Այն գումարները, որոնցով կարելի էր համայնքը զարգացնել, Չարենցավանի քաղաքապետարանը աշխատավարձ է վճարում

Այն գումարները, որոնցով կարելի էր համայնքը զարգացնել, Չարենցավանի քաղաքապետարանը աշխատավարձ է վճարում

Եթե կրթական, հարկային և այլ ոլորտներում օրենսդրական բացերն են խանգարում, որպեսզի այդ ոլորտը շատ թե քիչ կայանա, ՏԻՄ ոլորտում շատ թե քիչ նորմալ օրենքներ կան, որոնք չեն գործում, «Հրապարակի» հետ զրույցում ասաց Չարենցավանի հասարակական սեկտորի ներկայացուցիչ, 2017-2022 թվականներին համայնքապետին կից խորհրդատվական մարմնի անդամ Գևորգ Հակոբյանը:

«Տեղական ինքնակառավարման օրենքներով այս կամ նախագծի քննարկումներում նախատեսվում է նաև հասարակական ակտիվի ներգրավումը՝ տեղական ինքնակառավարման մարմնի գործընթացներում, սակայն ինչ-ինչ պատճառներով քաղաքի իշխանությունները փորձում են ամեն ձևով հասարակական ակտիվին հետ պահել տեղական ինքնակառավարման մարմինների պրոցեսներից: Տեսեք, ՏԻՄ-երի օրենքով կա, թե ով կարող է ավագանու նիստին նախագիծ ներկայացնել: Առաջինը՝ համայնքի ղեկավարը, երկրորդը՝ավագանու մեկ երրորդը և բնակչության՝ մեր պարագայում Չարենցավանի բնակչության 1 տոկոսը։ Չարենցավանի բնակիչների թիվը 40 հազար է, մեկ տոկոսն անում է 400 հոգի, եթե 400 հոգին հասարակական հնչեղությամբ հարցի շուրջը հավաքվեն ու ներկայացվի, որպեսզի դա դրվի նիստին՝ դա էլ մեծ բան է»,-ասաց Հակոբյանը:

Նա նշեց, որ այս տարի իրենք երկու այդպիսի նախագիծ են ներկայացրել Չարենցավանի քաղաքապետարան, որպեսզի դրվի քննարկման ավագանու նիստին: Մի հարցը վերաբերել է հասարակական տրանսպորտին, ինչի վերաբերյալ, ըստ նրա, քաղաքապետը անհոդաբաշխ բացատրություն է տվել ու դրանով հիմա Մարդու Իրավունքների պաշտպանության գրասենյակն է զբաղվում: Մյուսը եղել է փողոցն անվանակոչելու առաջարկ, որին ևս ընթացք չի տրվել:

«Ինչքան կարևոր է հակակշիռներ ունենալը: Մեծամասնականից համամասնական գնացին, որ այդ հակակշիռը գործի, չէ՞, մեկը վերահսկի մեկին, ոչ թե մի հատ բևեռ լինի, ինչ ուզենան, անեն: Խնդիրն այն է, որ փորձենք մեր քաղաքում, մեր համայնքում այդ հակակշիռները ձևավորել, որքան շուտ կարողանանք այդ հակակշիռներն ունենալ, այնքան մեր համայնքը զարգացած կլինի»,-ասաց Գևորգ Հակոբյանը:

Մեր հարցին, թե ինչն է խանգարում, որպեսզի հենց Չարենցավանի հասարակական ակտիվը՝ իրենք ձևավորեն այդ հակակշիռը, վերջինս ասաց, որ ընտրություններից հետո ձևավորվում են հանձնաժողովներ՝ խոշորացված համայնքներում համայնքապետին կից խորհրդատվական մարմիններ, որտեղ հասարակական սեկտորն է ներգրավվում և ինստիտուցիոնալ ձևով իր խոսքն է հասցնում:

«2017-ից 2022 թվականները այդ հանձնաժողովները եղել են, հիմա ընտրություն եղավ, ես պաշտոնապես դիմել եմ, թե ինչու այդ հանձնաժողովները չեք ձևավորում՝ երկու ամսվա ընթացքում պիտի ձևավորեն՝ այս մարդիկ պատասխանում են, որ՝ դե, մեզ համար դա կարևոր չի, դրա համար մենք չենք անդրադառնա: Կարճ ապատասխան են տալիս, այսինքն, այստեղ տարաբնույթ ձևերով հասարակական սեկտորին ուզում են դուրս մղել տեղական ինքնակառավարման մարմիններից՝ մենք էլ փորձում ենք դա հակակշռել»,-ասաց Չարենցավանի բնակիչը:

Անդրադառնալով Չարենցավանի բյուջեի կազմմանը, նա նշեց, որ, օրինակ, 2023 թվականի բյուջեն կազմելու ընթացքում տրամաբանորեն իշխանությունները պետք է ֆիքսեն այն կարևորագույն խնդիրները համայնքում, որոնք գոյություն ունեն և բյուջեով փուլ առ փուլ ներառվի, որպեսզի լուծվեն դրանք: Նա շեշտում է, որ Չարենցավանի քաղաքապետարանում հակառակ կողմից են հարցը լուծում․ «Մեզ մոտ հակառակ պրոցեսով են այս մարդիկ բյուջե ձևավորում, վերցնում են բյուջեն, այդ պարտադիր լիազորությունները որ կան՝ աշխատավարձ, հոսանք, աղբահանություն և այլն, և այլն, առանձնացնում են և մնացած գումարն էլ ոնց անենք, որ սա էլ ծախսենք, բայց ոչ թիրախային, նպատակային ոլորըտների վրա տրամաբանությամբ է բաշխվում: Ու քաղաքն այդպես տարիներ շարունակ դոփում է նույն տեղում: Օրինակի համար, հինգ տարի առաջ մենք ունեինք 500 միլիոն դրամ բյուջե մինչև խոշորացումը, նույն խնդիրները ունեինք համայնքում, հիմա ունենք 4 մրդ հինգ հարյուր միլիոն բյուջե՝ նույն խնդիրներն էլի կան, բացառությամբ այն հարցերի, որոնք լուծում ստացան դրա վերաբերյալ մեր բարձրացրած աղմուկից հետո: Եթե բյուջեն ճիշտ ձևավորվեն՝ քաղաքի բոլոր հարցերը կլուծվեն»:

Վերջինս նշեց նաև, որ եթե ավագանու նիստում ինչ-որ քննարկում է գնում և քաղաքապետարանի սոցիալական ցանցերի էջում այդ մասին գրառում են անում, այն մեկնաբանությունները, որոնք իրենց սրտով չեն՝ պարզապես արգելափակում են կամ ջնջում: Նաև այդ մասով են դիմել քաղաքապետարան՝ միգուցե քաղաքացուն հարմար չէ համայնքապետարանի շենք գալ, հասնել ու իր առաջարկը կամ կարծիքը գրելով է արտահայտում:

«Օրինակ, անցած տարի բյուջեի հետ կապված իրենք հասարակական լսում չեն անցկացրել, նախանցած տարի չեն արել, այս տարի մենք պարզապես ակտիվ գործեցինք, Մարդու իրավունքների պաշտպանին ներգրավեցինք և այլն ու ստիպեցինք: Եթե իրենք այս տարի մի քանի զիջումների գնացել են, լսումներ են կազմակերպել, դա զուտ հասարակական ճնշման արդյունքում է եղել, կոնկրետ դիմեցի Կոտայքի մարզպետարան, Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչին, լսումներ հրավիրեցին»,-ասաց Գևորգ Հակոբյանը։ Չարենցավանում հասարակական ոլորտը ակտիվ է, իսկ քաղաքի ղեկավարությունը փորձում է հասարակական ակտիվին ճնշել տարբեր գործիքներով:
«Եթե իրենք նախապես հայտարարեն, որ այսինչ օրը այսինչ ժամին քննարկում է լինելու՝ մարդիկ կգնան, սակայն իրենք դա չեն կազմակերպում: Կապ չունի իշխանության գլուխն ով է, կամ ընդդիմությունն ով է, կարևորը հասարակական ակտիվի հակակշիռ ստեղծելն է, որպեսզի ամեն ինչ միաբևեռ լինի, այլ կարծիքներ, տեսակետներ ու առաջարկներ էլ լսվեն»,-ասաց Չարենցավանցի հասարակական գործիչը:

Նա հավելեց, որ համայնքապետարանի հաստիքացուցակն է ուռճացված, և աշխատավարձերը համայնքի բյուջեի 60-70 տոկոսն են կազմում: «Հաստիքացուցակը շատ ուռճացված է, հինգ օգնական և այլն: Հինգ տարվա ընթացքում, այդ օգնականները, բացի մեկից՝ մյուս չորսին չեմ տեսել, թե չորսն ովքեր են՝ ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է այն, որ մեկը աշխատում է, իսկ չորսը հաստիքով աշխատավարձ են ստանում ու այդպես տարբեր բաժիններում: Եթե նայում ենք աշխատավարձերի ցուցակին՝ գնալով աճում է գումարը: Եթե երկու տարի առաջ 600 միլիոն էր, հետո դարձավ 700, հիմա 800 միլիոն դրամ է ու այն գումարները, որոնք կարելի էր օգտագործել համայնքի ենթակառուցվածքները զարգացնելու համար՝ չի մնում ու այդպես տարիներ շարունակ քաղաքը տեղում դոփում է»,-ասաց Գևորգ Հակոբյանը: