Անիմաստ վախեր

Անիմաստ վախեր

Մանիպուլյացիաները, քաղաքական խարդավանքներն ու դեմագոգիան միշտ են մեր կյանքի անբաժան մասը եղել: Երբ քաղաքական գործիչը խոսում է անորոշ տերմինոլոգիայով, դիպչում է մարդկանց ազգային ու հայրենասիրական նուրբ լարերին, ակնարկներ է օգտագործում` առանց փաստարկների, էժանագին դիվիդենտներ է շահում` հաճոյանալով հանրությանը, պոպուլիստական ճառեր է ասում. այս բոլորը մանիպուլյացիոն դաշտի տարբեր դրսեւորումներ են: Մենք հաճախ ուշադրություն չենք դարձնում դրան, բայց, որպես կանոն, այդ խայծը կուլ ենք տալիս:

30 տարի շարունակ նման մանիպուլյացիաների ու էժան շահարկումների առարկա է եղել Արցախի թեման: Կեղծ արժեքների ու դեմագոգության պարարտ դաշտ է ձեւավորվել ղարաբաղյան թեմայով, սկսած «Սերգո ջան, լավ չես ապրելու» արտահայտությունից, վերջացրած «Արցախը Հայաստան է եւ վերջ» արտահայտությամբ: Սակայն 2020-ի պատերազմն ու դրանից հետո ծավալված դեպքերը ցույց տվեցին, որ ո՛չ տասնամյակներ շարունակ մեր թափած արցունքներն ու սրտակեղեք սպառնալիքներն էին իրական, որոնք ուղղվում էին «հող հանձնելու» մտադրություն ունեցողներին, ո՛չ էլ Արցախին ու արցախցիներին ուղղված սերն ու հոգատարությունն էր անկեղծ ու սրտից բխած: Պարզվեց` կեղծ ու հորինված են ե՛ւ սերը, ե՛ւ ազգային նպատակները, ե՛ւ կորսված հայրենիքը հետ բերելու մասին դարավոր երազները: Պարզվեց` մենք ունակ ենք ամեն ինչ արդարացնելու եւ ամեն ինչի հետ հաշտվելու: Եվ իզուր էին ժամանակին ՀՀ նախագահներն այդքան վախենում ինչ-որ փաստաթղթեր ստորագրելուց:

Եկավ մի պահ, որ ամենաանընդունելի փաստաթուղթն էլ ստորագրվեց, եւ ստորագրողը հպարտ ու բաց ճակատով կարողանում է կանգնել հայ ժողովրդի առաջ` ելույթներ է ունենում, ուրիշներին մեղադրում կատարվածի մեջ: Չի պատժվում, անեծքի  չի արժանանում: