Կսահմանվի իրերի, առարկաների ցանկ, որը կարգելվի նվիրել երեխաներին

Կսահմանվի իրերի, առարկաների ցանկ, որը կարգելվի նվիրել երեխաներին

Անչափահասների նկատմամբ բռնությունների, նրանց մասնակցությամբ իրականացված հանցագործությունների շուրջ զրուցել ենք ՀՀ ՆԳՆ Անչափահասների հանցավորության եւ ընտանեկան բռնությունների կանխարգելման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Էդգար Պետրոսյանի հետ։

- Վերջին տարիներին հաճախացել են անչափահասների նկատմամբ բռնության դեպքերը, սեռական բնույթի հանցագործությունները։ Քիչ չեն նաեւ անչափահասների մասնակցությամբ հանցագործության դեպքերը։ Իրո՞ք ավելացել են նման դեպքերը, թե՞ սխալ «լույսի» ներքո են ներկայացվում։

- Նախ նշեմ, որ մեր հասարակությունը շատ լավն է, պետք չէ մտածել, որ մեր հասարակությունն այլեւս չի սիրում իր երեխային, կամ մեր երեխաներն են վատը։ Մենք շարունակում ենք լինել երեխայասեր, մեր երեխաներն էլ դաստիարակվում են նույնկերպ։ Վերջին տարիներին կան անչափահասների նկատմամբ եւ նրանց  կողմից իրականացված հանցագործությունների բացահայտման տարբեր դեպքեր։  Որպես կանոն, անչափահասների նկատմամբ իրականացվող բռնության դեպքերը լատենտային են՝ գաղտնի։ Հայաստանում եւ աշխարհում կա խնդիր՝ վերացնել լատենտությունը։ Այսինքն՝ ձեռնարկել այնպիսի միջոցներ, որ հասարակություն-պետություն կապի միջոցով՝ ձեռք ձեռքի տված, աշխատեն, որպեսզի լատենտությունը վերանա։ Համաշխարհային վիճակագրությունը ցույց է տալիս, որ սեռական բնույթի բռնությունների 80 եւ ավելի տոկոսը կատարվում է երեխայի մտերիմ անձանց կողմից։ Ինքս վերջերս վերապատրաստման էի Չեխիայում, որտեղ մասնագետների հետ քննարկեցինք վիճակագրությունը ողջ աշխարհում։ Իրենք ունեն իրենց մեթոդիկան՝ դեպքերի բացահայտման, եւ պատրաստվում են գալ Հայաստան՝ վերապատրաստելու մեր մասնագետներին։ Անչափահասների նկատմամբ իրականացված սեռական բնույթի գործողությունների 15-20 տոկոսն է կատարվում անծանոթի կողմից։ Նման դեպքերից խուսափելու առաջին նախապայմաններից մեկը երեխաների նախապատրաստումն է, այսինքն՝ երեխաները պետք է հասկանան իրենց մարմնի սահմանները եւ իմանան, թե ով ինչ չափով իրավունք ունի մոտենալու իրենց։ Սա սեռական դաստիարակության մասն է, եւ կարծում եմ, որ որոշ չափով, որքանով դա ընդունելի է մեր հանրության, պետության կողմից, պետք է ներդնել մեր կրթական համակարգում։ Մեր հիմնական խնդիրը լատենտության վերացումն է, որի ուղղությամբ աշխատում ենք, որ հնարավորինս շատ դիմեն մեզ։ Արդյունքում դիմելիությունն աճել է վերջին տարիներին, ինչը լավ է, դեպքերի մասին տեղեկատվություն ենք ստանում նաեւ խնամքի կենտրոններից, ինչը նախկինում կոծկում էին։ Այնպես չէ, որ նման դեպքեր նախկինում չեն եղել։ Հավատացեք, ավելի շատ են եղել, բայց բացահայտելու հնարավորություններն են քիչ եղել, ինչը նաեւ բավարար տեղեկատվության պակասից, կրթվածությունից է եղել։

- Կա՞ վիճակագրություն, որ անչափահասների մասնակցությամբ հանցագործությունները կամ նրանց նկատմամբ բռնությունները գյուղական համայնքներում ավելի են տարածված, քան քաղաքայինում։

- Հանցագործությունների քանակը ոչ թե պետք է դիտարկել գյուղական կամ քաղաքային բնակավայրերով, այլ՝ տեսակներով։ Քաղաքային բնակավայրերում կարող են մեծ լինել ավազակությունը, խուլիգանությունը եւ այլն։ Գյուղական  բնակավայրերում կարող են լինել մրգի, անասնագողության դեպքեր։ Անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների թիվը 2023-ին եղել է ամենացածրը՝ 2000-ից մինչ օրս եղել է 295 հանցագործության դեպք։ Շատացել են սեռական բնույթի հանցագործությունները, որի պատճառը լատենտայնության վերացմանն ուղղված քայլերն են։ 2022-ին բացահայտվել է 27 դեպք, 2023-ին՝ 43։ Այս թվերը լսելուց հետո չպետք է արձանագրենք, որ դեպքերը գնալով ավելանում են, այլ ավելացել են բացահայտումները, որի նպատակն է՝ նվազեցնել նման հանցագործությունների թիվը, եւ, ի ուրախություն մեզ, տարբերությունը շատ քիչ է, եւ չի կարելի ենթադրություններ անել, որ մեր հասարակության հետ տեղի են ունենում արատավոր փոփոխություններ։ Մենք աշխատում ենք, որ հնարավորինս շատ լինեն բացահայտումները, որը հնարավորություն կտա նվազեցնել նման հանցագործությունները։ Այս բացահայտումների վրա ուղիղ ազդեցություն են ունեցել նաեւ օրենսդրական փոփոխությունները։ Մոտ ժամանակներս օրենսդրությամբ կընդունվի հետեւյալ պահանջը․ երեխաների համար կսահմանվի իրերի եւ առարկաների ցանկ, եւ կբացառվի դրանց վաճառքը, նվիրելը կամ պահելը երեխաների կողմից։ Այսինքն, եթե այսօր կարողանում են մահակ կրել, սոցիալական ցանցերով ձեռք բերել տրավմատիկ ատրճանակ, դա կսահմանափակվի։ 

- Շատ հաճախ անչափահասի նկատմամբ բռնության դեպքի մասին հայտարարում են ավելի վաղ՝ մինչեւ քննությունը կավարտվի, հրապարակում են բռնության ենթարկված անձանց նկարները, տեսանյութեր։ Կա՞ պայքարի միջոց, որով հնարավոր կլինի կանխել նման ինֆորմացիայի արտահոսքը։

- Դեպքերի նման լուսաբանումն անթույլատրելի է, որի մասին ե՛ւ մենք ենք բարձրաձայնել բազմաթիվ անգամներ, ե՛ւ ոլորտի մասնագետները, հասարակական կազմակերպությունները, ՅՈՒՆԻՍԵՖ-ը։ Նման դեպքերը լուսաբանվում են սոցցանցերով, լրատվամիջոցների կողմից, որի արդյունքում մեծ վնաս է հասցվում երեխայի լավագույն շահին։ Նման դեպքերում ՆԳՆ-ն հայտարարություն է անում, որ ջնջվեն նման տեսանյութերը, արագ ջնջվում են։ Նման դեպքերի տարածման մեջ կարող են մեղադրանքներ առաջադրվել այն մարդկանց նկատմամբ, ովքեր, իրենց աշխատանքի բնույթից ելնելով, կարող են տիրապետել նման ինֆորմացիայի եւ տարածել։ Օրինակ՝ բուժող բժիշկը, քննություն իրականացնող ոստիկանը։ Սոցցանցերում ինֆորմացիա տարածող քաղաքացուն պատասխանատվության ենթարկելու մեխանիզմ չկա, առավել եւս, որ տվյալ դեպքը կարող է տեղի ունեցած լինել։ Բայց ընդգծեմ մի դեպք, որը վերջերս էր տարածվել․ ուսուցիչը նեղացրել էր երեխային, ծնողը գնացել էր դպրոց, մտել էր տնօրենի սենյակ եւ թքել ուսուցչի վրա։ Պարզեցինք, որ դա 10 տարվա տեսանյութ է, բայց սոցցանցերում աղմուկ էր բարձրացել, որ նոր դեպք է։ Այդ դեպքում խախտվել էին ուսուցչի իրավունքները, եւ ինքը՝ ուսուցիչը, կարող էր պատասխանատվության ենթարկել տեսանկարահանողին։ Երկրորդ դեպքը․ ինչ-որ դպրոցի տնօրեն երեխային ծեծում է փայտով, ինչ-որ գետնանցումի տակ, եւ երեւում է, որ երեխան պատմում է, որ իրեն ծեծել է տնօրենը։ Դա էլ 12 տարի առաջվա դեպք էր։ 

- Ինչպե՞ս են բացահայտվում դեպքերը։ 

- Կա 3 ճանապարհ. 1-ին` երբ ծնողն է դիմում ոստիկանություն, որը վերջին շրջանում ակտիվացել է։ 2-րդ՝ բժշկական հաստատություններն են, թե՛ սեռական բռնությունների բացահայտման համար, թե՛ այլ բնույթի՝ ֆիզիկական բռնությունների պարագայում։ 3-րդ․ օպերատիվ-հետախուզական ճանապարհով է իրացվում ինֆորմացիան, որը ստացվում է հանրության կողմից, երբ քաղաքացին չի ուզում իր անունով հայտարարություն տալ հանցագործության մասին։ Այն դեպքերը, որ բացահայտվում են օպերատիվ-հետախուզական աշխատանքներով, չեն հրապարակվում մանրամասներով՝ հաշվի առնելով ե՛ւ օրենսդրության պահանջները, ե՛ւ երեխայի հիմնարար իրավունքները։

- Թրաֆիքինգի քանի՞ դեպք է բացահայտվել վերջին տարում։

- Թրաֆիքինգի 1 դեպք ենք բացահայտել՝ անասնագոմում շահագործել են երեխային։