«Հրապարակ». Հասկանալի է, թե ինչու է Ադրբեջանը դեմ Ռուսաստանի խաղաղարար միսիային, բայց ինչո՞ւ է դրան դեմ Հայաստանը

«Հրապարակ». Հասկանալի է, թե ինչու է Ադրբեջանը դեմ Ռուսաստանի խաղաղարար միսիային, բայց ինչո՞ւ է դրան դեմ Հայաստանը

Հերթական իրադարձությունը, որը հակառուսական տրամադրությունների նոր ալիք առաջացրեց Հայաստանում եւ Արցախում, Հայաստանից Ստեփանակերտ ուղեւորված եւ այդպես էլ տեղ չհասած ավտոբուսների պատմությունն էր: Ինչպես գիտենք, ապրիլի 4-ի ուշ երեկոյան ռուս խաղաղապահները, ադրբեջանական կողմի հետ ունենալով պայմանավորվածություն, փորձել են 27 հոգու ավտոբուսներով Հայաստանից տեղափոխել Արցախ, սակայն չեն կարողացել անվտանգ տեղ հասցնել: Ադրբեջանցի էկոակտիվիստները՝ զինյալների ուղեկցությամբ, կանգնեցրել են ավտոբուսները, ազերիներից մեկը նույնիսկ ներս է մտել: 4 ժամ Շուշիի մոտակայքում կանգնելուց հետո 23 հոգի՝ հոգեբանորեն ճնշված եւ նյարդային վիճակում, վերադարձվել են Գորիս, իսկ 4 կանայք, որոնց վիճակը վատացել էր, ադրբեջանական շտապօգնության մեքենաներով տարվել են Ստեփանակերտ: Մենք մի քանի հարց ուղղեցինք ռուս վերլուծաբան, Մերձավոր Արեւելքի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովին

- Հայաստանում մարդիկ քննարկում են ռուս խաղաղապահների պահվածքը։ Ռուս խաղաղապահներն Ադրբեջանի թե՞լն են թելում, թե՞ չունեն այլեւս իրավիճակի վրա ազդելու հնարավորություն, եւ ազերիներն ուղղակի անտեսում են նրանց: Օրինակ, կար պահանջ՝ հեռանալ լեռնային ճանապարհից, բայց ադրբեջանական կողմը դա չկատարեց: Ո՞րն է խնդիրը:  

- Այս ամենը տարակուսանք է առաջացնում: 100 օր եւ ավելի ընթանում է հակամարտությունը Լաչինի միջանցքի գոտում, ինչի՞ են ուզում հասնել ադրբեջանցիները՝ այսչափ լարելով հարաբերությունները Հայաստանի հետ, դժվար է հասկանալ: Ընդհանուր կոնտեքստում դա տապալում է խաղաղության պայմանագրի նախապատրաստությունը, բանակցային գործընթացը՝ առհասարակ, որն առանց այդ էլ հազիվ է առաջ շարժվում: Ի դեպ, դեռ հարց է, թե ով է առաջ տանում այդ խաղաղ գործընթացը՝ Արեւմո՞ւտքը, թե՞ Մոսկվան: Վերջերս, Արարատ Միրզոյանի այցից հետո, ոնց որ թե տպավորություն կար, թե ձեռք բերվեց պայմանավորվածություն, եւ Հայաստանը վերադարձել է Մոսկվայի կողմը: Բայց տատանումներն Արեւմուտքից Արեւելք եւ հակառակը՝ անկայուն իրավիճակ են ստեղծում, որից օգտվում են էկոակտիվիստները եւ ոչ միայն նրանք: Կան որոշակի ուժեր նաեւ՝ ես կասկածում եմ՝ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում, որոնք հետաքրքրված են այդ լարման պահպանմամբ ու նոր օջախների ստեղծմամբ: Սա տեղի է ունենում Իրանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կտրուկ եւ աննախադեպ սրման ֆոնին, ինչը պետք է հաշվի առնել: Եթե իրադարձությունները շարունակեն զարգանալ այս հունով, դա կարող է բերել լոկալ զինված կոնֆլիկտի: Ստեղծվում է լարվածության իրական պոտենցիալ օջախ Լաչինում եւ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին, այսինքն՝ ապակայունացվում է իրավիճակը: Երկրորդն էլ՝ տապալվում է ռուսական «Հյուսիս-հարավ» նախագիծը, որը Ռուսաստանը փորձում էր իրականացնել, հայտնվելով տրանսպորտային եւ կոմունիկացիոն մեկուսացման մեջ՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով: Նա սկսեց ակտիվ գործել Հյուսիս-հարավ երթուղու ուղղությամբ, եւ պատահական չէ, որ հենց այս շրջանում է ի հայտ գալիս լարվածությունը: Աշխատում է նաեւ երրորդ ուժի գործոնը, որն ամեն ինչ անում է՝ լարվածությունը պահելու եւ զինված կոնֆլիկտի եզրագծին հասցնելու: Ինչ վերաբերում է կոնկրետ միջադեպերին, թե քանի մարդ որտեղից եկավ ու չկարողացավ գնալ՝ սրանք տեղային նշանակության սյուժեներ են, որոնք վերահսկելը շատ բարդ է: 

- Ի վերջո, մարդիկ ասում են, որ մեղավոր են ռուսները, որոնք պարտավորություն ունեին՝ լուծել այդ տեղային նշանակության կոնֆլիկտները, բայց չեն կարողանում, ինչո՞ւ չեն կարողանում:  

- Իհարկե, Լաչինի միջանցքը պետք է լինի ռուսաստանյան խաղաղապահների պատասխանատվության գոտում, բայց թե ինչու է այսպիսի վարք դիտարկվում, դժվար է ասել: Իմ կարծիքով, այստեղ երկակի ստանդարտների խաղ է գնում: Հայաստանն ու Ադրբեջանը խաղարկում են ռուսական քարտեզները, դա փաստ է: Որովհետեւ եթե հայերը պրոցեսը թեքում-տանում են դեպի Արեւմուտք, ապա ինչո՞ւ է նույն ուղղությամբ գնում Ադրբեջանը, եթե նրան ամեն ինչ ձեռք է տալիս եւ, ինչպես դուք եք ասում՝ ռուսները նրանց են աջակցում: Ալիեւն այնտեղ գնաց, չէ՞, Արեւմուտքի հովանու ներքո ստորագրելու պայմանագիրը: Ռուսաստանն էլ պատասխանեց նրանով, որ բարձրացրեց խաղաղապահների կարգավիճակի հարցը: Լավ, հասկանալի է, թե ինչու է Ադրբեջանը դեմ Ռուսաստանի խաղաղարար առաքելությանը: Որովհետեւ այդ տարածքը՝ Լեռնային Ղարաբաղը, նա համարում է իրենը, բայց ինչո՞ւ է դրան դեմ կանգնում Հայաստանը, որն Արցախը հայտարարում է անկլավ Ադրբեջանի տարածքում եւ միջազգային վերահսկողության գոտի, այսինքն՝ ՄԱԿ-ից է երաշխիքներ պահանջում: Տեսեք, ինչքան են համընկնում դիրքորոշումները: Ռուսներին դեմ են ե՛ւ հայերը, ե՛ւ ադրբեջանցիները, եւ մենք, ի վերջո, հայտնվում ենք ինչ-որ հեռակա դերում, որովհետեւ մենք պետք է մեր խաղաղապահներին ապահովենք անհրաժեշտ ամեն ինչով, կոմունիկացիոն հնարավորություններով եւ այլն՝ Հայաստանի տարածքով, բայց ոչ Ադրբեջանի: Իրավիճակն արտառոց է: Ի վերջո, այս ամենը կհոգնեցնի մեր նախագահին: Նա նրանց կկանչի մի ինչ-որ տեղ, ասենք՝ Սոչի, եւ բռունցքը սեղանին խփելով՝ կարգի կհրավիրի: Իսկ առայժմ մենք փորձում ենք կրքեր զսպել: Կստացվի, թե ոչ՝ չգիտեմ: 

- Եթե խաղաղապահները մարդկանց են տեղափոխում կոնֆլիկտային տեղանքով, չէ՞ որ պետք է լինեն նաեւ ոստիկաններ, շտապօգնության մեքենաներ, հաշվի առնելով հնարավոր վտանգները: Այս ամենը մտնում է, չէ՞, խաղաղապահների արսենալի մեջ: Ինչո՞ւ այս ամենը չկա:  

-  Ոչ, այս ամենը խաղաղապահների կարգավիճակի հարցեր են, որոնք նրանք բարձրացնում են հայկական եւ ադրբեջանական կողմերի առաջ: Օրինակ, պե՞տք է ռուսաստանյան խաղաղապահներն այնտեղ ունենան շտապօգնության մեքենաների կորպուս, ունենա՞ն արդյոք հսկիչ անցակետեր, քանի՞ մարդ բաց թողնեն միաժամանակ, լինե՞ն արդյոք ժամանակավոր պահման կետեր եւ այլն: Երբ որ ռուսական կողմը լիազորությունների ընդլայնման հարց է դնում, հենց սա նկատի ունի: Այս ամենը պետք է կանոնակարգված լինի, չէ՞: Բայց Ադրբեջանն ու Հայաստանը դրան չեն գնում: Նրանք, ըստ էության, խոսակցություն չեն տանում: Ռուսներն էլ ասում են՝ դե, չեք ուզում, ոնց ուզում եք: Մենք մեր ԲՏՌ-ներով կտանենք Ռուսաստանից Ստեփանակերտ ուղարկած «տուշոնկան», իսկ բնակչությանը եթե այս ամենը դուր է գալիս, այդպես էլ ապրեք: 

- Երկար ժամանակ է՝ ճանապարհը փակ է, իրավիճակն էքստրեմալ է, արդեն ոստիկանների սպանություններ են եղել՝ դուք գիտեք, եւ այս արսենալը վաղուց պետք է գործադրվեր: 

- Եթե Երեւանը գնաց դեպի Արեւմուտք, երբ որ այդ գոտում հայտնվեցին եվրոպացի դիտորդները, ձեզ մոտ սկսվեց այդ սցենարը: Խնդրեք, թող զորք մտցնեն: Մակրոնը ձեզ ինչ-որ բան խոստացե՞լ է, Միշելը ձեզ խոստացե՞լ է՝ ոչ: Դե թող նրանք մտցնեն իրենց զորքերը: Ի՞նչն է խանգարում Հայաստանին՝ անկախ Ռուսաստանից, անկախ Ադրբեջանից, ստորագրել ավտոնոմ պայմանագիր ֆրանսիացիների, անգլիացիների հետ: Սիրիան Ռուսաստանի հետ ստորագրեց, եւ Ռուսաստանն իր զորքն ուղարկեց Սիրիա: Դուք էլ ստորագրեք, եթե, իհարկե, այդ ամենը «բլա-բլա» ու «լյա-լյա» չէ, ու դատարկ խոսակցություններով նրանք չեն լարում իրավիճակը, իսկ դուք ռուսների վրա եք ջարդում այդ լարումը: 

- Բայց Ձեր ասած հակառուսական տրամադրությունները միայն մեր իշխանավորների մոտ են: Ժողովրդի մոտ դրանք քիչ են: Իսկ այսպիսի միջադեպերից հետո արդեն ժողովուրդն էլ է երես թեքում: 

- Դա նման է այն ջրհորի մեջ թքելուն, որից խմում ես: Բայց հայերը խելացի, գրագետ ժողովուրդ են, շատ լավ հասկանում են, թե ինչ կատաստրոֆիկ իրադարձությունների կարող են բերել իշխանական կոնյունկտուրայի գործողությունները: