Հայաստանին պետք չէ հզոր բանակ, պետք է նորմալ քաղաքականություն վարել

Հայաստանին պետք չէ հզոր բանակ, պետք է նորմալ քաղաքականություն վարել

Իլհամ Ալիեւը Բաքվի ռազմական շքերթի ժամանակ հայտարարեց, որ Երեւանը, Զանգեզուրը, Սեւանը ադրբեջանական տարածքներ են, նրա թուրք եղբայրը՝ Ռեջեփ Թայիբ Էրդողանն էլ խոսեց Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության «6-ի պլատֆորմ» ստեղծելու մասին․ Ադրբեջան, Թուրքիա, Վրաստան, Իրան, Ռուսաստան, իսկ Հայաստանի համար էլ դռները բաց են, եթե ցանկանա։ Նույն օրը պրոարեւմտյան ուժերը սկսեցին շեփորահարել, թե շուտով հայ-թուրքական սահմանը կբացվի։  

Սա ասում է այն պետության ղեկավարը, որի ղեկավարած պետության բանակը Ցեղասպանությունից հարյուր տարի անց նորից փորձել է իրականացնել ցեղասպանական ծրագիր։ Իհարկե, միայն Լարսով մեկ ճանապարհ ունեցող Հայաստանը եթե ուզում է զարգանալ ու չվերածվել կույրաղիքի, մի օր պետք է մտածի հաղորդակցության ուղիների բացման մասին, բայց դա ո՛չ Արցախի ու մեր արժանապատվության հաշվին։ Մի փոքր պատմական էքսկուրս անենք՝ հայ-թուրքական հարաբերությունների պատմությունից։  

Թուրքիան առաջին պետություններից է, որը ճանաչել է Հայաստանի անկախությունը, չնայած Հայաստանը շրջափակելով՝ հետագայում սկսեց հանդես գալ նախապայմաններով։

Քաղավիացիայի կոմիտեի նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանը, որը 95 թվականին Անկարայում հայ-թուրքական միջգերատեսչական հանձնաժողովի կազմում, Հայաստանի ու Թուրքիայի դրոշների ներքո ստորագրել է սահմանի բացման միակ միջկառավարական համաձայնագիրը, հիշում է․ «Այն ժամանակ հարաբերությունները, ոնց ասեմ․․․ նորմալ էին։ Ճիշտ է՝ չունեինք դիվանագիտական հարաբերություններ, բայց շփումները նորմալ էին։ Ինչ վերաբերում է սահմանների փակմանը, այն ժամանակ Արեւմուտքն ուժեղ ճնշում էր գործադրում, որ իրենք սահմանները բացեն։ Արեւմուտքի ճնշման տակ օդային սահմանները բացվեցին, եւ բացվեց նաեւ Երեւան-Ստամբուլ չվերթը։ Եթե հիշում եք, Թուրքիան այն ժամանակ ձգտում էր դառնալ Եվրամիության անդամ, եւ Արեւմուտքի լծակներն այն ժամանակ ուժեղ էին։ Ու էս փասիանսի մեջ այն ժամանակ մեզ հաջողվեց որոշակի բաներ անել՝ Թուրքիայի հետ կապված։ Ամեն ինչ գնում էր նրան, որ դիվանագիտական հարաբերություններ էլ ստեղծենք»։ 

Նշենք, որ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ժամանակին հայտարարում էր, որ մեր փրկությունը թուրքերի արեւմտյան էքսպանսիան է, հենց շրջվեն դեպի Արեւելք, լինելու է այն, ինչ եղավ։ «Բայց մենք ի՞նչ էինք անում, ամեն գնով տարիներ շարունակ  խոչընդոտում էինք Թուրքիային, որ ԵՄ-ում ընդգրկվի։ Սա սկսեց գիտակցել Սերժ Սարգսյանը՝ վերջում»,- իր վերջին հարցազրույցներից մեկում հայտարարել էր Բագրատյանը։ Իսկ հեռավոր 93 թվականին, պարզվում է, մեկ օրով բացվել է Կարս-Գյումրի երկաթգիծը։ Այդ օրը Թուրքիայի միջոցով ստացվել է Եվրոպայից ու Սիրիայից Հայաստան ուղարկված հացահատիկ, քանի որ ընդամենը 2 օրվա պաշար է մնացած եղել երկրում։ Շահեն Պետրոսյանը հիշում է` կային թուրքական նախապայմաններ, բայց Ղարաբաղը հանձնելու մասին այն ժամանակ խոսք չկար։ 

«Դա փուլայինի ժամանակ էր, իրենք ասում էին՝ եկեք, բարի կամք դրսեւորեք, մի շրջան ու մի քանի գյուղ տվեք, մենք սահմանը կբացենք։ Ցամաքային։ Օրինակի համար եմ ասում։ Նույնիսկ այս խոսակցությունը կար։ Ու ասում էին՝ հա, կողմնակից ենք, որ միջազգային իրավունքի տեսանկյունից խնդիրը պետք է լինի Մինսկի խմբի շրջանակներում, բայց մենք պարտավոր ենք տարածքները վերադարձնել»,- ասաց Շահեն Պետրոսյանը։ Նա ասում է, որ ամեն ինչ բավականին լավ էր ընթանում մինչեւ 97 թվականը, բայց հետո եկան «հայտնի ուժերը», Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ սկսեցին պահանջատիրական շեշտադրումներ մտնել, թուրքերը նորից թշնամացան։ Թեպետ Շահեն Պետրոսյանը, հետադարձ հայացք նետելով այդ տարիներին, վստահ է, որ այդ հարցում կար մեկ ոչ պակաս կարեւոր՝ ռուսական գործոնը։ Այն, որ ռուսական կողմը բավականին խանդով էր վերաբերվում Հայաստանի՝ անկախ քաղաքականություն վարելուն ու խոչընդոտում էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ «Դա էլ կար, խոչընդոտում էին ռուսները, թուրքերն էլ էին ասում՝ գիտեք, ձեր սահմանի վրա ռուսական դրոշն է, մենք ո՞ւմ հետ խոսանք։ Ու էդ եռակողմ բանը չեղավ, որ մենք կարողանայինք, ռուսերեն ասած՝ всем угодить»։   

Արդյունքում, Շ․ Պետրոսյանի խոսքով, ՌԴ-ն Հարավային Կովկասի երեք հարեւանների նկատմամբ էլ ճնշման լծակներ ունի։ Վրաստանի դեպքում Օսիան ու Աբխազիան են, Հայաստանի՝ այն, ինչ մնացել է Արցախից, իսկ Ադրբեջանի՝ իր տարածքում ռուսական բազան։ ՀՀ քաղավիացիայի նախկին պետի խոսքով՝ պետք չէ վախենալ եւ առավել եւս տարածել տրամադրություններ, թե «Թուրքիան հեսա կհարձակվի, Զանգեզուրը կվերցնեն․․․»։ Նկատեցինք, որ Բաքվի ռազմական շքերթին այդ մասին հայտարարեցին ամենաբարձր մակարդակով։ Պետրոսյանն ասում է․ «Հա, ի՞նչ, թող խոսեն, մենք էլ որ էն ժամանակ Բաքուն ու Գյանջան էինք վերցնում․․․ մեզ մոտ էլ էդ հոխորտանքները կային՝ Գյանջան կվերցնենք, Քուռ-արաքսյան հանրապետություն կստեղծենք, ու նման հիմարություններ։ Հայաստանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն պատերազմ հայտարարել է, իսկ պատերազմ հայտարարելը դատապարտվելու է ողջ աշխարհի կողմից, եւ ոչ ոք նման բան թույլ չի տա, անգամ եթե Հայաստանը բանակ չունենար։ Որովհետեւ էս բանակը, որ էսքան տարի կար․․․ ոնց ասեմ՝ 80-ականների բանակն էր։ Աշխարհը հիմա առաջ է գնում, իսկ մենք մնացինք ռուսական «աբոզի» կարգավիճակում, ռուսական չօգտագործված, հնացած զենքերը բերում են ստեղ՝ փորձարկման։ Փորձարկումն էլ ցույց տվեց, որ ավելի լավ է այդ զենքը մենք չունենայինք»։ 

Շահեն Պետրոսյանը կարծում է՝ ոչ, Հայաստանին պետք չէ հզոր բանակ, պետք է նորմալ քաղաքականություն վարել։ «Ոչ թե հույսներս դնենք հզոր բանակի վրա։ Ռեւանշիզմը նոր  արկածախնդրություն է լինելու մեր գլխին։ Ես ո՛չ վազգենական եմ, ո՛չ նիկոլական, երկուսն էլ ինձ համար նույնն են, որովհետեւ նրանք էլ են ոչմիթիզհողական, նրանք էլ, ու էս արկածախնդրությունը բերեց պատերազմի ու մեր կորուստների։ Իսկ մենք կարող էինք մեր Արցախի տարածքները գոնե պահպանել»։