիմնականում՝ ադրբեջանցիները։ Հիմա թշնամին մեր հայրենակիցների մեջ է` իշխանական օղակներից։ Հոկտեմբերի վերջին hraparak.am կայքը կազմակերպված հարձակման ենթարկվեց հազարավոր այփիներից` մոտ 1,5 միլիարդի մուտք եղավ կարճ ժամանակում, 40 ժամ շարունակ, ինչի արդյունքում կայքը պարալիզացվեց։ 

Հաջորդ նորագույն գործիքը` ընդդեմ լրագրողների, ատելության խոսքն է։ Լրագրողին հայհոյելը, թիրախավորելն առօրեական գործելաոճ է դարձել։ Ով չի ալարում` մի հայհոյանք, զրպարտանք նետում է մեր կողմը՝ ցույց տալով սեփական կրթվածության աստիճանը։ NewDay.am կայքի հիմնադիր, լրագրող Անի Գեւորգյանը երեւի տարվա «ամենատառապյալ» լրագրողն է` «ամենաբռնաճնշվածը»։ Փաշինյանի ասուլիսից հետո նա եւ Aravot.am կայքի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը հայտնվեցին ատելության էպիկենտրոնում: Կառավարական «ֆեյքերի ՊՈԱԿ»-ը, ՖԲ կեղծ օգտատերեր, իշխանական խմբեր թիրախավորեցին նրանց` Փաշինյանին անհարմար հարցեր տալու համար։ Անի Գեւորգյանին «Նիկոլի վկաները» սպառնացել էին վառել։ Վիրտուալ ինկվիզիցիային աջակցեցին արեւմտյան դրամաշնորհներից սնվող ՀԿ-ները, որոնք կոչված են պաշտպանելու մեզ. Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երեւանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան» ՀԿ-ն, Լրագրողների Ասպարեզ ակումբը եւ այլն, քննադատեցին Անիին ու Հռիփսիմեին՝ պաշտպանելով վարչապետի իրավունքները։ 2023-ին կտրուկ վատացավ նաեւ հեռուստաընկերությունների վիճակը` հանրապետական սփռման լիցենզիայից զրկված են «Երկիր մեդիան» եւ Հ2-ը, «5-րդ ալիքի» համար լավագույն օրերը չեն։