Ինչո՞ւ մենք չենք կարողանում լիարժեք հանգստանալ. Արմեն Աշոտյան

Ինչո՞ւ մենք չենք կարողանում լիարժեք հանգստանալ. Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Տոների մեջ ավելի շատ հոգի դրեք, քան փող, և ամեն ինչ ավելի լավ կլինի:

Ինչո՞ւ մենք չենք կարողանում լիարժեք հանգստանալ, ուրախանալ և վայելել տոներն ամբողջությամբ: Մեր բոլոր ուրախությունների մեջ դրոշմվում է հոգսը, ձևը, ներվը:

Ծնունդ, Նոր տարի, կնունք հաճախ վերածվում են նյարդերի կծիկի, որի մեջ խճճվում են «ամեն ինչ հասցնեմ», «փողս քիչ է, պարտք անեմ», «մի բան պակաս չլինի», «բա ընկերներս/բարեկամներս/հարազատներս/այլմոլորակայինները ինչ կմտածեն», «մեքենան որտեղ կանգնացնեմ», «նույն շորը չհագնեմ՝ արդեն տեսել են. և այլ ներվ կրծող, գլխուղեղում խավարասերների խաչասերումից ծնված և այլոց աչքի և խոսքի համար ապրելու գերնպատակից առաջացած բարդույթները:

Նվերը կարող է լինել սիմվոլիկ, փոքր, բայց հոգով և սրտով, սեղանը՝ համեստ, բայց համեղ ու ընտանեկան:

Արհեստականորեն բարդացված, դրսի համար կազմակերպվող, պարտքերով ու ջղայնությամբ համեմված ուրախությունը լիարժեք լինել չի կարող, երջանկության զգացողություն պարգևել չի կարող, խաղաղացնել չի կարող:

Վայելեք կյանքը, ինչպիսին որ կա, եղեք բնական, մերժեք պայմանականություններն ու ձևականությունները, տոների մեջ ավելի շատ հոգի դրեք, քան փող, և ամեն ինչ ավելի լավ կլինի:

Հ.Գ. 23.12.2016-ին գրածս, ցավոք, տեղին է նաեւ այսօր»։